Չգիտեմ ինչու` դարձանք թշնամիներ. թատրոնի տնօրենը պատասխանում է իր հասցեին հնչած մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այն մասին, որ Պետական կամերային երաժշտական թատրոնում վերջին շրջանում աշխատանքային մթնոլորտը բավական սրվել է. գեղխորհուրդը հրաժարական է տվել, փոխտնօրենը` հեռացվել:

Մեզ հետ զրույցում վերջինս նշել էր, որ տնօրենը միշտ կոնֆլիկտներ է ստեղծում եւ միջամտում ստեղծագործական լուրջ հարցերին, աշխատում է զուտ տեխնիկական վարչարարի մեթոդներով, ունի շատ լուրջ ինքնահաստատման խնդիր: Իսկ գեղխորհրդի՝ արդեն նախկին անդամ, դերասան Գրիգոր Խաչատրյանն էլ հավաստիացրել էր` խորհրդի բոլոր անդամները համակարծիք են, որ տնօրենը չի տիրապետում իր աշխատանքին, եւ նրա հետ որեւէ ստեղծագործող մարդ չի կարող աշխատել:

«Ժողովուրդ»-ը բոլոր այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցել է թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ:
Նա նախ զարմանք հայտնեց, որ գեղխորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը մամուլում իր գործունեության վերաբերյալ դժգհություն է հայտնել խորհրդի բոլոր անդամների անունից այն դեպքում, երբ նրանցից ոմանք, առհասարակ, տեղյակ չեն իր հայտարարություններից: Տնօրենը տեղեկացրեց, որ բացի նախագահից` գեղխորհրդի 4 անդամները ընտրվել են թատրոնի կազմից` Արթուր Սարիբեկյան, Մարատ Խաչատրյան, Մերի Արեյան, Նարինե Միրզոյան, իսկ 4-ը` դրսից` Նարինե Գրիգորյան, Վահան Բադալյան, Գրիգոր Խաչատրյան, Լիլիթ Դանիելյան. վերջիններին ներկայացրել է Արա Խզմալյանը:

Տնօրենի խոսքով` թատրոնից ընտրված 4 անդամները համաձայն չեն Արա Խզմալյանի այն հայտարարությունների հետ, թե Վարդան Գրիգորյանը չի տիրապետում թատրոնի կառավարման տրամաբանությանը, որ իր որոշումները այդ կառույցը հասցրել են փակուղային իրավիճակի եւ այլն:
Ինչ վերաբերում է խորհրդի` դրսից ընտրված անդամներին, ապա Վ. Գրիգորյանը նշեց, որ նրանց հետ որեւէ շփում չի ունեցել, ուստի զարմանալի է, թե որտեղից են վերջիններս իր գործունեության վերաբերյալ կարծիք կազմել. «Պետք է նկատել, որ նրանք շատ քիչ են ներկայացել գեղխորհրդի նիստերին: Օրինակ` Նարինե Գրիգորյանը մեկ անգամ է ներկայացել, Վահան Բադալյանը` եւս: Այնինչ՝ Արա Խզմալյանը հայտարարել է, թե Վահանը հենց սկզբից հասկացել է, որ ինձ հետ չի կարելի աշխատել: Ինչո՞ւ, չհասկացա: Սա այն դեպքում, երբ ես 5 տարի աշխատել եմ մշակույթի նախարարությունում եւ համակարգել եմ թատերարվեստի ոլորտը. այդ մարդիկ ինձ քաջ գիտեն, այդ թվում` Արա Խզմալյանը: Ես նրա հետ խնդիր չեմ ունեցել, ինքն է խնդիր ստեղծել: Չգիտեմ ինչու` մենք դարձանք թշնամիներ: Խնդիր չեմ ունեցել նաեւ դրսից հրավիրված այդ չորս հոգու հետ, եթե իրենք ունեցել են, թող բարի լինեին` արտահայտվեին: Խոսվում է այն մասին, թե իբր գեղխորհուրդը վերջին ամիսներին ծանր ստեղծագործական աշխատանք է կատարել. ես դա չտեսա»:
Ինչ վերաբերում է գեղարվեստական մասով արդեն նախկին փոխտնօրեն Տաթեւիկ Մանվելյանի այն պնդումներին, թե Վարդան Գրիգորյանը միջամտում է ստեղծագործական հարցերին, վերջինս պատասխանեց, որ, օրինակ, թատրոնում շահարկվել է այն հարցը, թե ինքը ռուսերենից թարգմանել է «Կրիսպի մկնիկը» ստեղծագործությունը. «Ասում էին` ինչու է տնօրենը թարգմանել: Կինս բանասեր է, նա չափածո այդ ստեղծագործությունը տաղաչափական ձեւերի հետ կապված մշակումների է ենթարկել. սա էլ շահարկվեց նույն գեղխորհրդի նախագահի, Տաթեւիկ Մանվելյանի կողմից: Հարցնում էին` արդյոք ես կամ մեկ ուրիշը դրա համար գումար ստացել ենք, թե ոչ: Այս հարցը բարձրացվել է նույնիսկ մշակույթի նախարարությունում: Ես ասում եմ` չեմ ուզում պատվիրել որեւէ մեկի, ես եմ անում: Որպես տնօրեն իրավունք ունե՞մ ստեղծագործական-գիտական աշխատանքով զբաղվելու:

Օրենքը թույլ է տալիս, դուք դե՞մ եք, որ ես դրա համար փող չծախսեմ»:
Տնօրենը վրդովված նշեց, որ իրեն բազմիցս խոսակցություններ են հասել այն մասին, թե Արա Խզմալյանը որտեղ նստում է, խոսում է իր` պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության մասին. «Եվ այն հանգամանքը, որ մեր «արանքում» գտնվում էր Տաթեւիկ Մանվելյանը, կարծես թույլ չէր տալիս հասկանալ` ինչի մասին է խոսքը, թույլ չէր տալիս, որ մենք շփվեինք: Իմ տպավորությունն այսպիսին է` նրանք նպատակ ունեին այնպես անել, որ, ի վերջո, տնօրենը վարկաբեկվի: Տպավորություն ունեմ, որ Տաթեւիկ Մանվելյանը եւ Արա Խզմալյանը ընդհանուր միտում ունեին` որ Տաթեւիկ Մանվելյանը լիներ տնօրեն եւ ամեն բան շատ հանգիստ կառավարեր: Ես ինքս Տաթեւիկին հարցրել եմ` լավ, վերջապես դու ի՞նչ ես ուզում, դառնալ տնօրե՞ն: Ի՞նչ պետք է դա քեզ տա: Այն, ինչ ուզում էիր, դարձել ես, պակա՞ս ես վճարվել: Որոշ դեպքերում նա ինձնից ավելի շատ աշխատավարձ է ստացել: Ես ոտքով եմ գնում տուն, ինքը` մեքենայով: Ո՞նց այդպես եղավ: Ընդ որում, նա այդ մեքենան ձեռք է բերել թատրոնում աշխատելու ընթացքում… Ինչու՞ են ստիպում, որ իջնեմ…»:

Վարդան Գրիգորյանը, անդրադառնալով Տաթեւիկ Մանվելյանի` աշխատանքից հեռացվելու հարցին, պնդեց, որ նա մի քանի անգամ կոպիտ խախտումներ է արել, օրինակ` թույլատրել է, որ դերասանուհին (պարուհիներից մեկը) ներկայացման կեսից գնա տուն, կարծես միտումնավոր թույլ չի տվել, որ գեղխորհրդի` դրսից ընտրված 4 անդամների եւ տնօրենի միջեւ շփում լինի, իսկ հարցադրմանը, թե ինչու գեղխորհրդի այդ անդամները իրենց պարտականությունները չեն կատարել, պատասխանել է ոչ կոռեկտ:
«Ժողովուրդ»-ը առաջիկայում կներկայացնի նաեւ գեղխորհրդի` թատրոնի կազմից ընտրված 4 անդամների փաստարկները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս