ՀԱՐՑ. Ես աշխատում եմ պետական կառույցում եւ ունեմ սոցփաթեթ: Բայց աշխատանքից դուրս գալու մտադրություն ունեմ: Ուզում եմ իմանալ, թե ինչ պայմաններ են կիրառվում այդ դեպքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցփաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ սոցփաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը: Օրինակ` եթե աշխատողի սոցփաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին, եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցփաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ՝ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցփաթեթից օգտվելու հնարավորություն ունեն ՀՀ պետական մարմինների եւ կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների աշխատակիցները: Մինչդեռ ցանկալի է` նման ծառայությունները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առանց բացառությունների: Ի դեպ, նման սոցփաթեթից օգտվելու կարիք ավելի շատ ունեն անապահով քաղաքացիները, քան պետական կառույցների աշխատակիցները: