Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադարձի ու նրա արցախյան ապագայի շուրջ մի շարք վարկածներ են պտտվում, թե ով, ինչու, ինչ նպատակով նրան Հայաստան հրավիրեց, եւ ինչ է անելու նա Արցախում:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանի հետ, որը նախկինում Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության անդամ է եղել:
-Պարո՛ն Թեւանյան, տեսակետ կա, որ Դուք, լինելով Սամվել Բաբայանի ընկերը, դերակատարություն եք ունեցել Հայաստան վերադարձի հարցում:
-Այո՛, ես շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունեմ իր հետ, եւ դրանք պահպանվել են ինչպես այն ժամանակ, երբ էստեղ չէր Բաբայանը, այնպես էլ հիմա, բնականաբար: Իր հետ մշտական շփման մեջ եմ եղել: Գալու, վերադառնալու որոշումը նա կայացրել է ինքնուրույն, իմ ներդրման մասին խոսելը սխալ կլինի: Ես շատ բնական ու դրական եմ համարում, որ նա վերադարձել է, չէր կարող չվերադառնալ ուղղակի՝ հաշվի առնելով ապրիլյան գործընթացները, երկրում եւ մասնավորապես բանակում առկա խնդիրները: Կարող եմ ասել, որ հանրության շրջանում լուրջ, դրական արձագանք կա: Այլ հարց է, որ իշխանական շրջանակները միգուցե խանդով, տագնապով կամ այլ տրամադրությամբ են ընկալել նրա վերադարձը, բայց դա երկրորդական խնդիր է: Կարեւորը որ հասարակությանը ներկայացվում է կոմպետենտ գնահատական՝ ապրիլյան իրադարձությունների հետ կապված, ներկայացվում է նոր ռազմավարություն, թե ինչպես կարելի է բարելավել մեր պաշտպանական համակարգը: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Կարծում եմ՝ մեր հասարակությունը պիտի պահանջատեր լինի, որպեսզի համապատասխան մարմինները կատարեն իրենց պարտականությունները: Ես կարծում եմ, որ այս իշխանություններն իրենց սպառել են: Եւ եթե մինչ ապրիլյան դեպքերը հայտարարում էին, թե տնտեսության մեջ ունենք հետընթաց, բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, կոպիտ ասած՝ թալանը փորձում էին ձեւակերպել՝ հանուն բանակի է արվում, պարզվեց՝ դա էլ այդպես չէ: Ստել են, որի գինը եղավ կորցրած տարածքները եւ 4 օրում 100-ից ավելի զոհերը: Որպեսզի սա չկրկնվի, պետք է փոփոխություն արվի, «Համախմբումը» ցանկանում է դրա դրոշակակիրը լինի:
-Իսկ հնարավո՞ր է՝ ինչ-որ պահից «Համախմբումը» համագործակցի Սամվել Բաբայանի հետ:
-Կուսակցական առումով՝ ոչ, որովհետեւ Բաբայանն ինքը հայտարարել է, որ կուսակցական չի դառնալու, մնացած առումով մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր այն ուժերի եւ անհատների հետ, որոնք Հայաստանում եւ Արցախում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում են:
-Սամվել Բաբայանին որտե՞ղ եք տեսնում: Արցախում շարժում սկսվեց նրան Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար նշանակելու պահանջով:
-Բաբայանին ես տեսնում եմ պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնեու ֆունկցիայով, թե ինչպես, չեմ կարող ասել: Կարեւորն այն է, որ մենք արդյունք ունենանք եւ բարձրացնենք մեր պաշտպանունակությունը, եւ դա միայն պաշտպանության ոլորտի խնդիր չէ: Դա նաեւ տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ, ի վերջո, հասարակական համախմբվածության խնդիր է: Եւ ես ուղղակի գլուխ եմ խոնարհում բոլոր այն զոհերի ընտանիքների առջեւ, քանի որ ունենալով այսպիսի վատ կառավարվող պետություն՝ այդպես անձնվիրաբար կռվելը նշանակում է, որ մենք իրոք լավ սերունդ ունենք, բայց չի կարելի չարաշահել այդ սերնդի ոգին, առավել եւս՝ մարմինը դեմ տալ թշնամիներին: Սա խայտառակություն է, որ մենք տեսանք ապրիլյան դեպքերի ժամանակ. այդ անպատրաստվածությունը, անկազմակերպ վիճակը, որի հետեւանքը եղան զոհերը: Դրա կրկնվելը շատ ավելի մեծ մասշտաբով շատ ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ: Մենք չենք կարող անընդհատ զիջելով գնալ, հասնել մի տեղ եւ ասել, թե մենք անպատրաստ էինք եւ այլն, եւ այլն:
-Լավ, ի վերջո, ի՞նչը դրդեց Բաբայանին վերադառնալ: Ապրիլյան պատերա՞զմը ստիպեց:
-Ձեւակերպումը սխալ է, քանի որ ստացվում է, որ նա սպասում էր՝ պատերազմ լինի, նոր վերադառնա, այդպիսի բան չկա:
-Իսկ ինչո՞ւ հենց հիմա:
-Որովհետեւ իրավիճակը լարված էր ապրիլյան դեպքերից հետո, եւ փոփոխությունների ու առաջարկությունների կարիք կար, դրա համար էլ նա վերադարձավ: Երբ օրհասական վիճակ է լինում, բնականաբար, մարդիկ թողնում են իրենց խնդիրները եւ վերադառնում: Թե չէ վերադառնալու խնդիր նա միշտ էլ ուներ: 3 տարի առաջ, երբ նա զգուշացրել էր այս մասին, արձագանք չէր եղել: Եւ հիմա մենք հասկացանք, թե ինչքան ճիշտ էին բարձրացված հարցերը, մտահոգությունները: Նամակի հրապարակումից հետո արդեն հանրային խնդիր է դառնում, արդեն հասարակությունը պետք է հետամուտ լինի, պահանջատեր լինի: Նա իր կողմից ամեն ինչ արել է եւ անելու է: Բայց ինքներդ էլ եք հասկանում, որ եթե պետություն ենք, ուրեմն պետք է պետական համակարգն աշխատի: Երբ որ դեմագոգիկ հայտարարություն է հնչում, թե ով ուզում է՝ թող գնա, ազատագրի տարածքները, եթե չասենք՝ քաղաքական անմեղսունակություն է, ապա քաղաքական անգրագիտություն է կամ քաղաքական դեմագոգիայի կիրառում: Այսինքն՝ ինչ է՝ պետք է թուր-թվանքը վերցնենք, գնանք, ասենք՝ ուզում ենք ազատագրել, ինչ-որ մարդիկ էլ ասեն՝ լավ, որ տղաները եկել են ազատագրելու, թողենք, թող ազատագրեն: Ծիծաղելի հայտարարություն է, եւ կրկնակի ծիծաղելի են դառնում, երբ արվում են երկրի ղեկավարի մակարդակով:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
4+4+4 ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ. ԵՂԵԼ Է 4+4 ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 16-ին Ազգային ժողովում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ԸՕ-ի շուրջ կոնսենսուսային փաստաթուղթ ստորագրվեց, որին սակայն քաղհասարակությունը չմիացավ:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ով եւս 4+4+4 բանակցություններին մասնակցում էր, նշեց, որ 4+4+4 համաձայնություն չի կայացել, այլ եղել է 4+4 համաձայնություն:«Կոնսենսուսի ենք եկել, լավ եք արել եղբայր, գնացեք եւ շարունակեք ձեր կոնսենսուսը, իրար հետ ջան ասեք, ջան լսեք, հարգելի՛ ՀԱԿ, Դավիթ Հարությունյան եւ իշխանություն: Քաղաքացիական հասարակության այս մի խումբը, որ մասնակցել է այդ գործընթացներին չի պաշտպանում այդ համաձայնությունը եւ համարում է, որ նոր ԸՕ-ն ոչ մի կերպ չի բարեփոխում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը: Իսկ թե իշխանությունը իրեն հարմար քաղհասարակություն կգտնի, իր կամքն է. կարող է Հայաստանում եղած 5000 կազմակերպությունից ընտրել 4990-ը, դառնալ 4+4990: Ես չեմ կարող մեր կազմակերպության անունից պատասխանատվություն ստանձնել այնպիսի անհաջող ԸՕ-ի, ինչպիսիք քանդակել են իշխանությունն ու ընդդիմությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 31-ին մի շարք ՀԿ-ների կողմից արված հայտարարությանն ու դրանցում առկա խնդիրների լուծմանը՝ Բարսեղյանը փոխանցեց, որ մասամբ լուծվել է ընտրացուցակների հարցը: «Իշխանությունը փորձել է միջանկյալ լուծում առաջարկել, ասում է՝ քվեարկության ավարտից հետո 20 րոպեում ցույց կտանք ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակներում եղած քառանիշ համարները եւ դրանք կտրամադրենք ընդդիմությանը, բայց դրանց տակ ո՛չ կնիք է լինելու, ո՛չ ստորագրություն, չի լինելու ընտրատարածքի եւ տեղամասի համարը: Այն, ինչ կարելի էր հրապարակել այդ ցուցակները` կնիքով, ստորագրված, եւ պրծնեինք այդ դարդից, կասեինք, որ այդ կետը կատարելապես ընդունվեց»:
Մյուս պահանջը տեղամասերի հեռուստատեսային, ինտերնետային հսկողություն, տեսաձայնագրումն է, որը կատարելու համար, ըստ Բարսեղյանի, իշխանությունը խոսում է ինչ-որ 10-15 մլն հազար դոլարից: «Մենք խոսում ենք 3 մլն դոլարից, որ ամեն տեղամաս կահավորված լինի 4, 5 տեսախցիկով, մեկը՝ դրսում, մյուսները՝ ներսում: Ես հարցնում եմ՝ իսկապես 3 մլն դոլար չկա Հայաստանի բյուջեում: Եթե դա լիներ 100, 150 դոլարի խոսակցություն, կարող է ասեի՝ հա, իսկապես դոնորի փողի կարիք կա, բայց ձեռ եք առնում, տղե՛րք, 3 մլն դոլարը մի շաբաթվա նախաճաշի փողն է ձեր, կամ բյուջեն բացեք, ցույց տանք, թե որտեղից պետք է կտրեք, դնեք այդտեղ»,-հավելեց նա:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեսչական հսկողության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Դանիելյանի որդին դատապարտվեց երկու տարի ազատազրկման: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից մի շարք քաղաքացիների գույքը հափշտակելու մեղադրանքով գործի քննությանը: Սակայն, ինչպես հայտնի է, խարդախությունից բացի՝ Ս. Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2016թ. ապրիլի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու համար: Քրգործը մայիսի 11-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հունիսի 13-ին հրապարակված դատավճռով Ս. Դանիելյանը փախուստի համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման:
ԹՈՇԱԿԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին է: Ըստ լուրերի՝ չնայած Բադալյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճառը դա չի եղել: «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է դատախազների՝ ժամկետից շուտ, սեփական դիմումի համաձայն թոշակի անցնելու խնդրին: Բանն այն է, որ դատախազները եւ դատավորները սեփական դիմումի համաձայն շտապում են թոշակի անցնել, որպեսզի բարձր թոշակ ստանան, քանի որ 2017թ. հուլիսի 1-ից հետո նրանք նման հնարավորությունից կզրկվեն: Ըստ լուրերի՝ Հ. Բադալյանի դեպքում եւս շարժառիթը եղել է բարձր թոշակը, թեեւ չի բացառվում, որ նրան առաջիկայում ինչ-որ պաշտոն առաջարկվի՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի հետ ունեցած խնամիական հարաբերությունները:
ԻՆՉՊԵՍ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ 83 ՄԼՆ-Ը
Ինչպես հայտնի է՝ գերմանական KfW բանկը համաձայնել է 83 մլն եվրո վարկ հատկացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին: Այդ գումարով նախատեսվում է իրագործել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» 3-րդ ծրագիրը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում նախատեսում է սահմանել, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավված միջոցների` KfW-ի կողմից 83 մլն եվրոյի, ինչպես նաեւ պետբյուջեից հատկացվելիք համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների վերադարձելիության հարցը պետք է լուծվի՝ այդ գումարները ներառելով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում: Վերը նշված վարկային պայմանագիրը չի ազդելու սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի վրա: