Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր պետականաշինության հիմնասյուներից մեկը՝ հավելելով, որ Սփյուռքի ներկայությունը մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է: