ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է անչափահաս աղջկա սպանության շարժառիթը, հանգամանքները. Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Ա.Խոջայանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։
Հունիսի 24-ին՝ ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1999թ. ծնված անչափահաս բնակչուհին, ով, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 24-ին, անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա.Խոջայանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղևորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից և միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ և սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։
Քննությամբ պարզվել է, որ Ճանապարհին նրանց միջև անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Խոջայանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և հարցաքննվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ա.Խոջայանի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։