ՏՄՊՊՀ-ն մթերք արտադրողներին նախազգուշացրեց մոլորեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ էր իրականացրել “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “Էկո”, “Օրգանական” և նման անվանումներով մթերքների արտադրության ոլորտում՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ գործում արտադրող ընկերությունները: Պարզվել է, որ նման անվանումները սպառողներին մոլորեցնելու միտում ունեն, քանի որ ընկերություններն իրենց արտադրանքի վերաբերյալ սպառողներին տրամադրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
“Նյու Վեյկ” Արմավիրի պահածոների գործարանի տնօրեն Աշոտ Ադուլյանը նիստի ժամանակ հայտնեց, որ իրենք չեն իմացել, որ “Բիո”, “Էկո” և նման անվանումներով արտադրանքի պարունակությունը օրենսդրությամբ կարգավորվում է և տարբերվում է այլ անվանումներով արտադրանքից: 
ՏՄՊՊՀ-ն, հաշվի առավ այս հանգամանքը, “Նյու վեյկ”, “Թալին ֆուդ”, “Կալաչ”, “Կոնսեր”, “Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի”, “ԱՁ Գ. Հյուսյան” և “Ամառտի” ընկերություններին տվեց խիստ նախազգուշացում՝ տասնօրյա ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով:
Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ շուկայում եղել տասնյակ դեպքեր, երբ վերոնշյալ անվանումներով ապրանքները որևէ յուրահատկություն չեն ունեցել, այսինքն՝ ոչնչով չեն տարբերվում նման մակնշում չունեցողներից։
Հանձնաժողովը “Բիո”, “Էկո” և նման անվանումներով ոչ պարենային ապրանքների շուկան ևս ուսումնասիրել է: Մաքրող և լվացող միջոցների պարագայում նույնպես կիրառվում են այս հասկացությունները: Բայց քանի որ այս բնագավառը օրենսդրությունը հստակ չի կարգավորում, ՏՄՊՊՀ-ն հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:
Արտակ Շաբոյանը նշեց, թե, միգուցե, իսկապես չեն իմացել օրենքի պահանջները, ինչը հաշվի առնելով հանձնաժողովը որոշեց այդ ընկերությունների նկատմամբ տուգանքներ չկիրառել՝ սահմանափակվելով միայն նախազգուշացումով, որ խախտումները պետք է վերացվեն։ “Եթե խախտումները հաջորդ անգամ կրկնվեն, հանձնաժողովը խիստ է վերաբերվելու, և տուգանքներ է կիրառելու”,- ասաց Արտակ Շաբոյանը։




Լրահոս