ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԱՅԼԱԶԳԻ ԱՄՈՒՍԻՆ ԿԸՆՏՐԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից հացազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ մենք կբացահայտենք նրանց էության յուրահատուկ կողմերը, կանդրադառնանք վերջիններիս համար նվիրական թեմաների: Հարցվողները կխոսեն իրենց նվաճումների, բացթողումների, մեծագույն նպատակների մասին: Բացառված չէ նաեւ, որ նրանք հանդես գան որոշակի «գաղտնազերծումներով»` ներկայանալով բոլորովին նոր դիտանկյունից: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի հետ:

-Իվետա՛, մանկությունից Ձեզ ուղեկցող անուն, դիմելաձեւ ունե՞ք:
-Այո, Իվուլիկ:
-Երեւանի հետ կապված Ձեր առաջին հիշողությունները:
-Դրանք առնչվում են Բուզանդի փողոցին, մեր դալանին:
-Առաջիկայում որտե՞ղ եք մտադիր ապրել` Հայաստանում, թե՞ արտերկրում:
-Այն ջերմությունը, որ կա Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի: Թեեւ ես գիտեմ, որ առաջիկա տարիներին անընդհատ ճամփորդելու եմ:
-Արտիստի Ձեր հաղթաթուղթը:
-Ըստ իս, նա միշտ պետք է ժամանակ գտնի ինքն իր հետ մնալու համար, ինչպես նաեւ պետք է կարողանա քննադատություն ընդունել: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հայելին պահել եւ տեսնել արտացոլանքդ:
-Եվրատեսիլյան ամենահիշարժան պահը Ձեզ համար:
-Ջասթին Թիմբերլեյքի հետ ծանոթությունս:
-Ձեր երգացանկի ամենասիրելի երգը:
-Այս պահին դա «Simple like a flower» երգն է, որը շատ անկեղծ ստեղծագործություն է:
-Երկրպագուներ, որոնց երբեք չեք մոռանա:
-Թերեւս կառանձնացնեմ իմ առաջին երկրպագուներին՝ Մարիամ Վարդանյանին եւ Անի Ահարոնյանին, ովքեր միշտ իմ կողքին են եղել:
-Արտիստ, որը հիացրել է Ձեզ:
-Թինա Թըրները: Նա բավական բարդ կյանք է ունեցել, սակայն այնքան ուժեղ է եղել, որ կարողացել է հաղթահարել ամեն բան:
-Հայկական երգարվեստի հետաքրքիր դեմքերը` ըստ Ձեզ:
-Արթուր Մեսչյան, Ռուբեն Հախվերդյան, Էդգար Գյանջումյան, Ռոբերտ Ամիրխանյան:
-Ձեր բնավորության ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը
-Դրանք այս պարագայում համընկնում են… Լավ ու վատ կողմերս կապված են մեկ հատկության հետ. երբեմն չափազանց անկեղծ եմ լինում: Բացի այդ, համաստեղությամբ կշեռք եմ, այդ իսկ պատճառով միշտ ծայրահեղությունների մեջ եմ:
-Մուլտֆիլմի հերոս, որին նմանեցնում եք Ձեզ:
-Cruella de Vil-ին եմ շատ նման` մեքենա վարելիս:
-Վախը հաղթահարելու Ձեր տարբերակը:
-Ուղղակի պետք է գործել, այլապես միշտ կվախենաս: Բացի այդ, անհրաժեշտ է կանգնել վախին դեմ-հանդիման: Ես ամեն ինչ ռիսկով եմ անում, որովհետեւ միշտ պլան B ունեմ` երկրորդ ելք:
-Սեքսուալ լինելու Ձեր գաղտնիքը:
-Ինձ համար սեքսուալ լինել նշանակում է կանացի լինել:
-Մի բան, որ կինը երբեք չպետք է իրեն թույլ տա:
-Թերեւս հունից դուրս գալ: Կինը պետք է չափի զգացում ունենա յուրաքանչյուր հարցում:
-Տղամարդկանց շրջանում Ձեզ գրավող հատկանիշը:
-Բույրը:
-Կյանքի ընկեր ընտրելու Ձեր չափանիշները:
-Իմ ընկերը կարող է դառնալ այն մարդը, ով կարողանում է լոյալ լինել եւ բարի սիրտ ունի:
-Այլազգի ամուսին կընտրե՞ք:
-Ինձ համար մարդկային հատկանիշներն են կարեւոր:
-Ձեր ամենամեծ երազանքները ինչի՞ հետ են կապված:
-Մի օր կանգնելու եմ «Օսկարը» բռնած ու ասելու եմ շնորհակալություն բոլորին, ես հավատացած էի, որ այս պահը կգա (ժպտում է):
-Կախման կետեր, որոնք ստիպում են Ձեզ կառչել կյանքից:
-Ապագայի անելիքները… Ես դեռ այնքան բան ունեմ անելու… Այդ ամենն իսկապես ստիպում է կառչել կյանքից:

 

 

 
«ԹՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՕԳՏԱԳՈՐԾԵՆ…»

Հայկական շոու-բիզնեսի ամենականացի երգչուհիներից մեկը` Նառան, ընդամենը օրեր առաջ է վերադարձել ծովափնյա հանգստից: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը, սովորաբար, ավելի վաղ է մեկնում հանգստի, քան մյուսները. «Արդեն իմ հանգիստը վայելել եմ Լիբանանում, անգամ արեւայրուք եմ ընդունել»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում էլ Նառան կմեկնի որեւէ այլ երկիր, վերջինս պատասխանեց. «Ես երբեք չեմ պլանավորում իմ կյանքը, միանգամից եմ որոշումներ կայացնում, այնպես որ նախապես ոչինչ ասել չեմ կարող»:

Մենք Նառայի հետ զրուցեցինք նաեւ գործնական կյանքում սպասվող նորությունների մասին: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ շուրջ տասը օրից կմեկնարկեն իր նոր տեսահոլովակի նկարահանումները: Հայերեն երգի երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյան է, խոսքերինը` Անիտա Հախվերդյանը, իսկ գործիքավորումն արել է Արա Թորոսյանը (Մուրզիկ), տեսահոլովակն էլ կնկարահանի Հրաչ Քեշիշյանը, այն կցուցադրվի սեպտեմբերին. «Կներկայացնեմ շատ ուրախ, արագ ռիթմերով երգ: Ես հասկացա, որ մարդկանց հիմա միայն պոզիտիվ գործեր են պետք` թեթեւ, ուրախ երգեր: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա ասեմ, որ սպասում ենք` խաղողը հասնի, որպեսզի նկարահանենք այս մրգի հետ կապված տեսարաններ»,- մեկնաբանեց Նառան` դեռեւս զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց:
Մեր այն հարցին, թե ինչու երգչուհին վերջին շրջանում չի երեւում էկրաններին, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է երեւում: Մեր հեռուստաընկերությունները ոչ մի հեռուստածրագիր չեն հեռարձակում, որտեղ ընդգրկված կլինեն արվեստի մարդիկ: Թող մեզ օգտագործեն… Չեն օգտագործում: Իսկ մի ձեռքը ծափ չի տալիս: Այստեղ միայն իմ երեւալ-չերեւալու խնդիրը չէ. դա մեր բոլոր երգիչ-երգչուհիների խնդիրն է: Եթե, օրինակ, որեւէ երգչուհի նկարահանվում է ինչ-որ ծրագրում եւ հանդես է գալիս ոչ իր մասնագիտությամբ, ես չեմ համարում, թե նա երեւում է էկրանին: Իսկ ես ազատ արվեստագետ եմ, մշտապես փորձել եմ գոհացնել իմ հանդիսատեսին: Կարծում եմ` իմ այս նոր երգն էլ կդառնա հիթ: Ամեն դեպքում` որոշողը ժողովուրդն է, անհամբեր կսպասեմ հանդիսատեսի դատին»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՄՔԵՐ
Հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն ամփոփող գալա համերգ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ հայ երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը (ջութակ), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ), Վահագն Պապյանը (դաշնամուր), Հասմիկ Պապյանը (սոպրանո) եւ Բարսեղ Թումանյանը (բաս): Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 90 տարի առաջ` Արշակ Ադամյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից:

 

 

ՇԵՐԸ ԼԱՎ Է
Հունիսի սկզբին ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, թե հայկական արմատներով երգչուհի Շերը (Շերիլին Սարգիսյան) մահամերձ է, վաճառում է իր տունն ու նույնիսկ կտակ է պատրաստում: Այնինչ՝ երգչուհուն այս օրերին տեսել են Սեն Տրոպեում, առույգ եւ երջանիկ: Daily Mail-ի փոխանցմամբ` նա իր ընկերների հետ պաղպաղակ ուտելիս է եղել: Շերին զվարճացրել է ոստիկանի համազգեստով մի մարդ, որը նման է եղել Ժանդարմների մասին հանրահայտ Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆրանսիական ֆիլմերի հերոսներին: Այնպես որ, 70-ամյա երգչուհին չի պատրաստվում հանձնվել:

 

 

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ` ԹՈՒՐՔԵՐԵՆ ԲԱՌԵՐ
Լեզվի պետական տեսչության առաջատար մասնագետ, մանկագիր, թարգմանիչ Երազիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգչուհի Սիլվա Հակոբյանի նոր երգին. «2010-ի մամուլում հայկական շոու-բիզնեսի բերած լեզվական աղտի կապակցությամբ հերթական հոդվածս էր տպագրվել: Այդ շրջանի հայկական երգերի խոսքային խայտառակությունների կողքին օրինակներ էի բերել մեր երգիչների` եթերում հնչեցրած «ասույթներից»: Շարքը սկսվում էր Սիլվա Հակոբյանով: Հարցին, թե ինչ է նշանակում իր նոր երգում հնչող «խոնջա-բոխչա» արտահայտությունը, երգչուհին պատասխանում է. «Մաքուր հայերեն դրան ասում են «թաշախուստ»: (Երգարվեստն էլ երեւի հոր «դուքանն» է): Բայց, ցավոք, նման երեւույթների դեմ ասվածխոսքը չի լսվում, եւ տգիտությունն ու անճաշակությունը տարածվում են անարգել: Եվ, ահա, խնդրեմ` էլի մի նոր երգ: «Արդիական» թեմային տուրք տալով` Սիլվա Հակոբյանն ու նրա քույրը հարստացրել են տեղից էլ նման երգերով կարգին հարուստ հայկական էստրադային երգարվեստը: Նոր երգը նվիրված է հայ զինվորին եւ կոչվում է «Հայենք»: Երգի` առանց այն էլ պարզունակ խոսքը «համեմված է» թուրքերեն բառերով` «ղուրբան», «դուշման», «քյասիբ», «թասիբ»: Ինչպիսի՜ հայրենասիրություն այսպես գովերգել մեր հերոսներին: Մի քիչ էլ որ ջանային, երգի բառերը թուրք զինվորներին ավելի հասկանալի կլինեին, քան մերոնց: Գուցե Սիլվա Հակոբյանն ինձ «բայղուշ» համարի, բայց սպասում եմ, թե երբ է սրանց տեսակը կորցնելու իր «արդիական»-ությունը: Ե՞րբ են սրանք հավաքելու իրենց «խոնջա-բոխչաներն» ու կորչեն մեր մշակույթից»:




Լրահոս