ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-Ի ՆՈՐ ԿԱՊ-Ը
Ամառային արձակուրդների ընթացքում փոխվել է ՀՀ ԱԺ-ին ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունը: ԱԺ-ն եւս սկսել է օգտվել «Յուքոմ» ընկերությունից, եւ խորհրդարանի հեռախոսահամարների մեծամասնությունը սկսվում է «011»-ով: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք այդ ընկերության ծառայություններից են օգտվում, քանի որ այն ֆինանսապես ավելի արդյունավետ է: Նկատենք, սակայն, որ, բացի ԱԺ-ից, «Յուքոմ»-ից են օգտվում նաեւ մյուս պետական գերատեսչությունները: Իսկ դա նշանակում է, որ պետական մակարդակով խնդիր է դրված զարկ տալ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բիզնեսին. ինչպես հայտնի է, «Յուքոմ»-ը պատկանում է նրա ընտանիքին:

ԱԼԻՔԱՁԵՎ ՍՓՌՈՑՈՎ
Նախագահականը վերջերս մոտ 5.5 մլն դրամ է ծախսել միայն ճաշկերույթի կազմակերպման պարագաներ գնելու համար: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, այդ գնի նախագահականն այս տարվա օգոստոսին գնել է կտորից 200 հատ անձեռոցիկ, սեղանի 25 հատ ալիքաձեւ սփռոց, 30 հատ փոքր սփռոց, 2 հատ կլոր սփռոց, 155 հատ աթոռի սավան: Այդ ողջ գնումները նախագահականը կատարել է «Ֆիրմա Լիդա» ՍՊԸ-ից:

ԿՍՄԻԹՆԵՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ որոշել էր խորհրդարանում փայլել իր սրամտությամբ: Ամենայն հավանականությամբ, նա ազդվել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատություններից ու մինչ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի` կրթության ոլորտի մասին հարցին պատասխանելն ասաց. «Այսօր Ազգային ժողովում երեք պատգամավոր վարչապետին հարց տվեցին, եւ նրանցից մեկը հասցրեց նկարահանել իրեն»: Այսպես Աշոտյանն ակնարկում էր Նիկոլ Փաշինյանին, որը նախօրեին լուսանկարել էր գլխավոր դատախազի ընտրությունների իր քվեաթերթիկը` ապացուցելու համար, որ ինքը «դեմ» է քվեարկել: Աշոտյանի այս «հումորը» դուր չեկավ անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը սաստեց` պահանջելով միայն իրեն ուղղված հարցի մասին խոսել: «Կառավարության անդամներին խնդրում եմ օրենքը չխախտել: Մի՛ խանգարեք: Արդեն ոնց որ կոռեկտության սահմաններն անցնում են որոշ մարդիկ: Բնականոն գործունեությունը պետք է պահել, թույլ չեմ տա՝ որեւէ մեկը կանոնակարգ-օրենքը խախտի»,-ասաց Արգամիչը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր հերթին հակադարձեց Աշոտյանին` ասելով. «Կրթության նախարարն անկիրթ է, մանավանդ երբ չգիտի, թե երեկ այստեղ ինչ է տեղի ունեցել»:




Լրահոս