«ԿԱԶԻՆՈՆ»՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած Սերժ Սարգսյանին երեկ բավական տհաճ անակնկալներ էին սպասվում: Ընդ որում, նման իրավիճակ Ֆրանսիայում առաջին անգամը չէ:
Նախ` ԵԽԽՎ շենքի մոտ Սերժ Սարգսյանի այցի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել տեղի հայ բնակչության մի մասը: Ողջ ընթացքում, երբ Ս. Սարգսյանը գտնվել է ԵԽԽՎ շենքում, բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» եւ այսպես շարունակ: Իսկ մարտի 1-ի դեպքերին մասնակցելու համար ժամանակին դատապարտված, մեկ աչքից կուրացած, այսօր Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանը հենց ԵԽԽՎ շենքի մոտ հացադուլ է հայտարարել` պահանջելով, որ Ս. Սարգսյանը հանդիպի իրենց ու բացատրություններ տա ՀՀ-ում ընտրությունները կեղծելու համար: Այդ բողոքի ակցիաների պատճառով երեկ ԵԽԽՎ շենքի մոտ հայտարարված է եղել արտակարգ դրություն. աննախադեպ քանակի ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ են բերվել (թեեւ, դատելով մարդկանց թվից, ամենեւին էլ դրա կարիքը չկար): Մի փաստ, որը պարզապես զարմացրել է եվրոպացի պատգամավորներին: Բողոքի ակցիայի պատճառով Ս. Սարգսյանը ԵԽԽՎ շենք մտել է հետնամուտքով: Հատկանշական է, որ ԵԽԽՎ դահլիճում նստած պատգամավորները ո՛չ Ս. Սարգսյանի մտնելու, ո՛չ էլ դահլիճը լքելու ժամանակ ծափահարություններով չեն ողջունել նրան, ինչը սովորաբար անում են, եթե դրական վերաբերմունք են ցանկանում ցույց տալ ելույթ ունեցող պաշտոնյաների նկատմամբ: Ասել է թե՝ պարզապես արհամարհել են նրան:
Հաջորդ տհաճ միջադեպը եղել է հարցուպատասխանի ժամանակ. ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նախ նշել է, որ Ս. Սարգսյանը նախագահի պաշտոնին հայտնվել է ոչ թե ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության` կեղծիքի արդյունքում, այնուհետեւ հարցրել է` արդյոք Սարգսյանը վերջերս եղել է Եվրոպայում, խաղացել ու խոշոր գումար` մոտ 70 մլն եվրո տանուլ տվել «կազինոյում», եւ ով է վճարել այդ գումարը: Ս. Սարգսյանը, բնականաբար, հերքել է խաղատանը լինելու մասին լուրը` ասելով, թե դրանք Փոստանջյանի երեւակայության հերթական արդյունքն են. «Ես չեմ եղել կազինոյում, ես չեմ խաղում կազինոյում, ցավոք սրտի, 70 մլն-ի չեմ տիրապետում, եւ եթե ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի Դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»:
Այս միջադեպը երեկ պարզապես զայրացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք խոսքեր չէին խնայում Փոստանջյանի հասցեին արտահայտվելու համար: Էդուարդ Շարմազանովը դա որակել է նողկալի արարք, Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը Ս. Սարգսյանի փոխարեն «յոթհարկանի» պատասխան կտար, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին է անդրադարձել այդ միջադեպին` ասելով, որ Փոստանջյանը փորձում է հավակնել Հերոստրատի դափնիներին: Միայն թե ուշագրավն այն է, որ Զ. Փոստանջյանին այդ հարցը հնչեցնելու հնարավորություն տվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ասել է թե՝ տեղի ունեցածի մեջ խառն է նաեւ ՀՀԿ-ականների «մատը» (ըստ լուրերի՝ Ա. Հովհաննիսյանն այդ քայլին է գնացել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական ղեկավար Դավիթ Հարությունյանի ցուցումով): Բանն այն է, որ Զ. Փոստանջյանը հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ է, ու որպեսզի հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Եվ ահա զիջողն էլ եղել է ՀՀԿ-ականը:
Վարկած կա, որ Փոստանջյանի այս հարցն Արեւմուտքի պատասխանն է Ս. Սարգսյանին ՌԴ-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշման համար: Ինչպես հայտնի է, «Ժառանգություն»-ն արեւմտամետ կուսակցություն է, եւ ահա Արեւմուտքը փորձել է օգտագործել Փոստանջյանի հնարավորությունները:
Սակայն կա նաեւ մեկ այլ վարկած. այս «սկանդալային» հարցուպատասխանը կազմակերպվել է իշխանությունների կողմից: Նրանք ինֆորմացիա են ունեցել, որ ԵԽԽՎ օտարերկրացի պատգամավորներից մեկը ցանկանում է խաղատանը տանուլ տալու մասին հարց տալ Ս. Սարգսյանին: Ու որպեսզի այդ հարցը չհնչի եվրոպացիների կողմից, որոշվել է առաջ մղել Զ. Փոստանջյանին. նախ` նա բնավորությամբ անկանխատեսելի է, եւ երկրորդ` ներկայացնում է այն կուսակցությունը, որի առաջնորդը, պաշտոնական տվյալներով, նախագահական ընտրություններում պարտվել է Ս. Սարգսյանին: Բացի այդ՝ այսպիսով փորձ է արվել ցույց տալ, թե ինչքան հանդուրժող է Ս. Սարգսյանը: Պատահական չէ, որ անձամբ Արփինե Հովհաննիսյանն այդպես էլ որեւէ մեկնաբանություն չի տվել կատարվածի կապակցությամբ, ընդհակառակը, «Ֆեյսբուք»-ի իր էջում բոլորովին այլ բովանդակության մեկնաբանություն է թողել, թե ինքը հպարտ է Ս. Սարգսյանի ստրասբուրգյան ելույթով:
Ի դեպ, ավելի ուշ Զ. Փոստանջյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել Սերժ Սարգսյանին. ԵԽԽՎ-ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս