ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան հակամարտության կարգավորման հերթական «ճակատամարտը» նախատեսված է հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Հանդիպման նշանակությունը անհնար է գերագնահատել թեկուզ այն պատճառով, որ հայկական կողմը դրան հարկադրված է մասնակցում: Հարկ է կետ առ կետ վերաիմաստավորել ապրիլյան պատերազմից հետո իրադարձությունների զարգացման տրամաբանությունը` հասկանալու համար, թե ինչպե՞ս հերթական անգամ հայտնվեցինք խաղից դուրս վիճակում:

Դեռեւս ապրիլյան պատերազմից հետո Լավրովի կողմից վերաձեւված կազանյան փաստաթուղթը մերժելիս Սերժ Սարգսյանը խոսեց հայկական կողմի երեք նախապայմանների մասին. հասցեական գնահատականներ, հետաքննության մեխանիզմների ներդրում եւ ուժի կիրառման բացառում: Սարգսյանը հրապարակավ քանիցս հայտարարեց, որ եթե այս ամենը ապահովված չէ, Հայաստանը բանակցային սեղանին նստել չի կարող: Հիշարժան է, որ ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում ստացած մերժումից հետո գնդակը շտապեց նետել արեւմտյան աշխարհամաս` հարցի կարգավորումը դիվանագիտորեն հանձնելով ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիային: Արեւմուտքն էլ վերցրեց իրեն նետված ձեռնոցը: ԱՄՆ պետքարտուղար Քերրի նախաձեռնությամբ կայացավ Վիեննայի հանդիպումը, որին չմասնակցելու կարողություն Սերժ Սարգսյանը չունեցավ: Հետաքրքիր է, որ կոնկրետ այդ փուլում Սարգսյանն ունակ եղավ ռուսներին ոչ ասելու, իսկ ահա ամերիկացիների առաջ չդիմացավ: Վիեննայում, թվում է, հայկական կողմը հաջողություններ արձանագրեց: Տեսագրություններից ակնհայտ էր, որ Ալիեւի համար հանդիպումը հաճելի մթնոլորտում չէր անցնում: Ավելին` Սերժ Սարգսյանը տեսախցիկների առաջ իրեն պահում էր այնպես, կարծես Ադրբեջանին կապիտուլյացիա էր պարտադրվել: Իրերի նման դրության մեջ նվազ դեր չխաղաց նաեւ Լավրովի` Սերժ Սրագսյանի կողքին նստելը, որից հայկական իշխանական քարոզչամեքենան մի արտակարգ իրադարձություն սարքեց:
Ավելի հետաքրքիր է, որ Վիեննայից առաջ Սերժ Սարգսյանի երեք նախապայմանները չէին բավարարվել: Սա հրաշալիորեն հասկանալով` իշխանությունները մի բլեֆ նետեցին, թե իբր Վիեննայում ոչ թե բանակցություններ են ընթացել, այլ կայացել է սոսկ հանդիպում` նախապայմանների բավարարման ուղղությամբ: Չենք բացառում, որ հայկական կողմին նման հավաստիացումներ տրված լինեին, քանզի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող էին մեկնաբանվել որպես հայկական նախապայմանների բավարարում: Առավել ուշագրավ էր Սերժ Սարգսյանի կեցվածքը մայիսի 16-ից հետո, երբ նա օդանավում հայտարարեց, որ Վիեննայի պայմանավորվածությունները պիտի իրականություն դառնան մինչեւ հունիսի հանդիպումը: Այսօր, եթե ուժի չկիրառման հարցում ինչ-որ առաջընթաց կա, այն էլ պայմանավորված արտաքին ուժային կենտրոնների կոնսենսուսով եւ ոչ երբեք հայկական նախապայմանների փաստով, ապա ո՛չ հասցեական գնահատականները, ո՛չ էլ առավել եւս շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումը իրականություն չդարձան: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նման գաղափարները հապճեպորեն չեն գործարկվում, դրանք հետագայում այլեւս մոռացության են մատնվում: Պատճառաբանությունը, թե իբր դրանք ներդնելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, ուղղակի քննադատության չի դիմանում: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան ու Մինսկի խմբի մնացած 6 երկրները այդքան աղքատ են, արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու նրա օլիգարխիան չունեն այդ ֆինանսական միջոցները, որոնց ներդրմամբ հսկայական նշանակության խնդիրներ կկարգավորվեն:
Ինչեւէ, իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հայանպաստ համարել չենք կարող: Խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպման պատասխանատվությունը պաշտոնապես թողել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի վրա: Վերջինս հերթական անգամ միանձնյա դերակատրություն է ստանձնում ԼՂ հարցի կարգավորման գործում: Սա անչափ ռիսկային ու մտահոգիչ իրավիճակ է ստեղծում, երբ հաշվի ենք առնում ռուս-հայկական հարաբերությունների ցածր մակարդակն ու դրա փոխարեն Ադրբեջանի հետ ռազմավարական ու դաշնակցային աստիճանի վերաճող համագործակցությունը: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես այդ երկրի վերջին տարիների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները սկսել են ավելի շատ համընկնել Ադրբեջանի շահերին, ինչը նվազագույնը պիտի մտահոգեր հայաստանյան իշխանություններին: Սակայն այսօր Հայաստանը կրկին առաջնորդվում է հին գործելակերպով, երբ միջազգային վտանգավոր միտումները հետեւողականորեն արհամարհվում են` ողջ երկիրն ու նրա քաղաքացիների անվտանգությունը դնելով աշխարհաքաղաքական կենտրոնների զոհասեղանին:
Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը հայտարարություններ է անում, որոնց հանդեպ պատասխանատվություն չի ցուցաբերվում: Ի՞նչ իմաստ ուներ ողջ աշխարհով աղաղակել, որ մենք բանակցությունների չենք գնա, եթե 3 կետերը չկատարվեն, իսկ դրան հակառակ, օրեր անց գլխիկոր շտապել Վիեննա: Եթե Սերժ Սարգսյանն այդքան ուժ չունի ամերիկացիների ու ռուսների ճնշումներին դիմանալու, ուրեմն ավելի լավ է որեւէ բան չհայտարարի: Այլապես ստացվում է, որ Հայաստանն իրենից ներկայացնում է անվստահելի մի երկիր, որի հայտարարությունները գրոշի արժեք չունեն: Մի՞թե տասնամյակներով բանակցություններ վարողները չգուշակեցին, որ ամերիկացիները, կազմակերպելով Վիեննայի հանդիպումը, վերականգնեցին հակամարտության բանակցային ֆորմատն ու այն կրկին վերադարձրին դրա իրական «տիրոջը»` Ռուսաստանին: Թե՞ կարծում էինք, որ այն օրերի Քերրի-Լավրով գրեթե ամենօրյա շփումներում ԼՂ հարցի քննարկումը Հայաստանի կապույտ երկնքի պատվին էր տեղի ունենում: Ռուսաստանը խափանեց բանակցությունները` Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հնարավորություն ստեղծելով, սակայն մեծ խաղի ամբողջական իրացման անհնարինությունը ռուսներին կրկին հասցրեց ամերիկացիների դուռը, որոնք էլ արեցին իրենց գործը` հակամարտությունը վերադարձնելով Ռուսաստանի գիրկը եւ մեզ գլորելով հին տեղապտույտի հորձանուտը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 7.4 տոկոսով նվազել են: Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլին իրականացվել է 19 մլրդ 736 մլն 500 դրամի շինարարություն, իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 61 մլրդ 884 մլն 600 հազար դրամի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալը 41.5 տոկոսով է նվազել. այն կազմել է 2 մլրդ 109 մլն 500 հազար դրամ: Համայնքների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները 27.4 տոկոսով են նվազել եւ կազմել 166 մլն 600 հազար դրամ: Իսկ, ահա, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 7 տոկոսով են աճել եւ կազմել 827 մլն 100 հազար դրամ: Ասիական Զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 2.9 անգամ աճել են, եւ իրականացվել է 405 մլն 600 հազար դրամի շինարարություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալները այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 անգամ են աճել՝ կազմելով 146 մլն 800 հազար դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված շինարարությունը հունվար-ապրիլին կազմել է 160 մլն 300 հազար դրամ: Սրան զուգահեռ նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլին ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 23.7 տոկոսով նվազել են: Գաջի արտադրության ծավալները եւս նվազել են՝ 62.2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները ՝ 37.7 տոկոսով:

Ս. Հ.

 

 

 
25 ՄԻԼԻՈՆԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ  ՈՍԿԻ ԵՎ ԱՐԾԱԹ
Թուրքիայից եւ Վրաստանից Հայաստան ոսկու, արծաթի մաքսանենգ տեղափոխման դեպքերը բազմաթիվ են: Երբեմն մաքսանենգները չեն կարողանում իրենց ձեռնարկած գործն ավարտին հասցնել: Ահավասիկ նման դեպքերից մեկը: Ռուզաննա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մաքսանենգ ճանապարհով Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա եւ արծաթյա զարդեր տեղափոխելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Վարդան Բեգինյանի հետ, 2015թ. հուլիսի 25-ին Ռաֆայել Հարությունյանի կողմից շահագործվող «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի հետեւի նստարանի նստատեղի տակ թաքցրած, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան են տեղափոխել 314.24 գրամ, 4 միլիոն 477 հազար 920 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր եւ 26350.7 գրամ, 20 միլիոն 986 հազար 860 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի՝ արծաթ եւ ոչ արծաթ մետաղի համադրությամբ զարդեր, որոնք նույն օրը զննությամբ հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ռուզաննա Հովհաննիսյանին եւ Վարդան Բեգինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է հունիսի 17-ին:

 

 

ԸՆԿԵԼ Է ԳԵՏՆ ՈՒ ԿՈՐԵԼ
Տավուշի մարզի Արճիս գյուղի 22-ամյա բնակիչ Արեն Մուսայելյանը հունիսի 16-ին «ՎԱԶ-21-011» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Դեբեդ գետը: Երիտասարդը Այրում քաղաքից մեկնել է երկաթուղային Այրում կայարան, սակայն անփորձ վարորդ լինելու պատճառով երկաթուղային կայարան տանող կամրջի մոտ ընկել է Դեբեդ գետը: Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանն ասաց, որ Արճիսի բնակիչները, Այրում քաղաքի բնակչության կեսը, Զորական գյուղի բնակիչներ, փրկարարներ, ոստիկաններ գետի եզերքով անցնելով՝ որոնում են Արեն Մուսայելյանին: Դեբեդը շատ վարարած է: Ս. Միկիչյանը նշեց, որ Արեն Մուսայելյանին որոնում են Դեբեդի ամբարտակի մոտ, որը ավտոմեքենայի՝ գետն ընկնելու տեղից մոտ 4 կմ ներքեւ է: Մարդիկ են մեկնել Վրաստանի Իմերի բնակավայր, ուր Դեբեդ գետի հունը լայն է: Վերջերս Արճիսի հարեւան Շնող գյուղի մի բնակիչ էր ընկել Դեբեդը, վերջինիս դին գտան Իմերիում: Գյուղապետն ասաց, որ Արեն Մուսայելյանին նախկինում ոչ ոք ավտոմեքենայի ղեկին չէր տեսել, նա հունիսի 16-ին վարել է իր ընկերոջ հոր ավտոմեքենան: Ավտոմեքենայի տերը վերջերս է մահացել: Արեն Մուսայելյանը ամուսնացած չէ, ունի ծնողներ, ուսանող եղբայր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս