ՀԱՐՑ. Եթե մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության հետ առաջանում են անհամաձայնություններ, ապա նման դեպքերում քաղաքացիներն ո՞ւմ կարող են դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում եւ հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով մերժման եզրակացություն: Դրանում հիմնավորվում են հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, եւ նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն մերժման եզրակացությունը ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղյակ պահել հայտարարատուին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ներկայացված է կարգը, բայց բոլորս էլ քաջ տեղյակ ենք, թե իրականում ինչ է տեղի ունենում վերին օղակներում, երբ որեւէ մեկը համարձակվում է պաշտպանել իր իսկ շահերը: