Ծրագրավորող, հաշվապահ, դերձակ. Գյումրի քաղաքում կայացել է աշխատանքի տոնավաճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 34 գործատու՝ 225 առկա և 643 սպասվելիք թափուր աշխատատեղերով:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ մարզի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու հնարավորություններ են ստեղծում, հատկապես՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:

Աշխատանքի տոնավաճառում գործատուներն հիմնականում ներկայացրել են ապահովագրական գործակալների, դերձակների, դիզայներների, ծրագրավորողների և հաշվապահների թափուր աշխատատեղեր:

Գյումրի քաղաքում 2016թ. հունիսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13382 անձ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 11189 անձ,կամ 99.1%-ը:

Տարեսկզբից Գյումրի քաղաքում զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի է տեղավորվել 370 աշխատանք փնտրող, որից 287-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս