ԻՆՉՈՒ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե գոնե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է որ վերջապես վերանայվի բանակում չծառայած փափկասուն երիտասարդներին բարձր պաշտոնների նշանակելու քաղաքականությունը: Ցավոք, վերջին նշանակումները հակառակը ցույց տվեցին:
Արդյոք ապրիլյան պատերազմի հաջորդող օրերին բոցաշունչ ելույթներ ունեցող ԱԺ պատգամավորները չեն պատրաստվում այս առնչությամբ որեւէ օրենսդրական նախագծով հանդես գալ` փորձելով խնդրին նոր կարգավորում տալ: Այս հարցը փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում շարունակում են բարձր պաշտոններ ստանալ այն անձինք, ովքեր բանակում չեն ծառայել:
-Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը նման անօրինական ճանապարհով կամ չգիտեմ ինչ ճանապարհներով… եթե հիվանդություն է, կամ երեխա ունենալու պատճառով է. դրանք պետք է ուսումնասիրվեն, այլ բան է, եթե խուսափել է բանակից: Եթե չի ծառայել, ապա պետք է պարզել՝ ինչ պատճառով: Գուցե նա զինվորական ամբիոնում է եղել, որը ավարտելուց հետո ստանում է սպայի կոչում, եղել է հիվանդության պատճառով, ամուսնացած է, երկու երեխա է ունեցել, այդ պատճառով, ասպիրանտուրայի տարկետմամբ՝ գիտությունների թեկնածու է եղել, տարբեր պատճառաբանություններ կան, առանց ուսումնասիրելու պետք չի ասել՝ չի ծառայել: Իմ կենսագրականում էլ մի հատ բացթողում էր եղել, որ չէին նշել՝ պահեստի սպա, սկզբում սկսեցին շահարկել, հետո, բնականաբար, լռեցին, քանի որ կենսագրականը նորմալ լրացվեց:
-Այնուամենայնիվ, չեք կարծո՞ւմ, որ անհրաժեշտ է այս հարցին լրացուցիչ օրենսդրական կարգավորումներ տալ:
-Օրենքի դաշտում կա, թե չծառայածները որ պոստերում իրավունք չունեն աշխատել. ուժային կառույցներ, հարկային մարմիններ, եթե նկատի ունեք ընդլայնել, կարելի է քննարկել:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ինչպես եք վերաբերվում այն իրողությանը, որ մեզանում շարունակում են բարձր պաշտոնների նշանակել բանակում չծառայած անձանց: Չեք կարծում, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այս հարցում պետք է փոքր-ինչ այլ քաղաքականություն տարվեր:
-Եթե ցանկանում ենք երկիր ստեղծել, որտեղ օրենքը հարգվում է, օրենքը կատարվում է, կյանքի է կոչվում, այն, ինչ օրենքով թույլատրված է, դրան չես կարող մեղադրանք ներկայացնել, պետք է ներկայացնես մեղադրանք, որ օրենքը լավը չի, եւ պետք է փոխես: Բայց եթե դու չունես որեւէ փաստ՝ մեղադրելու, որ այդտեղ եղել է այլ կոռուպցիոն ռիսկերի խնդիրներ, այդտեղ պետք է հարգես անմեղության կանխավարկածը: Մենք երկու տարի առաջ դրա շուրջ փորձեցինք նախագծով առաջ գնալ, բայց քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ մարդիկ փորձում են այլ արգոմենտներով բերել խնդիրներ, հետո, երբ որ ստացվում է այլ արդյունք, էլ չեն ցանկանում վերադառնալ դրան՝ ասելով, որ գիտությունն է տուժելու: Ինչու ենք ի սկզբանե ձեւավորել մի իրավիճակ, որտեղ կա մոտեցումը, թե ծառայած երիտասարդն այլեւս գիտությամբ չի ցանկանա զբաղվել: Ես դրան համաձայն չեմ: Եթե գիտությանը նպաստեք, ֆինանսավորեք գիտությունը, գումարներ հատկացնեք, կտեսնեք՝ ոնց են իրական մարդիկ, ովքեր գիտությամբ են ցանկանում զբաղվել, ունեն այդ ունակություններն ու պոտենցիալը, եւ դա իրենց տեսլականն է, ոնց են իրենք զբաղվելու եւ անելու:
-Դուք՝ որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, այս կապակցությամբ չեք պատրաստովում որեւէ կարգավորող օրինագիծ ներկայացնել:
-Հիմա կառավարությունը մշակում է, կբերի տարբերակը, ասել են մեկ ամսից, բայց մեկ ամսից հետո արդեն երկրորդ ամիսն է անցնում… վերջին նորությունները լսեցինք, որ փորձել են առաջին նախագիծը կառավարությունում քննարկել, եղել են կարծիքներ, որ լավը չի, ուղարկել են մեկ շաբաթ վերամշակելու համար, մեկ շաբաթից կներկայացնեն, կտեսնենք, ցավում եմ, որ այսքան ձգձգվում է: Եւ հուսով եմ, որ նախագիծը երբ որ լինի, այսպես թե այնպես, գալու է Ազգային ժողով, եւ բացի դրանից՝ նաեւ կարող են հրավերներ անել քննարկման համար, ինչպես որ խոստացել են: Իսկ եթե նախագիծը մտավ Ազգային ժողով, ապա ցանկացած պատգամավոր իրավունք է ունենալու քննարկել լիագումարի նիստին, հանձնաժողովի նիստին, եւ այդպես քննարկումները կգնան:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»-Ը ԳՆՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Նոր կուսակցության ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ, ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու նրա համախոհներն են` հիմնականում ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր 2015թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո փաստացի օտարվեցին ԲՀԿ-ից:

Երեկ կայացած համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Օսկանյանը, իսկ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը դարձան փոխնախագահներ: Կուսակցության ղեկավար կազմում են նաեւ Վահե Հովհաննիսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը եւ այլք:
Օրվա անակնկալը, թերեւս, համագումարին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայությունն ու նրա` «Համախմբում» կուսակցության անդամ դառնալն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին պաշտպանը նշեց, որ որոշել է միանալ կուսակցությանը, քանի որ այն գաղափարապես իրեն հարազատ է թվում:
«Վերջին տարիների աշխատանքի ժամանակ պարզ դարձավ, որ առանց քաղաքական թիմի հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որոնց մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնում, նույնիսկ բղավում էի», – նշեց նա: Անդրեասյանի խոսքով՝ «Համախմբում» կուսակցությունը պետք է ձգտի հասնել իշխանափոխության՝ այդ ճանապարհին չբացառելով նաեւ փողոցային պայքարի տարբերակը: «Այս կուսակցության նախաձեռնող խմբի մարդկանց ես տեսել եմ վերջին տարիների իմ աշխատանքում: Նրանց մեծ մասին ծանոթ եմ եւ համարում եմ պարկեշտ ու ազնիվ մարդիկ: Եվ ուզում եմ իմ ցանկությունները, երազանքները՝ երկրի հետ կապված, իրականացնել ազնիվ մարդկանց հետ», – հավելեց Անդրեասյանը: Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանը եւս հայտարարեց, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է:
Օսկանյանն իր ելույթում խոսեց սոցիալական արդարության, տնտեսության, արտաքին քաղաքական խնդիրների մասին եւ նշեց, որ դրանք փոխելու համար է, որ «Համախմբում» կուսակցությունն այսօր հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու եւ հաջորդ տարիներին երկրի ապագան կերտելու համար: «Համախմբումը» ավելի շուտ վերկուսակցական կառույց է լինելու, ժողովրդական շարժում է լինելու, եւ մենք փորձելու ենք իսկապես համախմբել մեր ողջ հանրությանը: Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ անխտիր՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատների, որոնք իրենք ցանկություն ունեն երկրում տեսնել իշխանափոխություն»,- արդեն լրագրողների հետ զրույցում ասաց Օսկանյանը:
Իսկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, թե հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո կարծում է, որ վաղվա օրն ավելի վտանգավոր է դառնում: «Ժողովուրդ»-ի հարցին` ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածից հետո մտավախություն չկա՞, որ Օսկանյանը եւս կարող է վերջին պահին թողնել ամեն ինչ, Եղիազարյանը պատասխանեց. «Եթե մեր ճակատագիրն այնպիսին է, որ կարող են մարդկանց դուրս հանել եւ դուրս գալ պայքարից, դա տգեղ երեւույթ է: Ես չեմ հավատում, որ Վարդան Օսկանյանն այդ ճանապարհով կգնա»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՊՐԵՄԻՈՒՄ ԲԵՆԶԻՆ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Ֆլեշ» ընկերության հետ բենզին գնելու նպատակով: Ըստ այդմ՝ մարզպետարանը գնել է 3 հազար 750 լիտր պրեմիում տեսակի բենզին, որի համար վճարել է 1 մլն 443 հազար 750 դրամ եւ 4 380 լիտր ռեգուլյար տեսակի բենզին՝ վճարելով 1 մլն 598 հազար 700 դրամ: Ի դեպ, բենզինի գնման նպատակով մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել է միայն «Ֆլեշ»-ը եւ ինքն իրեն էլ «հաղթել»: Այսպիսով՝ Արմավիրի մարզպետարանն ընթացիկ տարվա համար գնել է 8130 լիտր բենզին՝ պարտավորվելով վճարել 3 մլն 42 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մարզպետարանը ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինը «Ֆլեշ»-ից գնել է 365 դրամով, իսկ պրեմիում տեսակը՝ 385 դրամով:

 

 

ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Թաղային հեղինակություն համարվող Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո մականունով, իր որդու հետ միասին մեղադրվում էր մարդ առեւանգելու մեջ: Մեկ տարի տեւած քննությունից հետո Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայր եւ որդի Գրիգորյաններին դատապարտել էր ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ավետիս Գրիգորյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը:

 

 

ԵՎՍ ՄԻ «ԿՏՐՎԱԾ» ՊԱՇՏՈՆՅԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մինասյանը եւս վերջերս մասնակցել է փաստաբանական դպրոցի որակավորման քննությանը, սակայն չի կարողացել այն հաղթահարել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս եւս մեկ հնարավորություն է տրված որակավորման քննությունը վերահանձնելու եւ փաստաբանի արտոնագիր ստանալու համար: Այսինքն՝ դատաիրավական ոլորտի ոչ միայն նախկին այլ նաեւ գործող պաշտոնյաներն են ձգտում փաստաբանի վկայական ստանալ: Այլ կերպ ասած՝ չեն սպասում մինչեւ գործազուրկ կդառնան, նոր իրենց «գլխի ճարը կտեսնեն», ի սկզբանե նախապատրաստվում են: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ անդրադարձել էին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լեւոն Ավետիսյանի՝ փաստաբանի որակավորման քննություններից կտրվելու պատմությանը: Ի դեպ, նախկին դատավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե իր «կտրվելու» պատճառը ոչ թե գիտելիքի պակասն էր եղել, այլ համակարգչի վատ իմացությունը:




Լրահոս