ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵ՞Ր, ՇՈՈ՞Ւ ԹԵ՞ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Այս տեղեկությունը խաղաղ երկնքում ճայթած ամպրոպի նման էր, քանզի չնայած Սէֆիլյանը նախկինում էլ էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում եւ դարձյալ՝ Հայաստանի համար կարեւոր իրադարձությունների շեմին, այնուամենայնիվ, այս անգամ, կարծես թե, ամեն ինչ ավելի լուրջ է:

Մեկ տարի առաջ
Նախորդ տարվա ապրիլի 7-ին Հայաստանում կալանավորվել էին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` վերջիններս ձերբակալվել էին 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Այս գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասել էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը, գործով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել. «Ինձ, կոնկրետ չեմ հիշում, անցած տարի մայիս ամսին են կանչել քննչական կոմիտե, այնքան վաղուց է եղել, որ մոռացել եմ, թե երբ են կանչել: Մենք երկրից չհեռանալու մասին ստորագրություն ենք տվել եւ երկրից չենք կարող բացակայել: Գարեգին Չուքասզյանին 4 անգամ մերժեցին գործուղումների գնալ: Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նրան հրավեր էր ուղարկել, բայց թույլ չտվեցին բացակայել երկրից»:
Ինչ վերաբերում է Սէֆիլյանի գործունեությանը, ըստ Ավետիսյանի. «Կոնկրետ մեկ անգամ պարոն Սէֆիլյանին են ծանուցագիր ուղարկել դեկտեմբեր ամսին, որ դադարեցրեք ձեր գործունեությունը, եւ անշուշտ ստացել էին պատասխանը»: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ գործը չի կարճվում, քանի որ նպատակը մեկն է՝ սահմանափակել իրենց գործողությունները:

Ճնշման օղակը գտա՞ն
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, վերջինս կազմակերպել է նաեւ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այնպես էլ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:

Խիստ հսկողություն հանրային հեռուստաընկերությունում
Այսպիսով՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել Երեւանի հեռուստաաշտարակը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ տեղեկություններ էր ստանում, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը խիստ հսկողություն է սահմանել Հանրային հեռուստաընկերությունում, ինչը, ըստ ամենայնի, կապված է եղել վերոնշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի եւ հայտնաբերված զենք-զինամթերթի հետ: Սակայն այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ «Հիմադիր խորհրդարանի» անդամներն ընդհանրապես տեղյակ չեն, թե այս գործով կալանավորված եւ, առհասարակ, հետախուզման մեջ գտնվող անձինք ովքեր են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ իրավապահները մտնելով գրասենյակ՝ իրենց ցույց են տվել դատարանի որոշումը, որ եղել է ճանապարհատրանսպորտային պատահար, մեքենայի մեջ հայտնաբերվել է զենք, զինամթերք, հարուցվել է քրեական գործ, եւ այդ քրեական գործի շրջանակներում պետք է իրականացնեն խուզարկություն: Հարցին, թե արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը, տեսնելով դատարանի որոշումը, ընդունել է իր կապը պատահարի, հայտնաբերված զենք-զինամթերթի հետ, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Իհարկե, չէր ընդունում»: Ավելին՝ ըստ նրա՝ սա քաղաքական պատվեր է.«Սերժ Սարգսյանը իր գլխավոր հակառակորդի հետ հաշվեհարդար է տեսնում, քանի որ քաղաքական գաղափարական, տեղեկատվական մյուս աղբյուրներով պարտված է, մարդը ուզում է երկիրը մաս-մաս հանձնել իր աթոռի համար, հիմա էլ հավանական դիմադրությունը չեզոքացնելու նախնական քայլեր է անում»:

Հռոմի պապի այցին
ընդառաջ
Ինչպես հիշում ենք՝ դեռեւս 2015 թվականի ապրիլի 7-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին ու նրա թիմակիցներին եւ ազատ արձակեց մեկ ամիս անց` մայիսի 4-ին: Նպատակը մեկն էր. որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որեւէ կերպ չխոչընդոտեին կամ չխաթարեին իշխանությունների կողմից կազմակերպված միջոցառումների ընթացքը:
Ինչպես գիտենք՝ հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Հռոմի Ֆրանցիսկոս պապը, եւ չի բացառվում, որ այս անգամ էլ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալումը կապ ունի պապի այցի հետ:
Նկատենք, որ անցած ութ ամիսների ընթացքում սա երկրորդ «հանցավոր խումբն է», որը վնասազերծում են ՀՀ իրավապահները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԿՔՆՆԱՐԿԵՆ ՈՒ ԷԼԻ ԿԳՐԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա 6,5 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառք պահանջելու եւ ստանալու համար, սակայն հարազատներն ու զինակից ընկերները կատարվածը համարում են քաղաքական հալածանք:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը հայտնեց, որ հայրը հացադուլ հայտարարելուց բացի՝ հանդիպում է պահանջել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ՀՀ արդարարադատւթյան նախարար Արփինե Հովհաննիսյանի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Նիկոլ Փաշինյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ Էլինար Վարդանյանի հետ:
Իսկ պատճառը Վոլոդյա Ավետիսյանին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի հերթական անգամ մերժումն է: Ըստ Նորայր Ավետիսյանի` հայրը արդեն 4-րդ մերժումն է ստանում. «Որեւէ հիմնավորում չկա, ասում են մերժում են, ու վերջ»: Նորայր Ավետիսյանը եւս կիսում է այն տեսակետը, որ անկախ հանձնաժողովի կողմից իր հոր դիմումների մերժումը քաղաքական հետապնդման հետեւանք է. «Փորձեցինք խոսել, որ նման քայլի չդիմի հայրս, բայց ասաց՝ ոչ, պետք է հացադուլ հայտարարի եւ վերջ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ՝ նախ տեղեկանալու՝ արդյո՞ք հանդիպելու է Վոլոդյա Ավետիսյանին: «Նոր եմ տեղեկանում, բայց եթե հանդիպում է խնդրել, ապա, բնականաբար, այսօր կայցելեմ եւ տեղում կտեսնեմ՝ խնդիրն ինչ է: Այդ ինստիտուտը, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետությունում չի գործում, այն լուրջ վերանայման կարիք ունի: Վերջին անգամ, երբ հացադուլ էր հայտարարել Ավետիսյանը, մենք հանդիպեցինք, դրանից հետո արդարադատության նախարարի հետ պայմանավորվել էիք, ինստիտուտի վերաբերյալ ինչ-որ փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծվի, եւ աշխատենք»:
Ըստ պատգամավորի՝ երեկ կրկին զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ եւ պարզել է, որ հանձնաժողովի գործունեության մասով օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծը պատրաստ է, եւ նախարարությունն այն ներկայացրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն. «Դիտողությունները եւ առաջարկները վերջնական քննարկելուց եւ հայտնելուց հետո փոփոխված օրենքը կդրվի շրջանառության մեջ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետի երեք տեղեկալների ղեկավարությամբ գործում է երեք հանձնաժողով, որի կազմի մեջ են մտնում ՔԿՀ-ի, ԱԱԾ-ի, ՀՀ նախագական նստավայրի, առողջապահության նախարարության, հանրային խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեկ հոգեբան:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ
«Արմենիա» բժշկական կենտրոնում օրերս նորածին է մահացել՝ ծնվելուց մեկ օր անց: Երեխայի մայրը՝ Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին, հունիսի 18-ին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հաղորդում ներկայացնելով, որ բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր եւ բժշկի սխալ բուժման հետեւանքով մահացել է: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է կատարում դեպքի առթիվ: «Մայրն ունեցել է ներարգանդային ինֆեկցիա, սեպսիս, դա շատ ծանր հիվանդություն է»,- Tert.am-ին ասել է «Արմենիա» ԲԿ-ի մանկաբարձական բաժնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան վաղը:

 

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ
Հանգստյան օրերին ԼՂ եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:




Լրահոս