ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «Ժողովուրդ»-ի դեմ հետապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործողություն էին կազմակերպել` փորձելով մեր օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄԻՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն:
Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի ազատությունից զրկելու գործընթացը, ապա շարքային քաղաքացիների դեպքում խնդիրը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ: Ոստիկանները, ռազմական ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները ամենատարբեր կիսագրագետ քննիչների կողմից կայացրած կամայական որոշումները ձեռքներին մտնում են մարդկանց տները եւ գիշերանոցով բերման ենթարկում` առանց հստակ կարգավիճակի: Այսինքն` առանձին պաշտոնյաներ պետական կառույցներին շարունակում են վերաբերվել որպես իրենց բոստանի եւ տարիներ շարունակ պաշտոնեական դիրքն օգտագործում են՝ անձնական խնդիրներ լուծելու, իրենց թալանին խանգարող անձանց չեզոքացնելու համար: Մեզ թվում էր, թե ապրիլյան պատերազմը զգաստացրել է գոնե պաշտպանական գերատեսչության աշխատակիցներին, նրանց հղփացած կերպարները գուցե վերափոխվեն, բայց ոչ: Նույնիսկ քառօրյա պատերազմից նրանք դաս չեն քաղել: Ու Հայաստանը շարունակում է մնալ կոռումպացված պաշտոնյաների վերահսկողության տակ գտնվող երկիր:
Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում նախատեսված է եռակողմ՝ Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիեւ եւ Վլադիմիր Պուտին, հանդիպումը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանը փորձում է անձամբ վերսկսել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները: Արդյոք Վլադիմիր Պուտինին կհաջողվի այս գործում կոնկրետ ինչ-որ առաջընթաց արձանագրել, ցույց կտա ժամանակը: Ու թեեւ այս հանդիպումը եւ բանակցությունները պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո չեն անցկացվում, այնուամենայնիվ, ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ անհամբեր սպասում է երկուշաբթի կայանալիք հանդիպմանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման հարցող Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցելու է հանդիպմանը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն դեմ չէ, որ ՌԴ-ն կողմերին վերադարձնի առարկայական բանակցությունների սեղանի շուրջ:
ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատմությունը այդպես էլ հստակ չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են բժշկական կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ խոսքը մոտ 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է: Այս պատմության մեջ, սակայն, ամենակարեւոր եւ մինչ օրս չպարզաբանված հանգամանքը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի դերակատարության հարցն է: Ինչպես հայտնի է՝ քրեական գործի հիմքում ընկած չարաշահումները տեղի են ունեցել 2012-ից 2014 թվականներին, այսինքն՝ Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման շրջանում: Արդյոք նախարարը տեղեկացված չի եղել, թե իր ղեկավարմանը հանձնված գերատեսչությունում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում: Նման տարբերակը քիչ հավանական է: Ուստի առաջիկայում Սերժ Սարգսյանը կորոշի նախկին նախարարին գովազդային նպատակներով զոհե՞լ, թե՞ պահել՝ գալիք ընտրություններում «օգտագործելու» համար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան ժամանած օտարերկրացիներից «զբոսաշրջիկ» որակավորման ենթակա անձանց թիվը կազմել է 252 հազար 500 մարդ: Իբրեւ զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով եւ մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր: Ի դեպ, Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները՝ մոտ 68 հազար հոգի, մեր երկիր այցելած Իրանի քաղաքացիների թիվը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 58 հազար 600 մարդ: ԱՄՆ քաղաքացիների թիվը զբոսաշրջիկների թվակազմում երրորդն է՝ մոտ 27 հազար հոգի: Հարկ է նշել, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանածների թիվն ընդհանուր կազմել է 37 հազար հոգի:
ԱՂՈԹԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ պտուղբանջարեղեն արտահանող եւ վերամշակող ընկերությունների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե այս տարի առատ բերք է սպասվում, եւ հորդորել է վերամշակող ընկերություններին միջոցներ ձեռնարկել մթերման աշխատանքները սահուն եւ ժամանակին կազմակերպելու ուղղությամբ։ Իհարկե, նախարարի այս հայտարարության մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե հիշում ենք, թե ինչ եղավ անցած տարի, երբ Կարապետյանը ճիշտ նույն՝ առատ բերքի մասին կանխատեսումներից հետո խոստացավ, որ մթերող կազմակերպությունները կընդունեն գյուղացիների ողջ բերքը, ակամայից մտահոգիչ սպասումներ ենք ունենում: Անցած տարի թե՛ խաղողագործներին, թե՛ բանջարեղենի, մասնավորապես՝ վարունգի եւ սմբուկի մշակությամբ զբաղվողներին նախարարը խոստացավ, որ նրանց աճեցրած ոչ մի կիլոգրամ բերք դաշտում չի մնա, սակայն մենք տեսանք տոննաներով դաշտերում կիտված վարունգի եւ սմբուկի բուրգեր, որոնք աճեցրած գյուղացիներն անգամ իմաստ չէին տեսնում հասցնել մինչեւ մթերող գործարաններ. դրա դիմաց վճարվող գումարն ավելի քիչ էր կազմում, քան տեղափոխման ճանապարհածախսը: Դե, իսկ խաղողի դեպքում էլ իրավիճակը ուղղակի տրագիկոմիկ է. մարդիկ արդեն նոր բերքահավաքի շեմին են, սակայն մինչ օրս չեն ստացել նախորդ տարվա բերքի դիմաց գումարները:
Եվ այս իրավիճակում խոսել բերքի մթերման արդյունավետ գործընթացի կազմակերպման մասին, ուղղակի լուրջ չէ: Ավելին՝ դա պարզապես անհնար է, քանի որ նույն այդ մթերող կազմակերպությունները, եթե հնարավորություն ունենային, ժամանակին կանեին վճարումներն ու մարտ ամսից սկսած՝ ամեն շաբաթ խաղողագործները չէին հավաքվի կառավարության առջեւ՝ պահանջելով իրենց գումարները: Հունիսի 1-ի դրությամբ խաղող մթերող ընկերությունների պարտքը գյուղացիներին դեռ կազմում էր 1,6 միլիարդ դրամ: Այսպիսով՝ ինչ է ստացվում. մի կողմից տուժում են գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրեց աճեցրած բերքը, իսկ այն չնչին գնով մթերողներին հանձնելու դեպքում էլ ամիսներով սպասում են գումարի վճարմանը, մյուս կողմից էլ տուժում են մթերողները, քանի որ նրանք կառավարության հորդորով, իսկ իրականում՝ ճնշմամբ, ստիպված են լինում ընդունել իրենց անհրաժեշտ չափաքանակից ավել բերք, որի դիմաց վճարելու համար հարկադրված են լինում նոր վարկեր վերցնել:
Որն է այս իրավիճակից ելքը. այն շատ պարզ է, սակայն դժվար իրագործելի՝ հատկապես մեր անգործունակ իշխանությունների դեպքում: Ելքը ԵՏՄ միասնական շուկայում հաստատվելու ուղղությամբ տեղական արտադրողներին պետական հզոր աջակցության ծրագիրն է, որպեսզի մեր մթերողները հնարավորություն ունենան ավելացնել իրենց արտադրանքի արտահանման ծավալները, եւ այդ դեպքում նրանք իրենք շահագրգիռ կլինեն հնարավորինս շատ խաղող, դեղձ կամ սմբուկ մթերել, այլ ոչ թե դա կանեն հարկադրված՝ կառավարությունից արված զանգերով: