ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությունը ցնցեց Հայաստանի հանրությանը. կրկին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՔԿ-ի՝ նա կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Այսպիսով՝ կրկին օտարերկրա բարձրաստիճան հյուրի այցելությունից առաջ ՀՀ իշխանությունները բազմաթիվ հարցերի տեղիք տվող մեղադրանքով ձերբակալում են Ժիրայր Սէֆիլյանին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հայաստան է այցելելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, եւ սպասվում է, որ տասնյակ երկրներից պաշտոնական պատվիրակություններ են ժամանելու Հայաստան: Անցած տարի էլ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեցին ապրիլի 24-ին ընդառաջ, երբ դարձյալ ՀՀ-ում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ: Մյուս կողմից ուշագրավ է, որ Սէֆիլյանին ձերբակալեցին հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ընթանում էր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ էության, կորսված 800 հա տարածքների դեմ ամենաարմատականը խոսող եւ կոնկրետ գործողությունների կոչ անող գործչին հենց Պուտինի հետ հանդիպումից առաջ ձերբակալելը չէր կարող պատահական լինել: Ենթադրվում էր, որ այս հանդիպման ընթացքում ռուսական կողմից փորձ է արվելու ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված Սարգսյանից ինչ-որ կոնկրետ խոստումներ կորզել: Նման պայմաններում ցանկացած տեսակի զիջման դեմ արտահայտվող գործչի ձերբակալությունը չի կարող չդիտարկվել որպես փոխկապակցված գործողություն: Մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս, ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան, վերցնեն եւ ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու»: Ժիրայր Սէֆիլյանը այն անձանցից էր, որը ընդունել էր Սարգսյանի մարտահրավերը եւ պատրաստ էր գնալ ռազմաճակատ եւ կռվել հանուն մեր հողերի ազատագրման: Այս ձերբակալությունն ինչ-որ առումով նաեւ նրա այդ հայտարարության պատասխանն է:

 

 

 
Հաջորդ երկուշաբթի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդպիսով՝ պետք է կյանքի կոչվի իշխանական ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի եւ ոչ իշխանական ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ կնքված համաձայնագիրը: Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը: Ըստ այդմ, ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, որոնք նրանց կտրվեն անվճար, քվեարկության ողջ ընթացքն էլ տեղամասում կտեսագրվի եւ օնլայն կհեռարձակվի: Այդ համակարգերի ներդրման համար կպահանջվի 15 մլն եվրո, որից 9 միլիոնը Եվրամիությունը խոստացել է հատկացնել: ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցում են մնացած 6 միլիոնի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար:

 

 

 
Վերջին երկու տարվա կտրվածքով եւ տարվա առաջին հինգ ամիսների հաշվարկով Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով: Այլ կերպ ասած՝ 2014-ին Հայաստանում ապրող մարդիկ հունվար-մայիս ամիսներին 38 միլիարդ դրամով ավելի շատ գումար են ծախսել, քան այս տարի: Հասկանալի է, որ եթե բնակչությունն իր ֆինանսական հնարավորությունները պահպանում է, ապա նրա ծախսերը չեն կրճատվում: Ավելին՝ գնողունակության ցուցանիշը մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի ամենաառաջնային ցուցիչն է: Նախորդ տարիներին Հայաստանի բնակչության գնողունակությունը աստիճանաբար աճել է: Դա տեղի է ունեցել արտերկրից եկող տրանսֆերտների աճի հետ զուգահեռ: Վերջին մեկուկես տարում Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են մոտ երեք անգամ եւ շարունակում են պակասել: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծն էլ ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են փոքր եւ միջին ձեռներեցությունը ոչնչացնելու քաղաքականությունը:

 

 

 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նրա թիկնապահ Սերգեյ Հայրապետովն այդպես էլ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ սովորական մահկանացուն կարող է համարձակվել իրենց գործունեության մութ կողմերին անդրադառնալ: Ս. Օհանյանի ենթակաները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, երեկ, չգիտես ինչու, կրկին այցելել էին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարան: Նրանք լրագրողի ընտանիքի անդամներին փորձել են պարտադրել ինչ-որ թղթի տակ ստորագրել, սակայն ստանալով մերժում՝ արձանագրություն են կազմել եւ հեռացել: Փաստորեն ռազմական ոստիկանությունն այժմ էլ փոստատարի գործառույթ է ստանձնել, իսկ ՊՆ-ի ղեկավարությունն էլ շարունակում է ահաբեկել «Ժողովուրդ»-ի լրագրողի ընտանիքին: Հետաքրքիր է՝ Ս. Օհանյանն ինչպես կվերաբերվեր այն հանգամանքին, որ իր աշխատանքային գործունեության հետ կապված գրությունները ինչ-որ մարդիկ տանեին իր ծնողների բնակարան եւ նրանց ահաբեկելով՝ պարտադրեին դրանք ստանալ: Հետաքրքիր է՝ Ս. Օհանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ինչպե՞ս կվերաբերվեին այն հանգամանքին, որ իրենց աշխատանքային գործունեության հետ կապված՝ ինչ-որ մարդիկ գնային իրենց բնակարան եւ հարազատներին պարտադրեին թղթեր ստորագրել:

 

 

 
ՀԱՎԵԼՈՒՄՆ
Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Սարգսյան հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունը կարծեք թե հայկական կողմի համար մտահոգիչ դրույթներ չի պարունակում: Հիշեցնենք, որ մինչ հանդիպումը հայկական կողմից ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը ասել էր, թե սա լինելու է ընդամենը բանակցություն՝ բանակցությունները վերսկսելու շուրջ, իսկ, ահա, ադրբեջանական կողմը՝ երկրի նախագահ Ի. Ալիեւի մակարդակով մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը, հոխորտացել էր. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք եւս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում են: Մենք չենք վարի բանակցություններ հանուն իմիտացիայի»։
Այդպիսով՝ եթե հայկական կողմը գնացել էր Սանկտ Պետերբուրգ՝ ընդամենը բանակցային գործընթացի վերակենդանացման հարցը քննարկելու, ապա ադրբեջանական կողմը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք էր մեկնել շատ կոնկրետ ակնկալիքներով: Համենայն դեպս, այդ են վկայում գոնե պաշտոնական հայտարարությունները: Եվ, ահա, դարձյալ հիմքում ունենալով եռակողմ հանդիպումից հետո արված պաշտոնական հատարարությունը՝ ինչ կարող ենք արձանագրել: Նախ՝ «Նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները»: Վիեննայի գործընթացի հիշատակումն ու դրա շուրջ հետագա հետեւողականության մասին հավաստիացումները, կարծեք թե, գալիս են ցրելու այն մտավախությունները, որ ՌԴ-ն, միանձնյա նախաձեռնելով այդ հանդիպումը, փորձում էր Վիեննայից դուրս կամ զուգահեռ առանձին գործընթաց սկսել:
Պակաս կարեւոր չէր նաեւ դիտորդների թվաքանակի ավելացման մասին ձեւակերպումը, թեեւ այստեղ ստիպված ենք արձանագրել, որ այն չափազանց անորոշ է թե՛ ժամկետների, թե՛ մեխանիզմների եւ թե՛ կիրարկման տեսանկյունից: Եվ չի բացառվում, որ հենց այս հարցում է Սանկտ Պետերբուրգում քննարկվել քայլերի այլ հաջորդականություն՝ նկատի առնելով ոչ թե հենց ԱՄՆ-ի եվ ԵՄ կողմից վերջին երկու տարիների ընթացքում համառորեն առաջարկվող մոնիտորինգի եւ հետաքննության մեխանիզմների կիրառումը, այլ 94-95թթ հրադադարի հաստատման եւ ամրապնդման մասին համաձայնագրերով նախատեսված մեխանիզմները, որոնք սկզբունքորեն այլ ձեւաչափեր եւ մեթոդներ են ենթադրում:
Իհարկե, լավ էր նաեւ այն, որ նշվեց «կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը» եւ ամենաուշագրավը, որ «կողմերը պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով՝ հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»:
Արդյոք լավ է ԵԱՀԿ եռանախագահների ֆորմատին «ի հավելումն» նաեւ Ռուսաստանի սեպարատ ակտիվացումը, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ սա, կարծես թե, իսկապես ավելի շատ բանակցություններ էին՝ բանակցությունները վերսկսելու շուրջ, քան կոնկրետ լուծումներ ուրվագծած հանգրվան:




Լրահոս