ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԵՔ ԳՐՈՒՄ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը վիրտուալ տնտեսական աճ գրելու հարցում նորանոր ռեկորդներ է սահմանում. ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` այս տարվա առաջին հինգ ամիսների նախնական արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5,5 տոկոս` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնի է՝ «տնտեսական ակտիվության ցուցանիշ» անվանումը ստացած տվյալով պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճը: Իհարկե, մեծ հաշվով ոչ ոք չգիտի, թե պաշտոնական վիճակագիրները ինչպես են այդ ցուցանիշը հաշվարկում, բայց, դե, այդ տվյալի ամբողջ հմայքն էլ հենց այդ է, որ ոչ ոք չկարողանա ԱՎԾ-ի հրապարակած թիվը ստուգել:
Պաշտոնական վիճակագրության թվերը երբեւէ հավատ չեն ներշնչում, բայց ամեն դեպքում դրանք բնորոշում են Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը եւ զարգացող գործընթացները: Այսպես, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հինգ ամիսների արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8,8 տոկոսով: Առանց վարանելու կարող ենք ասել, որ այս «աճը» պայմանավորված է պղնձի հանքանյութի արդյունահանման ծավալների ավելացմամբ: Իհարկե, դրա շուրջ պաշտոնական վիճակագրությունն ավելի ուշ կհրապարակվի, բայց հայտնի փաստ է, որ այս տարվա սկզբից հանքարդյունաբերողները ստիպված են պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները կտրուկ ավելացնել` այդ ապրանքի միջազգային գների էժանացման պայմաններում իրենց եկամուտները ավելացնելու համար: Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ անցած տարվա հինգ ամիսների հետ համեմատած այս տարի 1,9 տոկոսով նվազել են էլէներգիայի արտադրության ծավալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալների մոտ 9 տոկոսանոց ավելացման պայմաններում էլէներգիայի պահանջարկը կարող էր նվազել միայն այն դեպքում, եթե վերը նշված աճը հիմնականում պայմանավորված լիներ արդյունաբերության կոնկրետ մեկ` էլէներգիայի սպառումից մեծ կախվածություն չունեցող ոլորտի տվյալներով:
Հայաստանի առեւտրաշրջանառությունում առկա պաշտոնական տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ, սպառողների աղքատացման մասին փաստող: Այսպես՝ այս տարվա հինգ ամիսների արդյունքներով՝ Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 774 միլիարդ 331 միլիոն 500 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալից պակաս է 4 միլիարդ 238 միլիոն դրամով: Այն հանգամանքը, որ այս տարվա առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ թեկուզ փոքր անկում է արձանագրում, արդեն իսկ խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին: Բանն այն է, որ 2015-ին առեւտրաշրջանառությունն արդեն իսկ 2014-ի համեմատ կտրուկ անկում էր ապրել: Եթե երկու տարվա կտրվածքով ենք խնդրին մոտենում, ապա ստացվում է, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի սպառողները 38 միլիարդ 188 միլիոն դրամով ավելի պակաս առեւտուր են իրականացնել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունն այսօր 2014-ի համեմատ աղքատացել է ավելի քան 38 միլիարդ դրամի չափով:
Ի դեպ, հունվար-մայիսի արդյունքներով Հայաստանում շինարարության ծավալները եւս մոտ 8 տոկոսով նվազել են: Հարկ է նշել, որ անցած տարի, երբ առեւտրաշրջանառությունն ամեն ամիս, 2014-ի համեմատ, կտրուկ անկում էր ապրում, շինարարության ծավալների նվազում դեռեւս չկար: 2015-ի ողջ ընթացքում շինարարության ծավալները գրեթե մնացին նույնը, ինչ 2014-ին: Սակայն բնակչության էլ ավելի աղքատացումը չէր կարող շինարարության ծավալների վրա կտրուկ չազդել, ինչն էլ տեղի ունեցավ:
Հարկ է նկատել նաեւ, որ արտահանման թվերը շարունակում են անցած տարվա համեմատ աճել: Հինգ ամիսների արդյունքներով այդ աճը կազմել է 20 տոկոս: Դա պայմանավորված է այն փաստով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կտրուկ նվազել էր: Արդյունքում այս տարվա արտահանման ծավալների վերականգնման փաստը, երբ համեմատում ենք անցած տարվա տվյալների հետ, ստացվում է, որ կտրուկ աճ է տեղի ունեցել:
Եթե Հայաստանի տնտեսության վիճակն ընդհանրական բնորոշենք, ապա այն շարունակում է գտնվել բացասական սպասումների` անվերջանալի թվացող շրջափուլում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՈՒՇԱԳՐԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկերի հավաքագրումը եւս լուրջ փոփոխությունների է ենթարկվելու: Մասնավորապես, օրենսգրքով են սահմանվում տեղական հարկերի՝ անշարժ գույքի հարկի եւ տրանսպորտային միջոցների գույքահարկի դրույքաչափերը, բայց միեւնույն ժամանակ համայնքներին հնարավորություն է տրվում դրանց չափերը բարձրացնել, քանի որ նախագիծն այսպիսի մի դրույթ է պարունակում. «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչեւ 10 տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող տեղական հարկերի հաշվարկման օրենքով սահմանված դրույքաչափերը»: Ուշագրավն այն է, որ հարկերի դրույքաչափի նվազեցման տարբերակ չի դիտարկվում, այլ հնարավորություն է տրվում միայն ավելացնել:

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ անվճարունակ քաղաքացիները, համաձայնության գալով թանկարժեք ավտոմեքենա ունեցող եւ վճարունակ անձանց հետ, դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վարչական ակտերը վերահասցեագրվեն իրենց: Այնուհետեւ անվճարունակության պատճառաբանությամբ չեն վճարել վարչական տույժերը: Այդպիսով՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում 10 հոգու մեղադրանք է առաջադրվել, այդ թվում վարչական ակտերով զբաղվող պաշտոնատար անձանց: Մեր տեղեկություններով՝ օրերս մեղադրյալների թիվն ավելացել է երկուսով, նրանք եւս մեղադրվում են պետությանը վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու եւ իրացնելու մեջ:

 

 

«ՈՍԿԵ ԶԱՎԱԿԻ» ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների՝ տակավին երիտասարդ փոխնախարար Հայկ Արզումանի Հարությունյանը նախորդ տարի 20 մլն դրամով գնել է «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է նաեւ 50 հազար դրամ արժողությամբ բաժնետոմս: Ի դեպ, վերջինս նախորդ տարվա ընթացքում վերադարձրել է 30 մլն 50 հազար դրամի փոխառություն: Հարությունյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 25 մլն դրամ, 25 հազար դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 390 հազար դրամ: Փոխնախարարի կնոջ՝ Մանե Հարությունյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 15 հազար դոլար: Նա հայտարարագրել է նաեւ ինչ-որ ընկերության 19 մլն 175 հազար դրամի արժողության բաժնետոմս: Ըստ հայտարարագրի՝ նա անցած տարի 20 մլն դրամ արժողությամբ գույք է նվեր ստացել: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է:

 

 

ՉԵՆ ԾԱՆՈՒՑԵԼ
Ադրբեջանում ընթացող զորավարժությունների կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն այդ մասին չի ծանուցել ԵԱՀԿ-ին.«Ադրբեջանի Հանրապետությունը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջեւանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին: Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է զորավարժության անցկացման մասին ծանուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի Հանրապետության կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել»:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Շանթ Գրիգորյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է կուսակցությունը լքելու որոշման մասին՝ նշելով որոշ պատճառներ: «Կուսակցության վարչության ագրեսիվ գործելաոճի եւ իմ գնահատմամբ էմոցիոնալ գործողությունների արդյունքում լուծարվեց Վանաձորի տարածքային կառույցը, որի խորհրդի 3 անդամներ եւ վերահսկիչը հայտարարեցին, որ դուրս են գալիս կուսակցությունից, որոնց օրինակին հետեւեցին Վանաձորի տարածքայինի մոտ 5 տասնյակ անդամներ: Վայոց ձորի եւ Էջմիածնի տարածքային կառույցների նախագահները հրաժարական տվեցին եւ դուրս եկան կուսակցությունից, Գյումրիի տարածքայինը հետ կանչեց խորհրդի նախագահի թեկնածուին, Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը լուծարեց տարածքային կառույցը»,-ասել է ՔՊ նախաձեռնող խմբի անդամ Շանթ Գրիգորյանը:

 

 

ՎՌՆԴԵԼ  ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Ալիեւյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները՝ Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին, խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի»,- երեկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:
 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությանը միացել է ԱԺ 28 պատգամավոր. այս մասին երեկ հրավիրված ասուլիսին ասել է Սարգիս Հացպանյանը: Նրա ներկայացմամբ՝ այդ պատգամավորներն են. Արագած Ախոյանը, Հակոբ Հակոբյանը, Համլետ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Ռուբեն Գեւորգյանը, Լյովա Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը, Ռուստամ Գասպարյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Վոլոդյա Բադալյանը, Կարինե Աճեմյանը, Վահագն Մախսուդյանը, Վահան Բաբայանը, Արայիկ Աղաբաբյանը, Իշխան Խաչատրյանը, Ռուզաննա Մուրադյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ Արամ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն ձվերով ու լոլիկներով եւ թույլ չեն տա նրա մուտքը Երեւան:




Լրահոս