ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ` ԳՐՔԵՐ «ՆԱՂԴԵԼՈՒ» ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բազմաթիվ բուհերում տարածված երեւույթ է այն, որ դասախոսներն ուսանողներին ստիպում են սեփական հեղինակային գրքերը գնել՝ այլապես սպառնալով բացակա նշանակել կամ էլ քննությունների, ստուգարքների ժամանակ ուսանողի «քթից բերել»: Ուսանողներն էլ, այլ ելք չունենալով, սովորաբար ենթարկվում են: Սակայն լինում են եւ բացառություններ, ովքեր մինչեւ վերջ պայքարում են իրենց իրավունքների համար, ինչպես դա անում են «Ժողովուրդ»-ի հետ զրուցած մի քանի համարձակ ուսանողներ:
Շատ դասախոսներ պարտադրում են գրքերը գնել, եւ էական չէ, թե այդ գիրքն իրենից ինչ արժեք է ներկայացնում` հիմնավոր գիտական աշխատություն է, թե դասախոսի մտավարժանքները: Բնականաբար, դժկամորեն, սակայն ուսանողներն իրենց պարտադրված գրքերը, ի վերջո, ստիպված են լինում գնել, որովհետեւ չգնելը բացասաբար է անդրադառնում դասախոսի հետ հարաբերությունների վրա:
Հատկանշականն այն է, որ, օրինակ, ԵՊՀ ռեկտորն իր ելույթների ժամանակ բազմիցս նշել է, թե արգելվում է դասախոսներին իրենց գրքերը համալսարանում վաճառել: «Սակայն ռեկտորի այդ հայտարարությունը բանի տեղ դնող չկա: Եթե գիրքը չենք գնում, քննական հարցերի մեծամասնությունը զարմանալիորեն հենց այդ աշխատությունից է կազմվում: Մեզ շատ է խանգարում իրենց գրքեր «նաղդելու» այդ բիզնեսը»,-մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի ուսանողուհի Ա. Մ.-ն, որը հասկանալի պատճառներով չի ներկայանում:
«ԵՊՀ գրաբարի դասախոսներից մեկն օրերս «բացակա» է դրել մի ամբողջ կուրսի իր պարտադրած գիրքը չգնելու համար: Մեկ այլ դասախոս՝ դարձյալ ԵՊՀ-ից, արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին «խոստացել է», որ ոչ մեկը «երեքի» հույս չունենա, քանի որ չենք կամեցել 5000 դրամ հատկացնել իր մտքի «գոհարների» համար»,-նշեց մեկ այլ ուսանողուհի ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետից:
Առկա իրավիճակից բողոքող մեկ այլ ուսանողուհի էլ ներկայացրեց հետեւյալը. «Ես չեմ վախենում խոսելուց, եթե իրենց գրքերը չենք առնում, «թարսվում» են ամբողջ տարին: Ես իրենց գրքերը դիտավորյալ չէի գնում, ճիշտ է` տուժում էի, բայց ես հիմար չեմ ու չեմ վախենում իրենցից: Ես ԵՊՀ-ի ուսանողուհի եմ, արդեն 4-րդ կուրսեցի եմ ու չափից դուրս հիասթափված: Քիչ է մնում՝ դուրս գամ համալսարանից: Ամբողջ հայոց լեզվի ամբիոնը ստիպում է, որ գիրք գնենք: Լեքսիկայի դասախոս Սարուխանյան Ռուզաննան, օրինակ, միայն անցած տարի 4 տեսակի գիրք բերեց բաժանեց 22 հոգուս եւ ասաց, որ մյուս դասին 12.000 դրամը հետներս բերենք»:
Մի շարք ուսանողներ էլ բողոքեցին ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանից: ««PR-ը լրագրության մեջ» գիրքն արժե 1600 դրամ: Իր սեփական աշխատությունն է: Ուզենք-չուզենք, գնում ենք: Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն: 1 տարի է մնացել, կավարտեմ կգնամ, բայց հիասթափված կգնամ»,-նկատեց լրագրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը:
Իրականում երեւույթը նորմալ կլիներ, եթե դասախոսն իր մտքի աշխատանքը վաճառեր՝ ըստ ուսանողի նախընտրության: Ողջունելի է, որ Հայաստանում ունենք մասնագետներ, որոնք գրքեր, աշխատություններ, հրապարակախոսություններ են հեղինակում, սակայն ուսանողներին ճնշելու եւ համարյա շանտաժի միջոցով գիրք վաճառելու երեւույթը, մեղմ ասած, անընդունելի է: «Ժողովուրդ»-ն ուշիուշով հետեւելու եւ գնալու է բոլոր բողոքների հետքերով: Մենք հասկանում ենք, որ դասախոսները եւս դեմ չեն կողմնակի եկամուտ ունենալուն, սակայն ստացվում է` իրենք էլ իրենց ոլորտում են ցանկանում մենաշնորհ հաստատել` անբարեխղճորեն ստիպելով գնել իրենց «արտադրանքը»: Մենք ունենք դասախոսների անունների ու նրանց կողմից ուսանողներին պարտադրված գրքերի ցանկ, որը պատրաստ ենք առաջիկայում հրապարակել, եթե վերջ չտրվի վերը նշված տգեղ երեւույթին:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս