Հայ դասական երաժշտության հիմնադիր, անվանի երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 144-ամյակի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել հայտնի երգչախմբեր եւ անհատ կատարողներ աշխարհի 9 երկրից ու Արցախից: Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են անցկացվում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում:
Փառատոնի մեկնարկը տրվեց հենց կոմպոզիտորի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որից հետո անցկացվեցին այլ միջոցառումներ: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նախ կայացավ համերգ, ապա «Հավերժի ճամփորդը» ներկայացման պրեմիերան։ Համերգին մասնակցեցին Ճապոնիայից ժամանած երաժիշտներ, որոնց թվում էր նաեւ հայազգի ջութակահար Կարեն Իսրայելյանը, նրան նվագակցում էր Ասուկա Յոշիձակին ճապոնական կսմիթային կոտո (ճապոնական տավիղ) գործիքով։ Այդ գործիքը, ինչպես նշեց հայ ջութակահարը, 1000 տարվա պատմություն ունի, ընդ որում, գործիքի հեղինակային իրավունքը վիճարկում են Չինաստանն ու Ճապոնիան։ Ապա հայ ջութակահարի եւ ճապոնուհի կոտոյահարի նվագակցությամբ հանդիսատեսը կոմիտասյան հիասքանչ կատարման ունկնդիրը եղավ ճապոնացի բարիտոն Յուհեյ Յուչիդայի կատարմամբ։
«Ժողովուրդ»-ի խնդրանքով համերգի մասին կարծիք հայտնեց կոմպոզիտոր, դիրիժոր, գրող Հենրիկ Անասյանը. «Սա հրաշալի նախաձեռնություն է, որ իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Կոմիտասին, նրա համաշխարհային արժեքը ներկայացնելու ճիգերի մեջ 100 տարվա ժամանակահատվածում սա լավագույն դրսեւորումներից մեկն է. ճապոնացին մաքուր հայերենով երգեց «Հո՛վ արեք»-ը եւ շատ լավ տպավորություն թողեց։ Ի դեպ, լավ տպավորություն ստացանք նաեւ իրենց ազգային գործիքից, որ առերեւույթ հիշեցնում է մեր քանոնը։ Սա երեւի նաեւ դաս պետք է լինի անճաշակ երաժշտությունը հեռուստաէկրանից եւ բեմերից հնչեցնողների համար, որպեսզի չմոռանան կոմիտասյան մաքրամաքուր երաժշտությունը։ Թող սա համարվի սկիզբ, եւ Կոմիտասի՝ համաշխարհային ճանաչման գործընթացը նոր դրսեւորումներ գտնի նաեւ այլ երկրներում, այլ ազգերի շրջանում։ Իհարկե, առաջին հերթին մենք պետք է շահագրգռված լինենք դրանում»։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։
ՃԱՊՈՆԱՑԻՆ ԵՐԳԵՑ «ՀՈ՛Վ ԱՐԵՔ, ՍԱՐԵ՛Ր»-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ