Արսեն Խոջոյանը ներկայացրել է անչափահասի սպանության մանրամասները. նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի հունիսի 27-ի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») մեղադրվող Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Աննա Մեջլումյանը, ով ներկա է եղել դռնփակ դատական նիստին:

Ա. Խոջոյանը կատարած արարքի համար ընդունում է իր մեղքը, ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, ուր դանակի 10-ից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան: Ա. Խոջոյանը արտաքինից հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում, սակայն 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը Ադրբեջանի տարածքում գտնվելն ազդել է նրա հոգեկան առողջության վրա:

Ադրբեջանից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ առաջիկայում նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կնշանակվի: Ա. Խոջոյանը ներկայումս գտնվում է Բերդի քննչական մեկուսարանում: Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի Ճակատի աղբյուր տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը: Հավելենք, որ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս