ԻՐՈՔ` ԱՄՈԹ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության «փակ գաղտնի» քվեարկության ընթացքում, ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտում տիրող բարոյազրկության իրական աստիճանը: Թեեւ Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման փուլում արդեն իսկ նշմարելի էր մեր ընդդիմադիր հորջորջվող պատգամավորների քծնախառն  պահվածքն առ երկրի ապագա գլխավոր դատախազը, սակայն քվեարկության արդյունքները զարմացրին անգամ քաղաքական դաշտի ամենացինիկ հնաբնակներին: Ընդամենը երեք «դեմ» ձայնով Հայաստանի գլխավոր դատախազ դարձավ մի մարդ, որի հասցեին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 17 անդամներն այս տարիների ընթացքում ամենատարբեր հարթակներից այնքան ցեխ էին շպրտել ու այնպիսի մեղադրանքներ ներկայացրել, որ թվում էր՝ նրանք պիտի առնվազն մեկ մարդու նման դեմ քվեարկեն նրա թեկնածությանը: Սակայն, ինչպես տեսանք, ընդդիմադիր հորջորջվող պատգամավորներից միայն երեքը հանդգնեցին «դեմ» քվեարկել «ավազակապետության հավատարիմ ծառայի» թեկնածությանը: Եվ սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը կանխավ հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էլ որոշել էին հարցը թողնել ազատ քվեարկության: Ինչ վերաբերում է «անվավեր» ճանաչված երկու քվեաթերթիկներին, ապա այստեղ էլ պարզապես տարակուսելի է այն անփույթ վերաբերմունքը, որով ընդդիմադիր պատգամավորները քվեարկել են նման կարեւոր հարցի շուրջ: Երեկ՝ ողջ օրը, բառի բուն իմաստով խայտառակ եղած ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամները փորձում էին արդարանալ` ներկայացնելով կատարվածի տարբեր «սցենարներ» եւ փորձելով հավաստիացնել, որ հենց իրենք անձամբ այդ երեք «դեմ» քվեարկողների մեջ են, սակայն դրանով նրանք թերեւս առավելագույնը կարող էին վերականգնել սեփական խաթարված վարկը, իսկ ահա իրենց ներկայացրած ուժերի վարկանիշն արդեն չափազանց դժվար կլինի մաքրել: Ուշագրավ է, որ  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կանխատեսելով նման զարգացումները, լուսանկարել էր իր քվեաթերթիկը, ինչն արդեն ինքնին բավականին խոսուն կերպով ցույց է տալիս ընդդիմադիր ճամբարում առկա բարոյազուրկ վիճակը: Պակաս հետաքրքիր չէր նաեւ Ալիկ Արզումանյանի մեկնաբանությունը. «Ես ԴԵՄ եմ քվեարկել եւ դա արել եմ առանց օդացունց հայտարարությունների: Անմեկնելի են ընդդիմադիր ճանապարհները…»: Ակնարկը, իհարկե, առավել քան թափանցիկ է: Ինչեւէ. ամփոփելով Գեւորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ ընտրվելու այս խայտառակ քվեարկությունը՝ մնում է հիշեցնել հրեաների հայտնի պատմությունը, երբ նրանցից յուրաքանչյուրը րաբբիի հանձնարարությամբ ընդհանուր կաթսայի մեջ իրեն հասանելիք մեկ գավաթ օղին լցնելու փոխարեն լցրեց սովորական ջուր` մտածելով, որ ոչ ոք դա չի նկատի: Արդյունքում, սակայն, պարզվեց, որ բոլորն էին այդպես մտածել: Իրոք` ամոթ էր:




Լրահոս