Շռայլ է և հարուստ հայ պոեզիան. ունենք հրաշալի բանաստեղծներ, որոնց արվեստի գեղեցկության նկատմամբ ժամանակն անզոր է: Այսօր էլ հայ բանարվեստը շարունակում է կրթել ու դաստիարակել բազմաթիվ սերունդներ՝ իր շտեմարանը համալրելով նոր անուններով ու ստեղծագործություններով:
Պոեզիայի դրսևորման ու ներգործման ամենագեղեցիկ արտահայտություններից մեկն էլ ասմունքն է: Այն հրաշալի արվեստ է, որին տիրապետելու ու հաղորդակից լինելու համար պոեզիայի պաշտամունքը, բարձր կատարողականությունը թերևս քիչ են. ներգործման, հաճելի զգացողությունների, ոգևորության համակման համար ամենից առաջ պետք է հարուստ ներաշխարհ, գեղեցիկ մտածողություն ու ինքնատիպ ճաշակ ունենալ:
Այդպիսի մի հրաշալի արվեստագետի “Պոեզիայի արահետներով” գրական-երաժշտական երեկոյին ներկա գտնվեցինք օրերս, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում,և որը մի նոր ու գեղեցիկ էջ բացեց մեր ասմունքի պատմության մեջ՝ Մանուշակ Շիրինյանի հրաշագեղ ու դյութիչ ձայնով: Երեկոն սկսվեց “Մեր մեծերը” տեսաֆիլմով: Արվեստասեր հասարակությունն ունկնդրեց դասական և ժամանակակից քնարերգության գոհարներ: Միջոցառումն ուղեկցվեց անընդմեջ լսվող ծափահարություններով, խորին հիացմունքով ու հաճելի զգացողություններով:
Մանուշակ Շիրինյանն իր լուսավոր հայացքով ու ինքնատիպ կատարողականությամբ հանդիսատեսին ուղեկցեց հայ պոեզիայի ամենահաճելի արահետով: Իսկապես հրաշալի ու դիպուկ խորագիր էր ընտրված գրական–երաժշտական երեկոյի համար՝ “Պոեզիայի արահետներով”, որ լիովին համահունչ էր անզուգական արվեստագետից ստացած հաճելի տպավորություններին: Միշտ չէ, որ կարող ենք նման իրողության ականատեսը դառնալ: Լեփ-լեցուն դահլիճ, անսպառ ծափահարություններ ու հիացմունք…, և գեղեցիկ ու ինքնատիպ ասմունքող, որն անմիջապես, առաջին իսկ խոսքից շաղկապում է ունկնդիրների ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ գեղեցիկ կապ ստեղծելով արվեստասերի ու բեմի միջև: Արվեստագետ, որն իր մեջ անսպառ լույս, ջերմություն, հմայք ու գեղեցկություն է կրում, դեռ ավելին՝ կարողանում է այդ ամենը փոխանցել իր հանդիսատեսին ամենայն քնքշությամբ, մեծ հաճույքով: Վսեմ հիացմունքի արժանի գործ, որն անպայմանորեն պետք է շարունակություն ունենա:
Մանուշակ Շիրինյանն արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավել է նաև 2010 թվականին հրատարակած իր “Հուշերի արահետներով” գրքով: Վերջինս մեր մեծերի կենսագրության, փորձի ու գործի մասունքներից կազմված մի զարմանահրաշ աշխարհ է, որով անմիջնորդ անցնում է ընթերցողը` լիարժեք վերապրելով հերոսների երկրային կյանքն ու նրանց զգացումների ողջ շղթան: “Հուշերի արահետներով” գիրքը դեպի ընթերցողի սիրտն ընթացող մի բարի ու հաճելի ճանապարհ է:
Մեծ բախտավորություն է ժամանակի առջև համր չլինելը, հանճարների խոսքը լսելը, այդ խոսքով առաջնորդվելը և այդ խոսքի համար նոր ուղիներ բացելը։ Մանուշակ Շիրինյանն ունի այդ բախտավորությունը և մշտապես երախտագիտությամբ ու երբեք չմարող սիրով է այդ խոսքը պոեզիայի միջոցով հասցնում ունկնդրին։
Բանասիրական գիտությունների թեկնածու
ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ