Ղարաբաղյան հակամարտության թեման «լռության կարիք ունի», երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով. – «Այժմ դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»:
Ռդ ներկայացուցչի այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ: Վերջինս Զախարովայի հայտարարությունը դրական համարեց. «Շատ լավ է արել Զախարովան, որ նման բան է հայտարարել, և, անկեղծ ասած, զարմանում եմ, որ դա բարձրաձայն է ասել: Դա նախևառաջ ուղերձ է Ադրբեջանին, որ եռակողմ, ինչպես անգլերենով են ասում, «փոքրիկ, գեղեցիկ, կեղտոտ» գաղտնիքը, չբացահայտեն և դրանով հայկական կողմում բողոքի ալիք չբարձրացնեն»:
Ըստ քաղաքագետի` հայկական կողմում դիվանագիտության ռահվիրաները տարիներ շարունակ պնդում և ուղեղներ են լվանում, թե դիվանագիտությունը նախևառաջ գաղտնիքի արվեստ է, բայց այդ մարդիկ իրենց շփոթում են լրտեսների հետ, իսկ իրենց հիմնարկը՝ այլ հաստատությունների: «Դա մի հավաստի թվացող միֆ է, որի միայն մի փոքր տոկոսն է ճշմարիտ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Չի կարող ազգային կարևորագույն հարցը լինել գաղտնի բանակցությունների առարկա: Գաղտնի – ինչու՞: Որպեսզի մարդիկ չհասկանա՞ն, չհասցնե՞ն հասկանալ կամ էլ արձագանքել մի բանի, որ հաստատ իրենց դուր չի գալու: Ըստ տրամաբանության՝ իշխանությանը քվե և մանդատ է տալիս ժողովուրդը, և ժողովրդի ու պետության անունից ազգի և երկրի համար ճակատագրական բանակցություններ վարելու պայմաններում իշխանությունն ու պետությունը պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել այդ նույն ժողովրդին, եթե, իհարկե, խոսքը կարճաժամկետ ինչ-որ գործընթացի մասին չէ»:
Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ` Արցախյան խնդիրը երկարաժամկետ, հավերժական և հարատև հիմնախնդիր է. «Ինչպե՞ս կարելի է մեկի ճակատագիրը որոշել գաղտնի՝ լռության պայմաններում: Դրանից հիմարացնող և անմաքուր հոտ է գալիս, որ նաև անչափ վտանգավոր երևույթ է: Գերգաղտնի պահվում են միայն դավերն ու դավադրությունները: Եվ այս առումով պետք է գնահատել Զախարովայի անկեղծությունը, որն իր գաղտնիության կոչով ևս մեկ խիստ բացահայտող հայտարարություն է արել»:
Լիդա Եղիազարյան