Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձ է հղել գրադարանային համակարգի աշխատողներին
“Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։
Մեր ժողովրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով ու նաև այդպիսով նպաստում համակարգի զարգացմանը։
Ձեր շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին”։