Ով է Արմեն Գևորգյանը և ինչու կրկին պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունվարի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար, որի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր:

Նրա` փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից հեռանալու մասին պարզ դարձավ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ Գևորգյանը տեղափոխվում է այլ աշխատանքի` մասնավոր սեկտոր: Եվ ահա այդքան ժամանակ անց նա կրկին անգամ պաշտոն է ստանում:

Ով է Արմեն Գևորգյանը

Նրա կարիերան կապվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և վերջինիս պաշտոնավարման տարիներին միշտ նրա կողքին տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Գևորգյանը եղել է նրա առաջին օգնականը, ապա աշխատակազմի ղեկավարը:  2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, Արմեն Գեւորգյանը նշանակվեց փոխվարչապետ:

2007 թ. հունիսից մինչեւ 2008 թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխվարչապետ։

Հենց նրա հեռացումից հետո տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միացվեցին և Արմեն Երիցյանն էլ դարձավ <սուպեր> նախարար: Սակայն այս փոփոխության կյանքն էլ երկար չտևեց և արդեն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետևանքով միացված նախարարությունը տարանջատվեց` դաշնակցությանը պորտֆել տալու նպատակով:

Նորանշանակ ԱԱԽ քարտուղարի ունեցվածքը

Արմեն Գեւորգյանը գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում նշել է մեկ բնակարան և երկու հողամաս: Նրա դրամական միջոցը կազմել է 11 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 5 մլն 74 հազար դրամ, որը նա որպես աշխատավարձ ստացել է այս տարվա անցած 5 ամիսներին, 5 մլն 879 հազար դրամի եկամուտ էլ նա 2016-ի հինգ ամիսներին վաստակել է որպես փոխառությունների տոկոսավճար: Ի դեպ, նրա հանձնած փոխառությունները կազմել են 350 հազար դոլար:

Հավելենք, որ նրա հեռանալու և վերադարձի մասին այդպես էլ հաստատված որևէ հստակ տեղեկություն չի եղել: Ինքը`Արմեն Գևորգյանը ևս մինչև այժմ էլ անկեղծորեն չի խոստովանել, թե ինչու հեռացավ և ինչու կրկին վերադառնում են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս