Հայաստանում սերնդափոխություն այդպես էլ չի լինում. «անփոխարինելի» ԳԱԱ նախագահն ու որդու բիզնեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ 80-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում: Ոչ վաղ անցյալում, ընդամենը վերջերս, Ռադիկ Մարտիրոսյանը Հայաստանն անվանել էր քոսոտ երկիր և հիմա վերընտրվում է նույն այդ երկրի ԳԱԱ նախագահ այն դեպքում, երբ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գիտությունը Հայաստանում, կարելի է ասել, առհասարակ չի զարգացել:

Վերջին շրջանում` հատկապես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի սկանդալային հայտարարությունից հետո շատերի ուշադրությունը սևեռվեց ակադեմիայի համակարգի վրա, և շատերը կարծիք հայտնեցին, որ առհասարակ 80-նն անց մարդն անելիք չպետք է ունենա ակադեմիայի կառավարման ոլորտում:

Հետաքրքիր է, որ ընդամենը վերջերս՝  փետրվարի 12-ի իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց սերնդափոխության անհրաժեշտության, փոփոխություններ կատարելու ցանկության մասին, սակայն, երբ գալիս է գործելու ժամանակը, իշխանությունները կրկին նախապատվություն են տալիս իրենց «վստահելի», թեկուզ և 80-ամյա Ռադիկ Մարտիրոսյանին, ում պաշտոնավարման տարիներին բազմաթիվ գիտնականներ արտագաղթել և աշխատում են արտերկրում:

Երեկ մենք ներկայացրել էինք արխիվային մի տեսանյութ, որտեղ Ռադիկ Մարտիրոսյանը քնած է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ, ով թերևս բանակի և գիտության կապի մասին կարևոր ելույթ էր ունենում: Սակայն այս դեպքում տարիքն իրեն ասում էր և Մարտիրոսյանն ուղղակի չդիմացավ նախարարի ելույթին և քնեց: Սակայն տարիքը նրան չխանգարեց ևս մեկ անգամ վերընտրվելու համար… թերևս երիտասարդ կադրերին ներգրավելու ժամանակն է:

Թերևս հետաքրքիրն այն է, որ այդ նույն «քոսոտ» երկրում Ռադիկ Մարտիրոսյանի որդին կարողացել է հարստանալ և այնքան  բիզնեսներ ու անշարժ գույք ունի, որ կնախանձեին շատերը: Մասնավորապես, «ՉԻ»-ի տեղեկություններով,  Մաշտոց-Կորյունի փողոցների հատման կետում՝ Պոնչիկանոցի հարևանությամբ գործում է «ՊԻԼՍՆԵՐ ՀԱՈՒՍ» ռեստորան-գարեջրատունը: Այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է: Բացի այս,  Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների և ժամացույցների բրենդային խանութ-սրահը: Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները:

Հավելենք, որ Մարտիրոսյանը 1993 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, իսկ 2006 թվականից էլ զբաղեցնում է ԳԱԱ նախագահի պաշտոնը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս