Օրեր առաջ զարմանալի միջադեպ տեղի ունեցավ Էջմիածին քաղաքում: Քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը հարբած, դանակի սպառնալիքով պատանդ էր վերցրել Էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը։ Իսկ երբ «Գազել»-ը հասել էր Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել Էր իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել էր մեքենայի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները։
Ամենատարօրինակն այն Է, որ այդ մարդուն, ով պատանդ է վերցրել մի քանի հոգու, այսինքն՝ կատարել ծայրահեղ վտանգավոր հանցագործություն՝ զենքի սպառնալիքով առեւանգում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ քրեական գործ էլ չեն հարուցել այդ առիթով: Ըստ լուրերի՝ նման մոտեցումը պայմանավորված է եղել ինչ-որ հեռախոսազանգով, որը կապված է գծի տերերի միջեւ եղած լարված հարաբերությունների հետ, մասնավորապես՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եւ նույն երթուղով տաքսիների գծատեր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը, ով, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ»:
Փաստորեն, այս անգամ էլ մենք ականատես ենք լինում հայրենի օրենսդրության բացառիկ առաձգականությանն ու ճկունությանը: Իսկապես հայաստանյան օրենսդրությունն առանձնանում է կամընտրովի կիրառության գեղարվեստական իր հմայքով. մի կողմից՝ այն կարող է ներել գրեթե տեռորիստական ակտով աչքի ընկածին, մյուս կողմից, սակայն, լինել բացարձակ անողոք կասկածվողի հանդեպ: Կոնկրետ ներկայացված օրինակներում մի դեպքում անձը, ով զենքի սպառնալիքով մարդկանց առեւանգում է, ազատ է արձակվում, իսկ մյուս դեպքում, երբ անձը կասկածվում է հանցանքի մեջ, ձերբակալվում: Օրենքի այսօրինակ սելեկտիվ մոտեցումն էլ առաջացնում է դրա կիրառողների ընտրովի պատասխանատվություն, ընտրովի պատասխանատվությունն էլ՝ արդարադատության ֆրագմենտացիա՝ հատվածակազմություն: Այն արդարադատությունը, որն ունի հատվածական կառուցվածք, չի էլ կարող ֆունկցիոնալ առումով լինել արդյունավետ, պաշտպանել քաղաքացու իրավունքներն ու շահերը, կայացնել իրավական համակարգը եւ այլն:
Այստեղ էլ գործ ենք ունենում համակարգային խրոնիկ հիվանդությունների հետ, որը կարելի է կոչել կամային-անձնավորված արդարադատություն: Օրենքները սկսում են ոչ թե ենթարկեցնել, այլ ենթարկվել մեկ կամ մի խումբ անձանց բարի կամ չար կամքին՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Բայց այսպիսի մոտեցման օրինակները բազմաթիվ են:
Հիշեցնենք, զորօրինակ, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գեւորգ Սաֆարյանի կալանքը, ոստիկաններին գազային ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանի ինը տարվա ազատազրկման դատապարտումը, եւ այսպես շարունակ։ Եզրակացությունը պարզ է. մեր պետության օրենքները մեղմ են նրանց հանդեպ, ովքեր լոյալ են իշխանությանը, իսկ չափազանց խիստ, երբ խոսքը գնում է քաղաքական դիսիդենտների մասին: Նրանք, ովքեր լոյալ են, կարող են օգնության հասնել նաեւ ամենազոր զանգը եւ օրենքները, ավելին՝ Սահմանադրությունը սկսում է ստորադասվել մի խումբ անձանց զանգին:
Ի դեպ, արեւմտյան պետական կառավարման տեսության մեջ գոյություն ունի, այսպես կոչված, «զանգով արդարադատության սկզբունքը», որն արդարադատության կայացման թիվ մեկ թշնամիներից է: Դա բնորոշ է երրորդ աշխարհի երկրներին, ու, ցավոք, նաեւ դրանով ենք մենք դասվում այդ երկրների շարքին ու տեղում դոփում: Հետեւաբար, հեռանկար չունի այն պետությունը, որտեղ ոչ թե օրենքի անառարկելի հեղինակությունն է գերակա, այլ որոշ անհատների, քանզի պետության շարժիչ ուժը օրենքի ուժն է, որն ի զորու է մեկուսացնելու նրանց, ովքեր կփորձեն իրենից վեր դասել «զանգի ուժը»:
Միգուցե մեր Սահմանադրության մեջ շտկումնե՞ր մտցնենք եւ գրենք, որ ոչ թե իրավական, այլ վոլյունտարիստական (մի խումբ անձանց կամքից կախված), ոչ թե սոցիալական, այլ ինդիվիդուալ, ոչ թե ժողովրդավարական, այլ ավտարկիական (մեկ կամ մի քանիսի գրեթե անսահմանափակ եւ ոչ մեկի առջեւ պատասխանատու) պետություն ենք: Գոնե կունենանք գործող Սահմանադրություն ու օրենքներ եւ ինքնախաբեությամբ չենք զբաղվի:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՐԱՆԻՑ ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 252 հազար 506 զբոսաշրջիկ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով: Սակայն Հայաստանից մեկնողներն ավելի շատ են: Այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 227 հազար 499 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 տոկոսով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 32.2 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.6 տոկոսը` ԵՄ երկրներին եւ 53.2 տոկոսը` այլ երկրներին: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ այս տարվա հունվար-մարտին ՀՀ ժամանած զբոսաշրջիկներից 221 հազար 886-ը մնացել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում: Իսկ, ահա, 30 հազար 620-ը՝ ապրել են հյուրանոցներում: Եւ որքան էլ որ պաշտոնական վիճակագիրները պնդեն, թե այս տարի ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը աճել է, այնուամենայնիվ, նկատենք, որ ԵՄ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է 15 տոկոսով: Այսպես՝ այս տարվա հունվար-մարտին ԵՄ երկրներից ՀՀ ժամանել է 14 հազար 600 զբոսաշրջիկ: Օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին Իտալիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 60.4 տոկոսով, Ֆրանսիայից ժամանող զբոսաշրջիկների թիվը 20.1 տոկոսով է նվազել: Այսինքն՝ այս տարվա հունվար-մարտին Ֆրասնիայից ՀՀ ժամանել է 3200 զբոսաշրջիկ: Նիդերլանդներից ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես նվազել է 28.6 տոկոսով: Ի դեպ, Գերմանիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը 13 տոկոսով աճել է: Վերոնշյալ ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել 2400 զբոսաշրջիկ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է 5.6 տոկոսով: Ստացվում է, որ այս տարվա հունվար-մարտին ՌԴ-ից ՀՀ ժամանել է 26 հազար 900 զբոսաշրջիկ: Չնայած սրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ ժամանել է 28 հազար 100 զբոսաշրջիկ: Իսկ, ահա, Վրաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է 24.3 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը 35.3 տոկոսով աճել է: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ Իրանից ժամանել է 23 հազար 200 իրանցի զբոսաշրջիկ:
Ս. Հ.
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ
Հունիսի 20-ին, ժամը 12.30-ից մինչեւ 13.30-ը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները Նոյեմբերյան քաղաքում, քաղաքապետարանի շենքից ներքեւ փակել էին միջպետական ճանապարհը: Հավաքված մոտ 100 բնակիչները բողոքում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների խոշորացման դեմ: Ակցիայի մասնակիցների մեջ շատ էին սահմանամերձ Բարեկամավան, Կոթի գյուղերի բնակիչները: Նրանք ասացին, որ համայնքների խոշորացման կապակցությամբ հունիսի 20-ին նախատեսված էր տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի այցը, սակայն նա Նոյեմբերյան չի ժամանել:
Սպասվում է, որ հունիսի 21-ին համայնքների խոշորացման հարցի կապակցությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանելու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հավաքված բնակիչներին ասաց, որ համայնքների խոշորացման վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովն արդեն որոշում է ընդունել: Նա հայտնեց նաեւ, որ անցյալ տարի Դիլիջանի տարածաշրջանում համայնքների խոշորացման արդյունքում արդեն 2 միլիոն եվրո է հատկացվել Դիլիջան քաղաքին միավորված գյուղերի զարգացման համար: Մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում համայնքների խոշորացման դեմ ակցիայի կազմակերպիչները համայնքների ղեկավարներն են, ովքեր չեն ցանկանում պաշտոն կորցնել:
ՄՈՒԹ ԳՈՐԾ
15-ամյա տղան կասկածվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորի վրա Իջեւան քաղաքում 2 անգամ ավազակային հարձակում գործելու մեջ: Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, երկրորդը՝ հունիսի 15-ին: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջին դեպքից հետո կամավորը չի դիմել իրավապահներին:
Նշենք, որ Իջեւանի 15-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ):
Նկատենք, որ այս գործի հետ կապված մութ հանգամանքներ կան, որոնք բացահայտելու կարիք ունեն: Բանն այն է, որ զարմանալիորեն 15 տարեկան փոքրամարմին իջեւանցին կարողացել է ահաբեկել 31 տարեկան, հաղթանդամ ամերիկացուն: «Մեր տեղեկություններով՝ քրեական գործով նշված զենքը հայտնաբերված չէ:
Հալելենք, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորը Իջեւանի կրթական հաստատություններից մեկում դասախոս է աշխատում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ