Ինչպես հայտնի է , ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ստեղծում է նոր կուսակցություն, որի անդրանիկ համագումարը կկայանա հուլիսի 3-ին:
Կուսակցությանն անդամագրվածների մասին տվյալներ դեռ հայտնի չեն, սակայն անդամներից մեկի մասին տեղեկություններ արդեն կան: Խոսքը դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մասին է:
ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ կուսակցությանը միանալու մտահղացումն առաջացել է մշակութային ծրագրերին ծանոթանալուց հետո. «Ինձ ոգևորեց կուսակցության նոր խոսքը: Միանալուն նպաստել է իմ և պարոն Բաբայանի ընկերական փոխհարաբերությունը: Այս կուսակցության միջոցով ցանկություն ունեմ կանգնել իշխանությունների կողքին, օգնել նրանց, բացել նրանց աչքերը, որովհետև շատ-շատ դեպքերում նրանք ճշմարտությունից շատ հեռու են գտնվում: Ցանկությունս է` ոչ թե լինել ընդդիմադիր և գործել դրսից, այլ ներսից գնալ փոփոխությունների: Ինձ համար առաջին իսկ փոփոխությունն այն կլինի, եթե ես կարողանամ Հայաստանի կաթվածահար մշակութային ոլորտում ինչ-ինչ բարեփոխումներ կատարել, կուսակցության միջոցով կարողանամ հասնել նրան, որ թատրոնը վերջապես ունենա իր օրենքը և գործի օրենքի դաշտում»,- մեզ հետ զրույցում հայտնեց դերասանուհին: