Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը:
Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում եւ ընդգծել մեր միջեւ ձեւավորված անձնական վստահելի հարաբերությունների կարեւորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է եւ հարստանում կարեւորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաեւ համատեղ ծրագրերով՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար բնագավառներում:
Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների եւ այլ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար:
Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը, մեր համատեղ նախաձեռնությունները հետագայում եւս կնպաստեն մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն եւ նոր հաջողություններ”:




Լրահոս