ԱՅՐՎԵԼ Է
Նախօրեին՝ առավոտյան, Վայոց Ձորի մարզի Գոմքի գյուղապետարանին պատկանող անասնագոմում հրդեհ է բռնկվել: Այրվել են 3000 հակ պահեստավորված անասնակեր եւ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 55 քմ մակերեսով: Գոմքի համայնքապետ Մխիթար Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղապետարանին պատկանող անասնագոմը վարձակալված է գյուղացիներից մեկի կողմից: Իսկ հրդեհի պատճառով կրած վնասը համայնքապետարանը չի կարող փոխհատուցել, քանի որ բավարար գումար չկա: «Հակառակը, եթե շենքը վնասված լինի, ապա վարձակալողն է փոխհատուցելու: Գյուղապետարանի բյուջեն կազմում է ընդամենը 4 մլն դրամ, իսկ վնասված անասնակերի գումարը՝ 2 մլն, ինչպե՞ս եք պատկերացնում՝ կարո՞ղ ենք փոխհատուցել, թե՞ ոչ: Իհարկե ոչ»,-ասաց համայնքապետը: Նրա խոսքով՝ հրդեհի պատճառը հոսանքալարերն են:
ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ
Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում քննարկվել են մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցերը: Քաղաքապետը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա ճակատագիրը: Քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի՝ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն: Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ սեպտեմբերի 14-ին, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մեծ շուքով հայտարարեց, որ Երեւանը փրկվելու է, եւ բոլոր կիսակառույց շենքերը, որոնք նախատեսված էին բարեկարգելու մայրաքաղաքը, կդադարեն լինել շինհրապարակ: Սակայն իրականությունը չփոխվեց:
ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենք սեպտեմբերի 30-ին պետք է հանդիպեին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, բայց այն դեռ չի ավարտվել: «Ժողովուրդ»-ն Ա. Քարամյանից հետաքրքրվեց, թե ինչու չի կայացել հանդիպումը շահառուների հետ. «Հանդիպումը նշանակված է եղել հոկտեմբերի 8-ին: Բոլորին անհատապես այդ մասին ծանուցվել է: Իսկ մինչեւ հոկտեմբերի 20-ը եւ ոչ ուշ շենքը շահագործման կհանձնվի: Մինչեւ 11-րդ հարկ ամբողջովին պատրաստ է, իսկ 12-րդ, 13-րդ, 14-րդ հարկերում աշխատանքները լայն թափով ընթանում են»:
ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր խմբագրություն այցելած մի խումբ քաղաքացիներ ահազանգել էին, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը, ուսուցիչների տոնին ընդառաջ, 3000 դրամ է հավաքում, ու այս դրամահավաքն իրականացվում է ինչպես Նոր տարվա նախաշեմին, այնպես էլ տնօրենի ծննդյան տարեդարձին: Թեեւ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, սակայն երեկ մեզ զանգահարեցին նույն դպրոցի ծնողները եւ տեղյակ պահեցին, որ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո իրենցից հավաքված գումարը հետ են վերադարձրել: