Ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որպեսզի Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ներկայացներ ընթացքը. լռեցնելը լուծում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ իշխանական քարոզչության ստվերային գործակալներն աջ ու ձախ մրոտում են բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք համարձակվել են ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից հետո Հայաստանի պաշտոնյաներից պարզաբանումներ պահանջել:

Խնդրի էությունը հետեւյան է. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից երկու օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը բանակցությունների վերաբերյալ ասել էր. «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»: Այս հայտարարությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ, բնականաբար, տեղադրեցին՝ անմիջապես մեկնաբանւթյուն խնդրելով նաեւ ՀՀ նախագահի նստավայրից եւ ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի ուշ «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։ Այսինքն՝ Նալբանդյանը տարածքների հանձնումը չի բացառում, պարզապես որպես նախապայման առաջ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ի դեպ, տվյալ դեպքում խոսքը ոչ թե անկախության, այլ ընդամենն անկանխանալու հնարավորությունը չբացառելու մասին է:

Ինչեւէ, վերը նշված կարծիքների հնչելուց երկու օր անց Իլհամ Ալիեւը ավելի կոնկրետացրեց իրենց մոտեցումը ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, նա մասնավորապես ասել էր. «Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանի պատմական հողերի վրա Լեռնային Ղարաբաղը երբեք ձեռք չի բերի անկախություն, երբեք չի ստեղծվի հայկական երկրորդ պետականություն։ Սա գլխավոր հարցն է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է։ Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրվել … բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Այս խոսքերից հետո իշխանական քարոզիչներն ավելի մեծ թափով սկսեցին հարձակվել հայկական լրատվամիջոցների վրա: Ըստ նրանց տրամաբանության՝ թշնամու կողմից արված բոլոր հայտարարությունները պետք է անտեսվեն, չնկատվեն, մենք պետք է լռենք: Փորձ է արվում Ադրբեջանի քարոզչական եւ քաղաքական հայտարարությունները նույնականացնել: Իսկ ամենավատն այն է, որ ԼՂՀ խնդրի բանակցությունների ընթացքի մասին հայ հանրությունը տեղեկություններ ստանալու հնարավորություն է ստանում միայն թշնամու հայտարարություններից հետո:

Ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որպեսզի նա Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ինչ-որ տարբերակով հանրությանը իրազեկեր բանակցությունների ընթացքի մասին: Այն, որ կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող խնդիրների առնչությամբ հանրության կարծիքը իշխանությունների համար զրոյական արժեք ունի, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ԼՂՀ խնդիրը այն միակ հարցն է, որի դեպքում առանց հանրային աջակցության Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն կարող որեւէ փաստաթուղթ ստորագրել: Լավ, արհամարհում եք ձեր հանրությանը եւ գտնում եք, որ կարիք չկա ինչ-որ բանի մասին տեղեկացնել, բայց թշնամին պնդում է, որ հայկական կողմը զիջումների գնալուց չի հրաժարվել եւ նման քայլի գնալու պատրաստակամություն է հայտնել: Գոնե այդքանից հետո բարի եղեք կոնկրետ փաստերով հերքմամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում, այսպես կոչված, Կազանյան փաստաթղթի մասին ասել էր. «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը:

Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից եւ պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր»:

Նկատեցիք՝ նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը հետեւյալ կերպ էր ներկայացրել. «Որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որ նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլեւս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները»: Ալիեւը փաստացի ասել էր նաեւ, որ դեմ է հրադադարի խախտման հետաքննության համակարգերի ստեղծմանը, այլ կերպ ասած՝ հայկական կողմի նախապայմանը չի ընդունում:

Նույնիսկ այս հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը եւ իր շրջապատը չեն համարձակվում բաց տեքստով ասել՝ եթե իրենց առաջ քաշած նախապայմանները չեն ընդունվում եւ կյանքի չեն կոչվում, ապա ինչու են իրենք բանակցությունները վերսկսում ու ավելին՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ քննարկումներ սկսում: Թե դա էլ ադրբեջանամետ քարոզչություն «կընկալվի»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս