ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
Այսօր «Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի բնակիչները հավաքվելու են Կիեւյան փողոցում գտնվող «Արցախբանկ»-ի մոտ: Պատճառն այն է, որ սեպտեմբերի 27-ի դատական նիստին ոչ միայն «Տոնուս»-ից ներկայացուցիչ չի եղել, այլեւ նշված բանկից, ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել հոկտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ի կողմից խաբված 160 բնակարանատերեր պայմանագիր էին կնքել ընկերության հետ: Նրանք վճարել էին գումար եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները, սակայն մինչեւ հիմա չեն ստացել: Նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: Խաբված բնակիչներից Զոյա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս հարցը չլուծվելու դեպքում բնակիչները մտադիր են նախագահականի մոտ բողոքի ակցիա անցկացնել:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
Սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները, ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի, արդեն երկու շաբաթ է, ինչ Հանրապետության հրապարակում նստացույց են անում: Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը խարդախության մեղադրանքով է ձերբակալվել: Եվ օրեր առաջ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ մինչ ձերբակալությունը պատրաստվում էր միանալ Նախախորհրդարանին: Նստացույցի մասնակից, ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը ե՛ւ մեր սոցիալական կարգավիճակի բարելավման, ե՛ւ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար»:
ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Աղմուկ հանած օֆշորի գործով Հայաստանից Կիպրոս մեկնած քննչական խումբը վերադարձել է, եւ առաջիկայում լրացուցիչ հարցաքննություններ են սպասվում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է գործարար Փայլակ Հայրապետյանը` հավելելով, որ այժմ սպասում են, որ Կիպրոսից բերված փաստաթղթերը թարգմանվեն: «Իրավաբանիս ասել են՝ թղթերը թարգմանելու են տվել, եւ որ այդ փաստերի բովանդակությունը նախաքննական գաղտնիք է»,-նշել է գործարարը: Իսկ հարցին, թե արդյոք այդ փաստաթղթերում հիմնավոր ապացույցներ կան, թե ոչ, նա արձագանքել է. «Եթե հիմնավոր չլիներ, հիմա ինձ կերել էին»: