ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԵՂԾԻՔ Է ՀԱՄԱՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊՆԴՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի գաղտնազերծած հերթական փաստաթուղթը վերաբերում է ՀՀ ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանին: ԱՄՆ Պետդեպին ուղարկված հաղորդման հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է, որը փոխանցում է նախկին նախագահի հետ հանդիպման մանրամասները եւ տեղ-տեղ հանդես գալիս սեփական մեկնաբանություններով: Վերոհիշյալ երկու անձանց հանդիպումը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 8-ին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Կողմերը մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը եւ դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարեցրել էր այդ ծրագրի իրականացումը՝ կապված 2008թ. հետընտրական ողբերգական իրադարձությունների հետ: Արդ, ծրագրի նշանակությունը քննելիս Ռ. Քոչարյանը ծաղրական տոնով այն անվանել է «երբեւէ եղած ամենամեծ բլեֆներից մեկը»: Նա պնդել է, թե ծրագրի մեկնարկի ժամանակ բազմիցս քննարկվել է դրա օգտակարության հարցը, այնուամենայնիվ, «ի վերջո, այն մեզ ոչինչ չի տվել. մենք չպետք է ստենք այդ հարցում»: Դժգոհելով ծրագրի օգտակարությունից եւ արտահայտելով իր բացասական վերաբերմունքը՝ Քոչարյանը հավելել է, թե ՀՄ-ի հատկացրած միջոցներից իր նախագահության օրոք ոչ մի ցենտ չի ծախսվել: Հատկանշական է, որ Քոչարյանի տվյալ մեկնաբանությունը նկատելիորեն ազդել է Մ. Յովանովիչի վրա, որը փաստաթղթի շրջանակներում հնչեցրած իր մեկնաբանության մեջ արձանագրել է. «Քոչարյանի պնդումը կեղծիք է: Ծրագրի իրականացման շուրջ պայմանագիրը կնքվել է 2006թ., վերջին եւ առաջին ֆինանսավորումը եղել է, ու գումարները ծախսվել են արդեն 2008թ. ապրիլին՝ Քոչարյանի՝ պաշտոնից հեռանալու ժամանակ»: Հետաքրքիր է, թե ինչու է Քոչարյանը դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսում ստելու անթույլատրելիության մասին ու ինքն էլ, ըստ Յովանովիչի,  ստում՝ շատ լավ իմանալով, որ տվյալ խնդրում ամերիկացիներն իրենից հաստատապես ավելի տեղեկացված են: Իսկ միգուցե Քոչարյանը ճիշտ է ասում, եւ իրեն այդ գումարներից չի՞ հասել: Հետաքրքիր է, ո՞վ է տնօրինել այդ ֆինանսական միջոցները, որ Քոչարյանին դրանցից «ատկատներ» չեն հասել: Վերջինս արձանագրում է, որ ինքը երբեք էլ չի հավատացել ծրագրի արդյունավետությանը, քանզի «դրա նպատակը եւ գործողության մեջ դնելու ձեւը չեն համընկել ու տարբեր ուղղվածություններ են ունեցել»: Ի դեպ, այստեղ արժե հիշել, թե ծրագրի սկզբում որքա՜ն երջանիկ էին ՀՀ իշխանությունները եւ ինչպես էին հպարտանում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր մակարդակով ու վերամբարձ ճառեր ձոնում ՀՄ-ին:
Ինչեւէ: Քննարկման ընթացքում դեսպանը Քոչարյանին առաջարկել է միասին այցելել ՀՄ-ի տրամադրած միջոցներով իրականացվող աշխատանքային գոտիներ՝ համոզվելու ծրագրի արդյունավետության մեջ: Գաղտնազերծված փաստաթուղթը հայտնում է, որ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ծրագրի օգտակարությունը ու, փաստորեն, Քոչարյանին ապացուցել վերջինիս խոսքերի անարժանահավատությունը:
Շարունակելով քննարկումը ՀՄ-ի շուրջ՝ Քոչարյանը բարկացել է. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Միացյալ Նահանգներն ուզում սառեցնել ֆինանսական հոսքերը հատկապես տենդերի շնորհման գործընթացից հետո, ճանապարհների բարեկարգման ուղղությամբ երեք ամիս կատարված աշխատանքներից հետո: Ի վերջո, ինչո՞ւ պետք է մեր իշխանությունները ծախսեն սեփական ֆինանսական ֆոնդերը ճանապարհաշինության այդ աշխատանքները ավարտելու համար»: Հավանաբար էքս-նախագահի համար իրոք զարմանալի է, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը գումարներ ծախսի սեփական երկրի ճանապարհների բարեկարգման վրա, երբ դրա համար գոյություն ունեն տարաբնույթ միջազգային կազմակերպություններ, որոնց «հեշտությամբ կարելի է քցել»:
Այնուհետեւ Քոչարյանը դժգոհել է, թե «մենք կարծես գերի ենք դարձել», եւ կրկին անվանարկել ՀՄ-ն՝ այն անվանելով «ոչ ավելին, քան սովորական ակումբ»: Դեսպանը հարկադրված է եղել նախկին նախագահին հիշեցնել, որ ՀՄ-ն ոչ թե ծուղակ Է, այլ պարզ հնարավորություն երկրի զարգացմանը նպաստելու համար, եւ «այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2008թ.՝ տապալված ընտրություններ, բռնարարքներ եւ այլն, չէր կարող կանխատեսվել ծրագրի սկսման պահին»:
Ռ. Քոչարյանի համոզմամբ՝ նման մոտեցումները երկկողմանի հարաբերություններում կարող են խնդիրներ առաջացնել: Նա շարունակել է պնդել, որ «ՀՄ-ն չպետք է քաղաքականացնի մեր ընտրությունները, իսկ ԱՄՆ-ը չպետք է ճնշումներ բանեցնի»: Հետաքրքիր է, Քոչարյանն ինչպե՞ս է պատկերացնում ընտրությունները չքաղաքականացնելու իր այդ թեզը եւ ինչո՞ւ է զարմանում այն հանգամանքի վրա, որ ամերիկացիները ճնշումներ են գործադրում ՀՀ իշխանությունների կատարած ապօրինությունների առթիվ: Քոչարյանը կարծես սովոր է, որ օտարները պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն, ժպտան իր առաջ ու տոնախմբություններ անցկացնեն, բայց սեփական ապօրինությունները, բռնությունները եւ հանցանքները չքննեն ու չքննադատեն: Հավելենք, որ դեսպանն իր մեկնաբանության մեջ արձանագրել է. «Քոչարյանը երբեք էլ չի եղել ՀՄ ծրագրի ջատագով եւ միշտ էլ ցուցադրել է իր բացասական վերաբերմունքն այս խնդրի շուրջ: Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո նախկին նախագահը չի կարողանում մարսել այն փաստը, որ հավելյալ պայմաններ են հարկավոր Հայաստանին մատուցվող օգնության հատկացման համար»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս