Վերջերս ադրբեջանական կայքերը լուրեր տարածեցին, թե վրացական եկեղեցին չի խրախուսում հայերի և վրացիների միջև ամուսնությունները:
ArmLur.am-ի հետ զրույցում տեր Եսայի քահանան ասաց, որ հստակ որևէ բան ասել չի կարող. «Ես ինքս էլ այդ մասին իմացա հրապարակումներից և հիմա հստակ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, սակայն, բացառեց այս հանգամանքը` ասելով, որ Ադրբեջանի կողմից հերթական բանսարկությունն է. «Նրանք հերթական բանսարկությունն են տարածում` փորձելով հայ-վրացական հարաբերությունները սրել: Վրացական եկեղեցին դժվար թե նման որոշում կայացներ, որովհետև միայն ես հազար դեպք գիտեմ հայ-վրացական խառն ամուսնությունների, և երբեք այդպիսի խնդիր առաջ չի եկել: Ես, իհարկե, բազմիցս քննադատել եմ Վրաստանի քաղաքականությունը` ուղղված հայ ազգային փոքրամասնություններին և դրա նկատմամբ սուր դրսևորումներին, սակայն ամուսնությունների մասով նման խնդիր երբևէ չի եղել»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը: