Տիգրան Առաքելյանն այսօր ազա՞տ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը:
Ներկաները դահլիճ եկած և ընդմիջման պատճառով հեռացված Տիգրան Առաքելյանին դիմավորեցին ծափերով և “Ա–զա–տու–թյուն” վանկարկումներով:
Ներկաներից ոմանք եկել են “Տիգրան Առաքելյան քաղբանտարկյալ” “Ազատություն, Տիգրան Առաքելյանին” գրությամբ շապիկներով: Վերջին գրությամբ շապիկ կար նաև Տիգրան Առաքելյանի հագին։
Շապիկներից մեկի վրա բոլոր ցանկացողները ստորագրում են, որպեսզի հետո այն նվիրեն Տիգրան Առաքելյանին։
Տիգրան Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց նորից հարցաքննել գործով տուժող ոստիկաններից Շահեն Հարությունյանին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց:
Այնուհետև Տիգրան Առաքելյանը և պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրին անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք ոստիկան Տիգրան Ավետիսյանը ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք և եղել է շատ ծանր վիճակում: Միջնորդությունը միտված էր պարզելու` ունի արդյոք այդ մարդը կոտրվածք, թե` ոչ: Պահանջում էր, որ պաշտպանի հետ անպայման գնան կլինիկա և ռենտգենի պատասխանն անպայման ստանան պաշտպան Մուշեղ Շուշանյանի ներկայությամբ:
Տիգրան Առաքելյանը, միջնորդությունը մեկնաբանելով, ասաց, որ հենց ոստիկանության լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում երևում է, որ դեպքից հետո գրեթե 4-5 ժամ տուժող Տիգրան Ավետիսյանը ոստիկանական տեղամասում է մնացել` ընդամենը մի փոքր արյունոտված շրթունքով:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` երկրորդ միջնորդությունը քննության առնելու:
Նշենք, որ կարծիք կա, որ Տիգրան Առաքելյանը հենց այսօր կարող է ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատավորը մերժել էր մի շարք երաշխավորագրեր՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքով փոխելու վերաբերյալ:




Լրահոս