ԽՈՉԸՆԴՈՏՈ՞ՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոք է ստացել Ա/Ձ Էդուարդ Առուստամյանից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բողոք բերողի՝ «Էդուարդ Առուստամյան» ԱՁ-ի հետ այս տարվա փետրվարից մինչ օրս 7 տարբեր կազմակերպություններ խզել են իրենց պայմանագրերը եւ այդ մասին իրենց որոշումներն ուղարկել գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ: Նշենք, որ այս ԱՁ-ն երեք տարի է, ինչ Երեւանի 160 մանկապարտեզի սննդամթերք է մատակարարում:

Այս խնդրի շուրջ հունիսի 17-ին գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման խորհուրդը նիստ է հրավիրել, որի ընթացքում ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ե՛ւ «Էդ. Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչը հայտնեցին իրենց դիրքորոշումները: Այդ նիստին ներկա էր նաեւ «Ժողովուրդ»-ը:
«Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչ Հարություն Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց, որ բողոք բերելու պատճառներից մեկն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ Ա/Ձ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը անընթեռնելի են: «Բացի այս, իրենք պահանջում են պայմանագրի ամբողջ գումարի չափով կատարողական, հանձնման-ընդունման ակտեր ներկայացնել, բայց գնումների մասին ՀՀ օրենքը դա չի պարտադրում: Մենք բանավոր դիմել ենք քաղաքապետարան եւ պահանջել ենք տրամադրել ավարտական պահք: Իրենք մեզ պատասխանել են՝ գնացեք եւ 160 մանկապարտեզներից ընդունման հանձնման ակտեր վերցրեք: Բայց ես պայմանագիր կնքել եմ անձամբ քաղաքապետարանի հետ»,- նկատեց Հ. Գուլոյանը: Նշենք, որ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ն դիմելով գնումների աջակցման կենտրոն՝ պահանջում է որպես միջանկյալ ընթացակարգ կիրառել ժամանակավոր միջոց եւ կասեցնել «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-16/98» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի արդյունքներով պայմանագրի կնքումը:
Չնայած սրան՝ նիստի ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց եւ եւս մեկ անգամ հաստատեց, որ Ա/Ձ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը ընթեռնելի չեն: «Իրենց կողմից տրամադրված հանձնման-ընդունման արձանագրությունները պարզապես հնարավոր չէ ընթերցնել: Դրա համար օրենսդրությամբ սահմանված մի դրույթ կա, ըստ որի՝ երբ մասնակիցը ներկայացնում է համապատասխան որակավորման փաստթղթերը, նրան մեկ օր ժամկետ է տրամադրվում եւ այդ մասին ծանուցվում, որպեսզի վերջինս շտկի արձանագրված թերությունները»,-հայտարարեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Բացի այս, վերջինս նիստի ընթացքում նկատեց նաեւ, որ մատակարարը չի ներկայացրել պայմանագրի գումարի չափով հանձնման-ընդունման ակտեր: «Երկու անգամ ծանուցելուց հետո, ի վերջո, էլեկտրոնային փոստին Ա/Ձ-ի կողմից ուղարկվել են հանձնման-ընդունման մասին արձանագրությունները: Այնուհետեւ հեռախոսի միջոցով ճշտվել է՝ Ա/Ձ-ն ամբողջությա՞մբ է կատարել պարտավորությունները, թե՞ ոչ: Իսկ պատասխանը եկել է բացասական, որը հետեւյալն է՝ ոչ, ամբողջությամբ կատարված չէ, որովհետեւ քիչ են պատվիրել», – ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ քաղաքապետարանը իր դիրքորոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ տվյալ մասնակցին ոչ միայն զրկելու գնումների մրցույթին մասնակցելու, այլեւ սեւ ցուցակում ներառելու մասին: Սակայն «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի ներկայացուցիչ Հ. Գուլոյանը հակադարձելով քաղաքապետարանի ներկայացուցչի դիրքորոշմանը՝ ասաց. «Ներկայացվել է, որ մենք պետք է թաղապետարաններից կամ մանկապարտեզներից պահանջենք հանձնման-ընդունման ակտեր, բայց մենք ո՛չ վարչական շրջանների եւ ո՛չ էլ մանկապարտեզների հետ պայմանագիր չունենք կնքած եւ իրավունք էլ չունենք իրենցից պահանջել: Դա քաղաքապետարանի գործառույթն է, որն իրենք չեն անում եւ այն թողնում են մեզ»: Ինչեւէ, նիստի վերջում գնումների բողոքարկման խորհուրդը հայտարարեց, որ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի բողոքը բավարարելու եւ չբավարարելու մասին որոշումը կհայտարարի հունիսի 20-ին: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ա/Ձ-ի բողոքը գնումների բողոքարկման խորհուրդը բավարարել է: Այսինքն՝ ժամանակավորապես կասեցվել է «ԵՔ-ՇՀԱՊՁԲ-16/98» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի արդյունքներով պայմանագրի կնքումը՝ մինչեւ Ա/Ձ-ն կներկայացնի համապատասխան, «ընթեռնելի» փաստաթղթերը:
Նիստի ավարտին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Էդուարդ Առուստամյան» Ա/Ձ-ի լիազոր ներկայացուցիչ Հ. Գուլոյանի հետ եւ փոխանցեց մանկապարտեզների աշխատակիցների դժգոհությունները կապված իրենց մատակարարման հետ: «Արդեն երեք տարի է, ինչ 160 մանկապարտեզի սնունդ ենք մատակարարում, բայց այս ընթացքում ոչ մի բողոք նրանց կողմից չենք ստացել: Իսկ ուշացումները արդարացված են: Օրինակ՝ թարմ հացի համար սպասում ենք, դրա համար էլ այն ուշացնում ենք: Բայց մենք 3 տարվա մեջ անընդհատ պայքարի մեջ ենք եղել: Անուններ չտանք, ուղղակի ուզում են հանել մեզ այս բիզնեսից: Չտանք անուններ: Մենք զրոյից մեզնով սկսել ենք, իսկ հիմա ամեն կողմից ուզում են քարկոծել: Եւ մինչեւ հիմա որ ոտքի վրա կանգնած ենք, շատերին զայրացնում է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ Ա/Ձ-ի ներկայացուցիչը՝ Հ. Գուլոյանը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ «Էդուարդ Առուստամյան» ԱՁ-ի գործունեությունը խոչընդոտելու հարցում որոշակի ակտիվություն են դրսեւորում «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Տիսա» ՍՊԸ-ն եւ այլն: Ի դեպ, այս ընկերությունները կապվում են ծագումով արցախցի հայտնի գործարար Յուրի Ադյանի անվան հետ: Նշենք, որ վերջինիս են պատկանում նաեւ «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները: Սրանք այն ընկերություններն են, որոնք անընդմեջ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում եւ մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ` իրականից կրկնակի-եռակի բարձր գներով: Ինչի արդյունքում հայտնվել են սեւ ցուցակում եւ զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Յ. Ադյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ դրսում բուժում ստացող մեր զինվորներից եւ ոչ մեկը չի ֆինանսավորվել պետության կողմից, այլ այդ գումարները անհատ անձինք են փոխանցել: «Ես եկել եմ՝ հայտարարելու, որ մեր պետությունը մեր զինվորների կողքին չէ: Գերմանիա մեկնած ոչ մի զինվորի պետական միջոցներից գումար չի տրամադրվել, տրամադրել են մարդիկ, որոնք թեեւ պաշտոնյաներ են, բայց մասնավոր են: Ամեն օր տեսնում ենք ՊՆ-ի տարածած գովազդը, որով խնդրում են բանակի հարցերը չքննարկել, բայց այդ հարցերը չեն քննարկվի, եթե հանրությունը տեսնի, որ օրենքն աշխատում է»,- նշել է Ա. Բախշյանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի հայրը, ով ասել է, որ որդուն դեռ մի քանի վիրահատություններ են սպասվում, որոնց համար իրենից ահռելի գումարներ են պահանջում: Սկզբից իրենցից ուզել են 20 հազ եվրո, հետո դեսպանատան հետ խնդիրներ են եղել, ու եւս 39 հազ եվրո է պետք եկել: «Առաջին փուլի համար նախատեսված էր Արմանի առողջական խնդիրները կարգի բերել: Առաջին փուլի ավարտից հետո, դեռ 10 օր առաջ, Արմանը պետք է տեղափոխվեր վերականգնողական կլինիկա, որտեղ պետք է զբաղվեին ողնաշարով եւ ողնուղեղով: Սակայն կլինիկան էլ իր հերթին է իր գումարները պահանջում, որի մեջ ներառել է ե՛ւ ողնաշարի վիրահատություն, որը չի լինելու, ե՛ւ պառկելախոցի վիրահատություն, որը նույնպես չի լինելու: Շնչափողը քանի դեռ վերջնական փակված չէ, դա էլ որպես վիրահատական գումար են հաշվում, ու մի ահռելի գումար է դարձել»,-բացատրել է Արմանի հայրը:
Ըստ Բախշյանի՝ այս պահին հրատապը 60 հազար եվրոն է, որ ընդունեն կլինիկա ու սկսեն վերականգնողական կուրսը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի եւ այլ վնասվածքներ: Ծնողները մայիսի 26-ին նրան տեղափոխել են Գերմանիա:




Լրահոս