«Երևանյան ամառ 2016». կայացել է «Mix Battle Fest 2016» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Mix Battle Fest 2016» փառատոնը: Պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանող մարզական փառատոնը, այսպես ասած, փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով ներկաների ուշադրությունն այս կամ այն մարզաձևին հրավիրելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին և ունկնդիրներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում էլ են մեծ տարածում ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2016»-ը այս տարի ընդգրկվել է նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում:

Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բակային տարածքներում մանկական խաղերին զուգահեռ տեղադրվող մարզասարքերը նույնպես բակային մարզաձևերը տարածելուն են միտված: Նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ մասնակիցներ ապահոված «Mix Battle Fest 2016» փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Ցուցադրական լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով:




Լրահոս