ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ՁՈՒԿ, ՄԻ ՄՈՒԿ…
«Հետք»-ն անդրադարձել է ձկնաբուծական բիզնեսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությանը: Ըստ պարբերականի` Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտներից գերիշխողը «Սագատի», «Սագատի Ֆիշ» եւ «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ներն են, որոնք գրավում են տվյալ շուկայի 80%-ը: «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Ըստ կայքի` Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաեւ Մխչյան գյուղում, եւ ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնտեսություններին, այլեւ վաճառքի է հանվում:

ՀԱՄԱՀՈՒՆՉ` ԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ
Ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի` աշխատավարձերի բարձրացման մասին հարցին՝ երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում ասել է, թե կառավարությունն արդեն հաստատել է փաթեթը, որը բյուջեի հետ միասին կներկայացվի, եւ դրանում ոչ միայն ամբողջ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ կարգաբերումն ու կարգավորումը: Ըստ նախարարի՝ հունվարի 1-ից կսկսվի աշխատավարձերի բարձրացման պրոցեսը փուլայնությամբ: Առաջին փուլով, այսինքն՝ տարեսկզբին, կբարձրանան բոլոր ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ հիմնական բարձրացումը կսկսվի ամռանը՝  «ամեն ինչ համահունչ է նախագահի նշած ժամկետներին»:

ՄԵԿ ՕՐ ՈՒՇ
«Ես բարձր եմ գնահատում Հայաստանի նախագահի առաջարկությունը: Շատերը մեր երկրում անհամբերությամբ են սպասել համաներմանը: Մենք ողջունում ենք այդ քայլը, որով պետությունը մարդասիրություն է ցուցաբերում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց կյանքի ընթացքում սայթաքել են: Համաներումը ելնում է մեր քրիստոնեական հավատից եւ արժեքային համակարգից»,-անդրադառնալով համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկին` երեկ ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, համաներման մասին ՀՀԿ նախագահի առաջարկությունն ԱԺ-ում քվեարկության կդրվի հոկտեմբերի 3-ին` նախատեսվածից մեկ օր ուշ: Նման խնդրանքով է դիմել ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանը` փաստաթուղթը լրացուցիչ քննարկելու նպատակով:




Լրահոս