ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹ ՈՒ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում երեկ կայացան երկու հանդիպումներ: Գյումրիում «Շիրակ»-ն ընդունեց «Բանանց»-ին: Էդգար Մալաքյանի դուբլի շնորհիվ «Բանանց»-ը հաղթեց հյուրընկալվելիս եւ կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Պատասխան հանդիպումը կկայանա Երեւանում հոկտեմբերի 23-ին: Իսկ Ֆուտբոլի ակադեմիայում «Փյունիկ»-ն ընդունեց «Արարատ»-ին: Հանդիպումն ավարտվեց 1:1 Ընդ որում, ընդամենը հինգ օր առաջ մրցակիցներն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցել էին առաջնության 7-րդ տուրի խաղում, որում, հաղթելով 1:0 հաշվով, «Արարատ»-ը շրջանցել էր «Փյունիկ»-ին եւ ստանձնել միանձնյա առաջատարի դերը: Անշուշտ, գավաթային մրցավեճում «Փյունիկ»-ը ձգտելու էր ռեւանշի հասնել: Արարատցիներն էլ փորձելու էին հաջողության հասնել նաեւ գավաթի մրցաշարում: Գավաթի խաղարկություններում «Արարատ»-ի եւ «Փյունիկ»-ի ճանապարհները 7-րդ անգամ էին հատվում:
Երեկ կայացան նաեւ Չեմպիոնների լիգայի A-D խմբերի 2-րդ տուրի ութ հանդիպումները: Ահա դրանց արդյունքները. «Բայեր»-«Ռեալ Սոսյեդադ»` 2:1, «Շախտյոր»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1, «Ռեալ»-«Կոպենհագեն»` 4:0, «Յուվենթուս»-«Գալաթասարայ»՝ 2:2, ՊՍԺ-«Բենֆիկա»՝ 3:0, «Անդերլեխտ»-«Օլիմպիակոս»՝ 0:3, ԲԿՄԱ-«Վիկտորիա»՝ 3:2, «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա»՝ 1:3։

ԿԱՏԱՐՈՒՄԸ ՍՏԱՑԱՎ «ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄԸ
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնությունում Հայաստանի պատվիրակներ Հարություն Մերդինյանը եւ Վահագն Ստեփանյանը հանդես եկան նժույգ թափերում: Հարությունը գրավեց 9-րդ, Վահագնը՝ 13-րդ տեղը, իսկ դա, ցավոք, նշանակում է, որ, չմտնելով ուժեղագույն ութնյակ, նրանք չեն պայքարելու մեդալների համար։ Միայն եթե, ասենք, առաջին ութ տեղերն զբաղեցրած մարմնամարզիկներից մեկն ինչ-ինչ պատճառով չմասնակցի եզրափակիչ փուլին, նրա փոխարեն կարող է հանդես գալ Հարություն Մերդինյանը։ Դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ, բայց, ամեն դեպքում, մենք հպարտանալու տեղ ունենք։ Բանն այն է, որ Վահագն Ստեփանյանը նժույգ թափում մրցավարական հանձնախմբին ներկայացրեց իր ստեղծած նոր կապակցությունը. ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքերին, ապա հակադարձ խաչաձեւում: Երեւանցու կատարումն ուղեկցվեց բուռն ծափահարություններով, արժանացավ բարձր գնահատականի եւ ընդգրկվեց մարմնամարզական բարդ տարրերի ու կապակցությունների միջազգային անվանակարգում: Բնական է, հայկական կատարումը ստացավ «Ստեփանյան» անվանումը, իսկ Վահագնին էլ հանձնվեց հատուկ հավաստագիր:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից եւ աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանից հետո Վահագնը հայաստանցի չորրորդ մարմնամարզիկն է, ում անունը գրանցում ստացավ մարզաձեւի համաշխարհային անվանակոչության պատմագրքում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս