ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ ՏԻՐԱՑԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը մի խումբ վանաձորցիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը` Վանաձորի ճանշինի տնօրեն Սեյրան Դարբինյանը, յուրացնում են ճանապարհների ասֆալտապատման համար հատկացված գումարները: Վանաձորցիների ներկայացմամբ` ասֆալտապատման աշխատանքների հետ կապված բոլոր մրցույթներում մշտապես «հաղթում» է Ս. Դարբինյանի եղբորը պատկանող «Արգիշտի» ընկերությունը, որը, սակայն, աշխատանքները լիովին չի իրականացնում: «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Դարբինյանից պարզել, թե ինչպես է ստացվում, որ մրցույթներում մշտապես հաղթում է նրա եղբորը պատկանող ընկերությունը:
-Պարո՛ն Դարբինյան, տեղեկություններ կան, որ քրեական գործ է հարուցվելու Ձեր դեմ, քանի որ քաղաքում չեն իրականացվում նախատեսված ասֆալտապատման աշխատանքները, իսկ բնակիչներն էլ որոշել են բողոքել քաղաքապետարանի դեմ: Իրականում նման բան կա՞:
-Նման բան չի կարող լինել, որովհետեւ ասֆալտապատման աշխատանքներն իրականացման համար մրցույթի են դրվում, մրցույթի դնելուց հետո շահողներն արդեն գալիս, իրենց գնային առաջարկներով սկսում են աշխատանքը, եւ մինչեւ աշխատանքի որոշ մաս չի կատարվում, այնտեղ որեւէ դրամի վճարում չի կարող լինել:
-Իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր մրցույթներում «հաղթում» է հենց Ձեր եղբոր ընկերությունը:
-Ուրեմն Դուք կարող եք զանգահարել Վանաձորի ոստիկանություն եւ պարզել՝ քաղաքապետարանի վրա նման քրեական գործ կա, թե չկա: Բոլոր ատյաններում էլ կարող եք հարցում իրականացնել՝ արդյոք նման բողոք կա, թե ոչ, հնարավո՞ր է՝ աշխատանք չկատարվի, եւ որեւէ գործատու չարած աշխատանքի դիմաց որեւէ մեկին վճարում կատարի: Դա բացառված երեւույթ է, որեւէ մեկը նման բան չի կարող անել:
-Ի՞նչ կասեք այն տեղեկությունների հետ կապված, որ այդ գումարները տնօրինում եք Դուք եւ Ձեր եղբայրը:
-Յուրաքանչյուր մրցույթ, որը 1 միլիոն դրամից ավել է, դրա մասին ՀՀ օրաթերթում հայտարարություն է տրվում, մեկ ամիս հետո ճանաչվում է մրցույթի շահողը, դրանից հետո մի քանի կազմակերպությունների կողմից պարզեցվում է, նոր նրանց գումարները բաց թողնվում: Չկատարած աշխատանքի դիմաց որեւէ մեկը չի կարող այդ գումարները տալ, քանի որ գանձապետարանն ինքը գումար բաց չի թողնելու: Իմ եղբայրն «Արգիշտի» ՍՊԸ-ի նախագահն է, բայց Վանաձորի ասֆալտապատման աշխատանքները, որ տարվում են քաղաքապետարանով, դրանք լրիվ արվում են Լոռվա ճանշինի եւ այլ կազմակերպությունների միջոցով եւ ոչ թե «Արգիշտի»-ով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս