ՀՀ քաղաքացիներն ամեն օր պարբերաբար բախվում են Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրվող ապօրինությունների հետ, սակայն լրագրողների դեպքում դրանք հազվադեպ են լինում: Նման բան սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրատվամիջոցի որեւէ հրապարակում այն աստիճան է խոցում իրավապահ համակարգի կամ որեւէ այլ գերատեսչության ղեկավար պաշտոնյային, որ վերջիններս իրականության ընկալումը կորցնելով` սկսում են անօրինական հրահանգներ տալ:
«Ժողովուրդ»-ի հունիսի 11-ի համարում լուjս էր տեսել մի հրապարակում, որում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գործերի վարչության վարույթում քննվող մի քրեական գործի վերաբերյալ տվյալներ էին հրապարակվել: Խնդրո առարկա քրեական գործը առնչվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի անձի հետ, քանի որ ՊՆ նախկին պաշտոնյաններից մեկը, որը ներկայումս կալանքի տակ է, պնդում է, որ իր դեմ հետապնդումը հենց նրա հրահանգով է սարքվել: Ինչեւէ, հրապարակման համար հիմք էին հանդիսացել փաստաբանների պատմած եւ ներկայացրած փաստերը: Ավելին՝ բոլոր այդ փաստերը նույն ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հայտնի են, քանի որ փաստաբանները դրանց մասին բարձրաձայնել են եւ բողոքներ են ներկայացրել:
Հրապարակումից երեք օր անց «Ժողովուրդ»-ը ստացավ ՀՀ ՔԿ քննիչ Գեւորգ Խաչիկյանի գրությունը, որը հասցեագրված էր խնդրո առարկա նյութի հեղինակին` լրագրող Քնար Մանուկյանին: Իսկ գրության մեջ բառացի գրված էր. «Առաջարկվում է Ձեզ 2016 թվականի հունիսի 15-ին, ժամը 10.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ …. թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար»: Ուշադրություն դարձրեք, ոչ մի խոսք այն մասին, թե լրագրողը որպես ինչ է հրավիրվում քննչական կոմիտե, նա վկա է, տուժող, կասկածյալ, մեղադրյալ, թե արդեն դատապարտյալ է, բայց չեն ասում, որ մեր տրամադրությունը չփչացնեն: Ինչեւէ, ՔԿ քննիչին պատասխան գրությամբ պարզաբանեցինք, որ Քնար Մանուկյանն իրենց մոտ կարող է ներկայանալ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն է՝ կոնկրետ կարգավիճակով: Թվում էր, թե ՔԿ ղեկավարությունը եւ նրա քննիչներն այսքանից հետո պետք է, որ ուշքի գային ու իրենց գործողությունները տեղափոխեին իրավական հարթություն: Սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր պաշտոնյաների իրավական գիտակցության վերականգնման հարցում մեր լավատեսությունը չհիմնավորված էր:
Երեկ՝ վաղ առավոտյան, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք այցելել են Քնար Մանուկյանի բնակարան եւ ցանկանում են նրան բերման ենթարկել ՔԿ: Բարեբախտաբար «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները ժամանակին հասան «դեպքի վայր» եւ ՌՈ աշխատակիցներին թույլ չտվեցին իրենց ապօրինի գործողություններն ավարտին հասցնել: Այսինքն՝ ռազմական ոստիկանությունը միանգամից մի քանի ապօրինություն էր թույլ տվել. առանց օրինական հիմքի ցանկանում էր լրագրողին ապօրինի բերման ենթարկել: Մյուս կողմից՝ ռազմական ոստիկանությունը կոպտորեն խախտել էր ՀՀ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքը, որի 7-րդ կետի 3-րդ ենթակետը այդ կառույցին թույլ չի տալիս զորամասերից դուրս հետաքննական գործողություններ կատարել` առանց ՀՀ ոստիկանության ուղեկցության:
Այս պատմության մեջ, սակայն, տարօրինակն այն չէ, որ զինվորական քննիչը կարող է իրեն նման ապօրինություն թույլ տալ` առանց կարգավիճակի փորձելով լրագրողին բերման ենթարկել: Տարօրինակ չէ նաեւ այն հանգամանքը, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները փորձում էին իրագործել քննիչի ապօրինի որոշումը: Նրանք բոլորը ուղղակի եւ անուղղակի կախվածության մեջ են ՀՀ պաշտպանության նախարար Սերգեյ Հայրապետովից ու իրենց գործողություններով հաստատ փորձել են նրան հաճոյանալ, բացառված չէ, որ հենց նա էլ վերջիններիս ինչ-որ «հանձնարարություն» տված լինի:
Տարօրինակն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն, ասել է, թե այդ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանը, փորձում է քողարկել վերը նկարագրված ապօրինությունը: Բանն այն է, որ երեկ երեկոյան ՔԿ-ն տարածեց մի հաղորդագրություն, որի հեղինակները փորձել էին տեղի ունեցածն ամբողջությամբ աղավաղել` ստելով, թե իբր քննիչը լրագրողին որպես վկա է հրավիրել հարցաքննության: Ի վերջո, իրավական խնդրի հետ գործ ունենք, քննիչի ծանուցագիրն էլ գրավոր փաստաթուղթ է, եւ այնտեղ գրվածն էլ ոչ մի հայտարարությամբ հնարավոր չէ փոխել: Քննիչը լրագրողին առաջարկել է գնալ հարցաքննության` առանց նրա կարգավիճակը հստակեցնելու: Սա փաստ է, եւ այլեւս անհնար է ժխտել:
Իհարկե, Աղվան Հովսեփյանն իր կենսագրության ընթացքում հարյուրավոր, գուցե նաեւ հազարավոր գործեր է սարքել, բայց այն փաստը, որ նա այսպիսով փորձում է Սեյրան Օհանյանի «ախրանիկին» հաճոյանալ, նույնիսկ իր դեպքում չափից ավել ցածր է, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ սիրուն չի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է
Ինչպես հայտնի է՝ նախօրեին խորհրդարանում ներկայացած վեց խմբակցություններից հինգը՝ իշխանական ՀՀԿ-ն եւ ՀՅԴ, ոչ իշխանական ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ու ՕԵԿ-ը ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոխհամաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդմ, կողմերը պայմանավորվեցին, թե ընտրությունների քվեարկության ընթացքը ինչպես պետք է կազմակերպվի: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամից պարզել, թե արտախորհրդարանական այս քաղաքական ուժն ինչպես է վերաբերում փոխհամաձայնագրի ստորագրմանը, ի պատասխան՝ նա ասաց. «Մեր դիրքորոշումը մեծ հաշվով չի փոխվել: Կողմ ենք, որ հրապարակվեն ընտրացուցակները: Ընտրություններում նոր կամ հին օրենսգրքով չեն հաղթում, կարեւորը քաղաքացու ձայնը պահպանվի: Իսկ ինչ վերաբերում է 4+4+4 ֆորմատին, մենք շատ թերահավատորեն ենք մոտենում դրան»:
ՏՄՊՊՀ-Ի ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 64 մլն դրամ եւ 112 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ ՏՄՊՊՀ անդամը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 606 հազար դրամ: Նա իր պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է նաեւ իր անշարժ գույքը. հասարակական նշանակության չորս հատ շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), մեկ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս եւ մեկ բնակարան: Նա ունի նաեւ 6 հազար 660 ռուբլի արժեքով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է նաեւ 7 մլն ռուբլի եւ 54 հազար 814 դոլարի փոխառություններ:
ՊՂԻՆՁԸ ԿՐԿԻՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պղնձի միջազգային գները շարունակել են նվազել, երեկվա դրությամբ պղնձի 1 տոննայի միջազգային գինը եղել 4 հազար 525 դոլար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում պղնձի միջազգային գինն անընդհատ նվազում է: Այս տարվա սկզբին այն իջավ մինչեւ 5 հազար դոլար: Վերջին մեկ ամսում պղնձի գները տատանվում էին 4 հազար 700-ից 5 հազար դոլարի սահմաններում: Սակայն վերջին մեկ շաբաթում գները նորից սկսել են կտրուկ իջնել, միայն երեկ պղինձը միանգամից էժանացել է ավելի քան 100 դոլարով: Ավելին՝ միջազգային փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա առնվազն երկու ամիսներին պղնձի գները շարունակելու են նվազել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի արտահանման մեկ երրորդից ավելին կազմում է հենց պղինձը: Այսինքն՝ այդ մետաղի էժանացումը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի հանքարդյունաբերության, այնպես էլ ողջ երկրի տնտեսության համար:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի երեկվա որոշումներով Աննա Մաթեւոսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Կարեն Մարդանյանը՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։
ԿԱՅՑԵԼԻ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը՝ երեկոյան, Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
ԱՆԴՈՐՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից:
ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԴԱՆԻԱՅՈՒՄ
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Դանիա, որտեղ երեկ հանդիպումներ է ունեցել քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին: Միրզոյանը մասնակցել է Դանիայում Հայաստանի դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
ԿԻՍԱԿՈՆՍԵՆՍՈՒՍ
«Ժառանգություն» կուսակցությունը նոր ԸՕ հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ժառանգությունը», լինելով ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն այդ դեպքում կապահովվեր «մեկ ընտրող-մեկ քվեարկություն-արձանագրություններում մեկ քվե» շղթան: Երեկ ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում»:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ երեկ Գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: