ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ԷԼ ԿՀԱՄԱՆԵՐՎԵՆ
Երեկ ԱԺ-ում սկսվել է Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված համաներում հայտարարելու մասին առաջարկության հատուկ ընթացակարգով քննարկումը:
Համաներման փաստաթուղթը ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշել է, որ համաներումը 1/3-րդ-ով տարածվում է հետեւյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ գողություն, խարդախություն, յուրացնելը կամ վատնելը, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, դիտավորությամբ ոչնչացնելը եւ այլն։
Ըստ Հ. Թովմասյանի՝ համաներումը Զ-րդ-ով կրճատում է պատժաչափի չկրած մասը հետեւյալ հանցակազմերի դեպքում՝ մարդուն առեւանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը եւ այլն։ Առաջին անգամ համաներում է կիրառվելու նաեւ ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը եւ այլն։ Այս դեպքերում առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով, եւ այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք։ Արդարադատության նախարարն ասել է, որ համաներումը տարածվելու է նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցողների, հանցագործությունը մինչեւ 16 տարեկանը կատարած անձանց, Հայրենական կամ Արցախյան պատերազմի մասնակիցների, մարտական գործողություններում զոհվածի ծնողների կամ զավակների վրա: Համաներումը չի կիրառվելու հետեւյալ հանցագործությունների դեպքում՝ բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, բանդիտիզմ, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական-քաղաքական գործչի սպանություն եւ այլն:

ԹՈՌԸ ԾԵԾԵԼ Է ՊԱՊՈՒՆ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում սկանդալային դեպք է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ Գեղանիստ գյուղի 6-րդ փողոցում 16-ամյա թոռը ծեծի է ենթարկել 79-ամյա հարազատ պապիկին: Նշված փողոցում մեծ իրարանցում է ստեղծվել, եւ ըստ ականատեսների՝ պապ ու թոռ բավական երկար վիճաբանել են, իսկ ավելի ուշ լսվել են թոռան կողմից պապուն հասցված հարվածների ձայները: Գեղանիստի գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով. «Գնացե՛ք, պապի՛ն էլ հարցրեք»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ ծեծված պապիկին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ թոռը ոստիկանությունում բացատրություն է տվել: Կատարվում է քննություն:




Լրահոս