Նոր մանրամասներ Սէֆիլյանի գործով կալանավորվածների մասին. գործը «սարքված» է ծայրեծայր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ հունիսի 20-ին ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Ժողովուրդ»-ին այս գործով անցնող անձանց գործունեությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության պատմությունը սկիզբ է առել 2016թ. մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղ ունեցած ավտովթարից: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն:

\Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ թե ով է այն մեկը, որը ազատությա մեջ է, հայտնի չէ. թերեւս նա «բացահայտման» օժանդակո՞ղն է. սովորաբար նման մարդկանց են իրավապահները գթասրտորեն ազատություն շնորհում:
Ինչեւէ, պաշտոնական վարկածի համաձայն՝ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք:

Նկատենք, որ Սէֆիլյանի ձերբակալությունից անցել է մեկ շաբաթ, սակայն ՀՀ քննչական կոմիտեն մինչ օրս չի հայտարարում, թե ովքեր են այս գործով կալանավորվածները, որտեղից են ձեռք բերել զինամթերքը, ում միջոցով կամ ինչքան գումարի դիմաց: Ի վերջո, ո՞ւմ են իրականում պատկանել այդ զենքերը, որոնք հետագայում, ինչպես վստահեցնում է ՀՀ քննչական կոմիտեն, հայտնաբերվել են այս գործով անցնող անձանց մոտ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին, երբ Ազգային Անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշում վնասազերծեց հանցավոր խումբ, ԱԱԾ-ն դեպքից կարճ ժամանակ անց, հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչ կոնկերտ քայլեր պետք է աներ խումբը, հրապարակվեց գործով կալանավորված անձանց ինքնությունը՝ անգամ տեսանյութով: Այդպես ԱԱԾ-ն փորձեց հնարավորինս համոզիչ դարձնել հանցախմբի գործողությունների լրջությունը, այլ հարց է, թե հասարակական ինչ ընկալում եղավ: Բայց փաստ է, որ Սէֆիլյանի գործով ՀՀ քննչական կոմիտեն «ձկան նման լուռ» է, որը բազում կասկածների տեղիք է տալիս:

«Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ժիրայր Սէֆիլյանինց բացի՝ այս գործով կալանքի տակ են գտնվում Երեւան քաղաքի բնակիչներ` 36-ամյա Ներսես Պողոսյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը, իսկ, ահա, Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանը գտնվում է հետախուզման մեջ, նա դեռ հայտնաբերված չէ:

artur-movsisyan-hetaxuzvox
Արթուր Մովսիսյան

Իսկ ինչով են այս անձինք աչքի ընկել, ինչով են զբաղվել եւ, առհասարակ, քաղաքական ինչ հետաքրքրություն են ցուցաբերել, որ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Եվ այսպես՝ Արթուր Մովսիսյանը, որը այս օրերին իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, ակտիվ կերպով մասնակցել է մի շարք բողոքի ակցիաների եւ համացանցում կոպիտ հայտարարություններ է արել գործող իշխանությունների հասցեին, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ: «Մենք մեր երեխեքին հայրենիք են պարտք, ու ասեմ, որ այդ հայրենիքի վրա տոկոսը ֆռում է, ոնց եք անելու: Համազգային մոբիլիզացիա եւ հեղափոխության սկիզբը կհայտարարենք մենք: Ընդամենը մեկ անգամ եւ իրական: Աշխարհը, միջազգային հանրությունը մեզ լուրջ չեն ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք հանցավոր ռեժիմին: Մեզ պետք է առաջնորդի միայն ու միայն ազգային շահը: Թքած պետք է ունենանք այն բոլորի ու նրանց կարծիքների վրա, որոնք իրենց շահն են հետապնդում այս պատերազմում: Հեղափոխություն չի նշանակում քաղաքացիական պատերազմ, բայց նաեւ խաղաղ եւ անարյուն չի լինում»,- ահա, այսպիսի կոչով է հանդես եկել Արթուր Մովսիսյանը ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում:

Ինչպես պարզեցինք՝ Արթուր Մովսիսյանից բացի՝ իշխանությունների մասին տարաբնույթ բացասական հայտարարություններ է արել նաեւ այս գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանը. «Առանց որեւէ ցնցումի, առանց քաղաքացիական պատերազմի վտանգի, հանգիստ, սառնասիրտ, վերացնել, սատկացնել բոլոր տեսակի դավաճաններին ու երկրի հարստությունը քամողներին, ու ամեն ինչ ժամանակի ընթացքում տեղը կընկնի: Պարզ լուծում: Արտաքին պատերազմի վտանգի պայմաններում սա է միակ տարբերակը, ուրիշ լուծում չկա, եւ նրանք, ովքեր չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, կա՛մ անհուսալի երդվյալ միամիտներ են, կա՛մ էլ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ: Այ տրյապկեք, որ ձեզ էսքան ժամանակ չենք սատկացրել ու ձեր կարողությունները չենք վառել, դա միայն ու միայն Արցախի վերահաս պատերազմի հետեւանքները հաշվի առնելով: Ու հիմա, երբ արդեն ձեր մաշկին եք զգում պատերազմի շունչը, հիմա դուք զինվորի մայրերից ավելի շատ պիտի աղոթեք մեր զինվորների համար, որովհետեւ պատերազմն արդեն սկսվում է, եւ տարածքի ցանկացած կորուստ ավելի է մաշեցնելու ձեր էժան կյանքի թելը»:

Ներսես Պողոսյան
Ներսես ողՊոսյան

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընկերը՝ Սերգեյ Դարբինյանը, վստահեցրեց, որ Ներսեսը զենքի հետ որեւէ առնչություն չէր կարող ունենալ, նրան առաջադրված մեղադրանքն անհիմն է, նա շինարար էր, ոչ թե «տեռորիստ». «Ներսեսին Սէֆիլյանի համար չէ, որ բռնել են, այլ նրա, որ շատ էր ակտիվ ֆեյսբուքում. Կառավարությանը քննադատում էր, ակցիաներին ակտիվ մասնակցում էր: Ես չեմ հավատում, որ նա զենքի վաճառքի հետ որեւէ կապ կարար ունենար: Սա վրեժ էր, ու ոչ թե զենքի առք ու վաճառք»: Ըստ Սերգեյ Դարբինյանի՝ Ներսեսը երեք երեխաների հայր է, վերջին շրջանում աշխատանք էր փնտրում. «Վերանորոգման աշխատանքներով էր զբաղվում, եթե ինքը զբաղվեր զենքի առք ու վաճառքով, ես ստեղից 50 ռուբլի չէի փոխանցի իրա հաշվին, որ զանգեր»:

Անդրադառնալով Ներսես Պողոսյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի հետ կապին՝ Դարբինյանը նշեց, որ Ներսեսը մի քանի անգամ ասել է, որ հիասթափվել է Սէֆիլյանից. «Դեկտեմբերի 6-ից սկսած` Ներսեսը դուրս էր եկել Սէֆիլյանի հեղափոխություն անցկացնելու ծրագրից: Ասում էր` հոգնել եմ, Սէֆիլյանը խաբեց մարդկանց, հիասթափվել էր նրանից: Նա ժամանակ չուներ ակցիաների գնալու, հետո ասեց, որ չի ուզում խառնվի Սէֆիլյանի գործերին, բայց իրա ասածը չարեց»:
Այսպիսով՝ Ժիրայր Սէֆիլյանի գործով անցնող 9 անձանցից 4-ի ինքնությունը մեզ հայտնի է. ինքը՝ Սէֆիլյանը, Ներսեսը, Արթուրը, Հովհաննեսը: Նրանք բոորն էլ ՀՀ ակտիվ քաղաքացիներ են, դժգոհ գործող իշխանություններից, ու նրանցից յուրաքանչյուրը իր երազած երկիրը կառուցելու սեփական տեսլականն ուներ: Բայց բոլորը որպես «հանցախմբի անդամներ» են անցնում, ինչը ավելի է խորացնում կասկածներն այն մասին, որ Սէֆիլյանի գործը «սարքված» է ծայրեծայր:

Հ. Գ. Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ ՍԷֆիլյանի նկատմամբ հարուցվել է եւս մեկ քրեական գործ ՀՀ քր.օրենսգրքի 35-225 հոդվածի հատկանիշներով, ինչի նախաքննությունը մինչ օրս, մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, դեռ շարունակվում է: Ստացվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում միանգամից երկու քրգործ կա մեկ անձի դեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս