ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿԱ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ ուշագրավ փաստ է բացահայտվել. վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ռուսական կողմի հետ դեռեւս ոչ մի պայմանագիր էլ չկա կնքված: Վարչապետն այս խոստովանությունն արել է այն բանից հետո, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրել է, թե ինչու հանրությանը չի ներկայացվում գազի սակագնի բարձրացման մասին ռուսական կողմի հետ կնքած պայմանագիրը, եւ որ ինքը եւս գրավոր դիմել է այդ պայմանագրի կրկնօրինակը ստանալու համար: «Պայմանագրերը դեռ ստորագրված չեն. մենք դեռ գտնվում ենք բանակցային փուլում: Ունենք պայմանագրերի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն»,-ասել է Տ. Սարգսյանը` խոստանալով պայմանագիրը ստորագրելուց հետո այն անպայման հրապարակել: Այս դեպքում, թերեւս, հարց է առաջանում. իսկ ի՞նչ սկզբունքով է ՀՀ-ում գազի սակագինը թանկացել: Բայց այդ հարցի պատասխանը Տ. Սարգսյանից պարզել հնարավոր չեղավ. նա վերջին ամիսներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո հրաժարվում է լրագրողների հետ ավանդական ճեպազրույցներից ու պաշտոնական մուտքով հենց ԱԺ դահլիճից «անհետանում»:
Երեկ նա անդրադարձել է նաեւ Մաքսային միության սահմաններում ապրանքների ազատ տեղաշարժին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ միության հետ. «Բոլոր երկրներում ճանաչվում են այն փաստաթղթերը, որոնք տրվում են Հայաստանի կողմից, եւ եթե ապրանքն այդ փաստաթղթերով հայտնվում է Մաքսային միության տարածքում` մաքսազերծման անհրաժեշտություն չի առաջանում»:

ԷԼԻ ԽՈՍՏԱՑԵԼ Է
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկը՝ Թոմիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ ստացել են իրենց անցյալ տարվա հուլիս ամսվա աշխատավարձը: Բացի այդ՝ աշխատակիցները հանդիպել են ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, իսկ վերջինս խոստացել է, որ մինչեւ տարեվերջ կտրվեն մյուս պարտք մնացած աշխատավարձերը: «Նախարարը խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի, մինչեւ տարեվերջ կլուծվի գործարանի հարցը: Ամենակարեւորը, որ գործարանն աշխատի, թե չէ բոլորին 2/3-ով նստեցրել են տանը»,-ներկայացրեց Թոմիկը: Իսկ մյուս աշխատակից Արմենը տեղեկացրեց, որ վերջին շրջանում իտալացիները հաճախ են գալիս գործարան:  Հիշեցնենք, որ 2007-ից «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: Դրանից առաջ այն կրկին պատկանում էր ռուսական ընկերություններին, իսկ վերջերս՝ այս տարվա մայիսին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հաստատեցին ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ «Ռոսնեֆտ»-ի կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերությունը կառավարության հետ բանակցություններ է վարում «Նաիրիտ»-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ:




Լրահոս