ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ֆիզիկական անձն ինչ չափով գումար կարող է արտահանել ՀՀ տարածքից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 29.07.2005թ. ընդունված ««Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եւ հայտարարագրման» կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման դրույթներով: Ըստ այդմ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց որեւէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ-ից արտահանել մինչեւ 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ եւ համարժեք կանխիկ արտարժույթ՝ արտահայտված թղթադրամների եւ մետաղադրամների տեսքով, ինչպես նաեւ վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի եւ արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցադրումը հետաքրքիր է, պատասխանը՝ առավել եւս, բայց նկատենք, որ թվով շատ քիչ մարդիկ կգտնվեն կամ գուցե այդպիսիք չլինեն, որ 5 մլն դրամ կանխիկ գումար ունենան եւ ցանկանան արտահանել ՀՀ-ից: