ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս է ցուցադրում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Կարելի է կարծել, որ երկու նախարարներն էլ խրախուսում են հայկական արտադրանքի իրացմանը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

Հայկուհի Մարտիրոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն.
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք:
3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
4. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք:
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:
6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները:
7. ՀՀ ազգային հերոսները:
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք:
9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դրամական օգնության իրավունք ունեն նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:

Լաուրա Հասրաթյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:




Լրահոս