Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Նշվել է, որ արդեն ավարտին է մոտենում տարածքի սալահատակի փոխարինումը, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Հաշվի առնելով տարածքի բարեկարգման առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը մանրամասնորեն ներկայացնել հանրային լսումների արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն ու իրականացվող աշխատանքների ընթացքը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների ընթացքին:
«Ամենօրյա հսկողության տակ պահեք մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու խստորեն հետևեք որակին: Անորակ աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն ու համապատասխան քայլեր ձեռնարկվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն շեղվել մեր առաջադրած պահանջներից: Շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումը ևս պահեք մշտական հսկողության տակ ու այդ հարցում նույնպես եղեք հետևողական»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ իրավախախտման 9 դեպք է հայտնաբերվել, կազմվել են վարչական արձանագրություններ: Մեկ հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել այդ ուղղությամբ մշտական հսկողությունը:
Զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ճշգրտման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ կազմվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017թ. ցանկը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն