ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է: Սակայն մի քանի համայնքապետեր «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նշելով, որ անասնագլխաքանակը նվազել է, քանի որ անասնակերի թանկացման պատճառով մարդիկ ստիպված մորթում են իրենց անասունները:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2013-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 303 հազար 277 կով, 145 հազար 44 խոզ, 645 հազար 711 ոչխար եւ 29 հազար 20 այծ: Կովերի գլխաքանակով առաջատարը Գեղարքունիքի մարզն է՝ 54 հազար 271 գլխով, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 50 հազար 152 գլուխ կովերով, երրորդն Արագածոտնի մարզն է՝ 40 հազար 326 գլխով: Իսկ Վայոց Ձորի մարզն ունի ամենաքիչ կովերը՝ 9 հազար 576 գլուխ: Խոզերի գլխաքանակով առաջատարը Արմավիրի մարզն է՝ 20 հազար 683 գլխով, ետնապահը՝ Վայոց Ձորի մարզը` 1921 խոզով: Ոչխարների գլխաքանակով առաջատարը նույնպես Գեղարքունիքի մարզն է՝ 98 հազար 666 գլուխ անասունով, իսկ ամենաքիչ ոչխարները հաշվառվել են Տավուշի մարզում՝ 14 հազար 110 գլուխ:
Գյուղնախարարության (ԳՆ) պաշտոնական կայքէջում նշված է, որ ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմել է 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի եւ ոչխարի (գառան) մսինը՝ 2800-3000 դրամ: Սակայն արդեն սեպտեմբերի վերջից նկատվում է տավարի մսեղիքի 8-9%, խոզի մսի 11% եւ ոչխարի մսի 15% գնանկում: Ըստ ԳՆ-ի` ՀՀ բոլոր մարզերում մսի իրացման համար գիրացված տավարի եւ ոչխարի գլխաքանակը 10%-ով, իսկ խոզերինն ավելի քան 15%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրացման ենթակա անասնագլխաքանակի ցուցանիշը:
Չնայած սրան` սեպտեմբերի երկրորդ կեսին մսամթերքի շուկայում փոփոխություններ նկատվեցին: Թեեւ մսեղենի գները կայուն են, սակայն երշիկի եւ նրբերշիկի որոշ տեսակներ թանկացան` միջինը կգ-ն 40 դրամով: Սա հիմնականում պայմանավորված է ներմուծված մսի, մասամբ էլեկտրաէներգիայի թանկացմամբ:
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերի 13-19-ին Հայաստան է ներմուծվել 652150.1 կգ միս-մսամթերք: Մինչդեռ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է ընդամենը 13922.52 կգ միս-մսամթերք:
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հաշվապահ Սիմա Իսրայելյանը նշեց, որ նախօրեին իրենց համագյուղացիներից մեկն անասնակերի թանկացման պատճառով 6 կով է մորթել, իսկ միսը հանձնել մսագործին. «Գյուղացիների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է: Աշխատատեղ չկա, մի համայնքապետարան է, որտեղ երեք մարդ է աշխատում, եւ մի դպրոց` իր երկու աշխատակցով: Ի՞նչ անեն խեղճերը: Հիմա խոտի մի տուկն արժե 1000 դրամ, մինչդեռ տարիներ առաջ այն 300-400 դրամ արժեր»:
Կութեցի կնոջ խոսքով՝ շատերն էլ հացահատիկի մշակությամբ զբաղվողներից գնում են հացահատիկի ցողունը (սալոմ), որպեսզի դրանով կերակրեն իրենց անասուններին. «Բայց դա էլ չոր է, ու դրանով անասունը չի կշտանում, կաթնատվությունն էլ նվազում է: Շուտով խոտի գինը կդառնա 1800-2000 դրամ: Մարդիկ ստիպված պարտքով գնում են անասնակերը, հետո կամաց-կամաց վճարում, մոդա է հիմա պարտք ունենալը: Թե չէ ի՞նչ անեն, մսի գինն էժան է, իսկ կովերն էլ նիհար են: Չէ՛, համոզվում ենք, որ այսօր անասնապահությունը էլ եկամտաբեր չէ: Նույնիսկ մսագործն է հրաժարվում այն գնել: Գյուղում ընտանիք կար, որն ուներ 5-6 կաթնատու կով, բայց հիմա մեկն ունեն»:
ՀՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանը դա այլ կերպ է մեկնաբանում. «Դա սեզոնային ավանդական մորթն է, որ ամեն տարի՝ այս եղանակին, կատարվում է, որովհետեւ հենց այս շրջանում է անասունը սարից գիրացած իջնում, եւ գյուղացուն ձեռք է տալիս, որ հենց էդ ժամանակ մորթն անի»:
Թեեւ ԳՆ-ի պաշտոնական կայքէջում գրված է, որ 2012թ. գործնական քայլեր են ձեռնարկվել ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ, այնուամենայնիվ, այս ոլորտում եւս հետընթաց է գրանցվել: Ինչի մասին փաստեց նաեւ ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը. «Այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Հակառակը, Հայաստանում ոչխարաբուծությունը չի զարգանում: Օրինակ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքում մի քանի տարի առաջ 30 հազար գլուխ ոչխար կար, հիմա մնացել է 2 հազար գլուխ»: Նա նույնպես կարծում է, որ պատճառն անասնակերի թանկացումն է, ինչի հետեւանքով մարդիկ դադարում են ոչխար պահել եւ հեռանում են երկրից:
Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի ղեկավար Թենգիզ Մամոյանն էլ իր հերթին պնդեց, որ իրենց գյուղում այս պահին ընդամենը մի ընտանիք է ոչխար պահում. «Նախկինում գյուղում կար 500 գլուխ ոչխար, իսկ հիմա ընդամենը 50-ն է»:
Իսկ Արագածոտնի մարզի Իրինդի համայնքապետ Բարսեղ Հեբոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց գյուղում այս տարի 150-ով պակասել է կովի գլխաքանակը, 100-ով՝ ոչխարինը, 40-ով՝ խոզինը. «Պատճառն անասնակերի թանկացումն է: Խոտի մի տուկն արժե համարյա 2000 դրամ: Մարդիկ էլ գումար չունեն, որ գնեն»:
Այս ամենից հետո Սերգո Կարապետյանը շարունակում է շրջել ՀՀ մարզերով եւ անամոթաբար հայտարարել, որ հանրապետությունում անասնագլխաքանակն աճել է:
ՊԱՐՏՔՈՎ ԱՆԱՍՈՒՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ