ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԻՆՁ «ՄԵՌՑՐԵԼ» ՈՒ «ԹԱՂԵԼ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց էությանը բնորոշ առանձնահատուկ կողմերը, որոնք, հնարավոր է, մինչ այս անհայտ են եղել հանրությանը: Ճանաչված անձինք կանդրադառնան իրենց ունեցած նվաճումներին, կորուստներին, կխոսեն նվիրական թեմաներից, հնարավոր է` բացահայտեն նաեւ գաղտնիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:

-Տիկի՛ն Նադեժդա, Ձեր օրը սկսում եք…
-Աշխատանքի գնալով, ինչպես ամեն աշխատավոր մարդ:
-Լավ աշխատելու համար Ձեզ անհրաժեշտ ստիմուլը:
-Սերը աշխատանքի, մասնագիտության նկատմամբ:
-Առաջարկ, որից երբեք չեք հրաժարվի:
-Չէի մտածել (ծիծաղում է): Երեւի թե չէի մերժի սաներիս համար համերգային ծրագրերի առաջարկները: Իհարկե, նախքան դա, սովորաբար հարցուփորձ եմ անում, որ ամեն բան կազմակերպվի պրոֆեսիոնալ մակարդակով:
-Շոուբիզնեսյան իրականություն, որի հետ երբեւէ չհամակերպվեցիք:
-Մի քանի բան կա, որոնք կուզենայի ուղղվեր: Օրինակ` այսօր ներկայացվող երաժշտության որակը: Աշխատում ենք այնպես անել, որ հանդիսատեսը վատ երաժշտությունից հրաժարվի: Իհարկե, այդ հարցում մեզ անհրաժեշտ է հեռուստաընկերությունների օգնությունը: Վերջիններս պետք է դադարեն կեղծ հայկական երաժշտություն մատուցել: Առայժմ դա չի ստացվում: Համենայն դեպս, կամաց-կամաց կհասնենք դրան: Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին, այդ առումով բողոքել չեմ կարող, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենք, միայն թե, ամոթ էլ է ասեմ, կուզենայի այս ոլորտի մարդիկ մի քիչ գրագետ լինեին:
-Մի բան, որ վախենում եք չհասցնել:
-Իմ վիճակում (Նադեժդա Սարգսյանին հաջողվել է հաղթահարել քաղցկեղը: Նա դեռեւս փորձում է վերականգնել առողջությունը-հեղ.) շատ բան կա, որ վախենում եմ չհասցնել: Փառք Աստծո, ես կարողացա տեսնել թոռնիկիս, կուզենայի տեսնել նաեւ երկրորդ, երրորդ թոռներիս: Կուզենայի Էմմայի (դստեր` երգչուհի Էմմիի-հեղ.) մենահամերգը տեսնել: Երազանքը կա, մնում է առողջություն լինի, որ կարողանամ դա իրականացնել:
-Ձեր մասին լսած ամենածիծաղելի բամբասանքը:
-Շատ կան: Երեք անգամ ինձ «մեռցրել են», ֆեյսբուքյան էջերում ինձ «թաղել» են (ծիծաղում է)… Աստծո շնորհիվ պետք է ավելի լավ ապրել…
-Երբ զգում եք, որ դիմացինը փորձում է Ձեզ հիմարի տեղ դնել…
-Ուղղակի ժպտում եմ…Չէ՞ որ այդ պարագայում հիմարն ինքն է:
-Կանանց ամենաանտանելի բնավորության գիծը:
-Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ դա սուտ խոսելն է: Սուտը չեմ կարողանում տանել:
-Ինքներդ Ձեզ նախատելու պատճառները:
-Շատ եմ ներում: Բոլորն են ասում այդ մասին: Մարդիկ կան, ինձ խրատում են, թե հերիք է, այդպես չի կարելի, բայց ես հետո զգում եմ, որ ճիշտ եմ արել:
-Մի քանի կարեւոր բաղադրիչ` կին-տղամարդ հարաբերությունների ամրության համար:
-Միմյանց հանդեպ վստահություն, ստի բացակայություն, իհարկե, սեր: Առանց դրա մարդիկ իրար հետ երկար ապրել չեն կարող:
-Ձեր ճանաչած ամենազարմանահրաշ մարդը:
-Շատ են: Օրինակ` Սթիվի Ուանդերը, Միխայիլ Կոզակովը… Ռուսաստանի լավագույն դերասանների հետ եմ շփվել բախտի բերմամբ, բայց ոչ պատահմամբ: Փառք Աստծո, ես շատ լավ երիտասարդություն եմ ունեցել: Որ ասում են` Սովետական Միությունը էսպես, Սովետական Միությունը` էնպես, ես համաձայն չեմ… Ինձ համար կարեւոր է, թե ում հետ եմ մեծացել, ինչ մարդկանց եմ հանդիպել, ումից եմ ուսում ստացել…
-Հանգիստը վայելելու Ձեր նախընտրելի տարբերակը:
-Լավ երաժշտություն ունկնդրելը, ֆիլմ դիտելը, իմ սիրելի մարդկանց հետ շփվելը:
-Կյանքի այս փուլում Ձեր մեծագույն ցանկությունը:
-Աստծուց ժամանակ եմ ուզում, որ օրվա 24 ժամս դառնա 26 ժամ, ու հասցնեմ ինչ չեմ արել` կլինի դա սաներիս, թե Էմմայի համար, անեմ: Ինձ այս պահին դա է հարկավոր…

 

 

 
ՀՅՈՒԲԵՐԹ ՔԵՓԼԸ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երեւանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Ուշագրավ է, որ բացման համերգին ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա): Նշենք, որ նա իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից եւ կիթառահարներից է, ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրը: Քեփլը հիմնադրել է նաեւ Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա):
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Քեփլն առաջին անգամ է լինելու Հայաստանում, եւ, առհասարակ, մեր տարածաշրջանում. «Հայաստանում կան մեծ թվով երիտասարդ կիթառահարներ, որոնք ունեն մասնագիտական հմտությունների պակաս, ընդ որում, մի քանի անգամ ավելի, քան երաժշտական այլ գործիքներ նվագողները: Ուստի լավագույն մասնագետներին հրավիրում ենք Հայաստան, որպեսզի ստեղծվի կամուրջ Հայաստանի ու աշխարհի կիթառահարների միջեւ: Փառատոնի ընթացքում կհնչեն վաղ դարաշրջանի ստեղծագործությունների փոխադրումներ, ժամանակակից կոմպոզիտորների գործեր, այդ թվում` այնպիսիք, որոնք Հայաստանում, առհասարակ, չեն ներկայացվել»,-մանրամասնեց նա:
Մեր այն հարցին, թե Երեւանյան միջազգային կիթառի 1-ին փառատոնից հետո ինչ դրական տեղաշարժեր են նկատվել, Ժորա Սարգսյանը պատասխանեց. «Արդեն նախորդ տարվանից` մեր առաջին փառատոնից հետո, շատ նշանավոր կոմպոզիտորներ սկսել են ստեղծագործել կիթառի համար»:
Նշենք, որ Երեւանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը կազմակերպել են Երեւանի կիթառահարների եւ Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հավելենք, որ փառատոնային երկրորդ` հունիսի 29-ի համերգին ելույթ կունենա նաեւ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Իսկ հուլիսի 1-ի փակման երեկոյին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
1 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է 2016-2017թթ. ֆիսկալ տարվա բյուջեն, որի շրջանակում 1 մլն դոլար է հատկացվել Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Ինչպես նշում է Asbarez-ը, այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի հայազգի անդամ Ադրին Նազարյանը: «Հպարտ եմ հայտարարելու, որ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար հատկացվել է 1 մլն դոլար: Հայերի ճամփորդությունը դեպի Կալիֆոռնիա Ցեղասպանությունից մինչեւ բարգավաճում ընկած ճանապարհի պատմությունն է, որը մեր նահանգի կարեւորագույն բաղկացուցիչներից է: Մեր անցած ուղին արժեւորող Հայ-ամերիկյան թանգարանը հրաշալի համալրում կլինի նահանգի հարուստ մշակութային ու պատմական կենտրոնների շարքում»,-ասել է նա: Վերջինս հավելել է, որ կես մլն դոլար է հատկացվել հայազգի երաժիշտների Lark Musical Society ընկերակցությանը, որը 20 տարվա գործունեության ընթացքում կազմակերպել է 300-ից ավել համերգային միջոցառում:

 

 

ԿՈԹՈՂ Է ԳՏԵԼ
Գեղարքունիքի մարզի Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ, Ձորավանք գյուղի բնակիչ Այգեն Ինանցը Ձորավանք գյուղի տարածքում, Տավուշի մարզին սահմանակից հատվածում գտել է քարե ձեռակերտ կոթող, որն իր ոճով հիշեցնում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական արվեստի գանձերից մեկը: «Արմենպրես»-ին Այգեն Ինանցն ասել է, որ քարակոթողն ինքը նկատել է պատահաբար, դաշտում զբոսնելիս եւ տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղում գտնվող իր տան բակ: «Կոթողի վրա պարզ նշմարվում է սրի պատկերը՝ կոթով եւ ծայրով: Մոտ 2 մետր բարձրության քարի երկու կողմում քանդակված են նախշեր, սրի բռնելու տեղում՝ խաղողի ողկույզներ: Սրի ծայրամասում խաչի պատկեր է նկատվում: Հակառակ կողմից նայելիս կոթողը տպավորում է Խաչված Քրիստոսի մարմնով: Քարի վրա գիր չկա, բայց նրա վրա արված քանդակներն իրենց ձեւով շատ նման են Միջնադարյան Հայաստանում այս տարածքում պահպանված քարե ձեռակերտ կոթողների վրա արված պատկերներին, որոնք հանդիպում են ինչպես խաչքարերին, այնպես էլ՝ Հին Գետիկի վանքի ավերակներում պահպանված պատերին: Այս հուշարձան-կոթողը, հավանաբար, մի նշանավոր հուշարձանի բաղկացուցիչ մաս է, որն այլազգիների ձեռքով կարող էր քանդված ու տեղափոխված լինել մի այլ տեղ՝ հայկականության հետքերը կորցնելու նպատակով: Ծանոթ հոգեւորականի դիտարկմամբ՝ նորահայտ հուշարձանն իրենից խաչքար է ներկայացնում, որը Կենաց ծառ է խորհրդանշում»,-ներկայացրել է Այգեն Ինանցը:

 

 

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ` ԿԻՆՈՅՈՒՄ
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Լեդի Գագան որոշել է իր ուժերը կրկին փորձել կինոյում եւ նկարահանվել հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերի հետ: The New York Daily News-ի փոխանցմամբ` երգչուհին բանակցում է, որպեսզի ներառվի 1937թ. նկարահանված A Star is Born ֆիլմի նոր տարբերակի դերասանական կազմում: Մինչ Գագայի թեկնածությունը, ֆիլմի ստեղծողները ծրագրում էին այս դերում նկարահանել Բեյոնսեին, սակայն փոխել են իրենց որոշումը:




Լրահոս