“Հայ ազգային կոնգրես”-ի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ ՀՀ իշխանությունների որեւէ խոսքի չի կարելի հավատալ եւ վերապահումներով պետք է մոտենալ նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ եթե կառավարությունը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:
-Կառավարությունն իր ծրագրում խոստացել է 5-7 տոկոս տնտեսական աճ, այնինչ վերջին վիճակագրական տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.5 տոկոս է: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանգամանքը:
-Հայաստանի տնտեսության մեջ իրականում որեւէ աճ չկա, եւ դա պարզ էր վաղուց: Այդ 5-7-տոկոսանոց աճի մասին հայտարարություններն ընդամենն ընտրությունների ընթացքում ժողովրդի տրամադրությունները շեղելու եւ իրենց տնտեսական քաղաքականությունն արդարացնելու համար էին: Բայց կյանքը ցույց տվեց, որ իրենց տնտեսական քաղաքականությունը հակառակ էֆեկտն է տալիս: Եվ երբ դիտում ես ինֆլյացիան, ապա դա ավելի բարձր է, քան աշխատավարձի աճը: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ավելի վատ են ապրում, քան առաջ: Պետք է սեպտեմբերին հրապարակեին նաեւ աղքատության մակարդակի ցուցանիշները, բայց առ այսօր դա չեն անում: Հավանաբար ցուցանիշն այնքան վատ է, որ վախենում են հրապարակել: Վերջին տվյալներով՝ աղքատության ցուցանիշը մոտ 36 տոկոս էր, հիմա, կարծում եմ, ավելի վատ է: Իշխանությունները խոստումներ են տալիս, եւ իրենք էլ գիտեն, որ այդ խոստումներն անիրականանալի են:
-Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե կառավարությունը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ի՞նչ եք կարծում` նման բան կլինի՞, թե՞ ոչ:
-Ես լուրջ չեմ ընդունում այս իշխանությունների որեւէ հայտարարություն: Իսկ այս մեկնաբանություններն էլ տվեցի զուտ մասնագիտական առումով: Իշխանությունները մշտապես հակասում են իրենք իրենց: Վերցնենք, թեկուզ, Ս. Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարությունները: Մինչ այդ իրենք մեծ եռանդով գնում էին դեպի ԵՄ, հիմա նույն եռանդով գնում են ՄՄ: Հիմնավորումներ էին ներկայացնում, ընդ որում՝ հիմնականում անմակարդակ կերպով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, իրականությունը ցույց չտալով: Բայց այդ ամենն անում էին պարզապես իրենք իրենց արդարացնելու համար: Հիմա նույնը կարելի է ասել տնտեսական այդ ցուցանիշների մասին:
-Այսինքն, Ձեր կարծիքով, հրաժարական կամ որեւէ արմատական փոփոխություն չի՞ կարելի սպասել այս կառավարությունից:
-Միգուցե նման փոփոխության գնան: Բայց մենք որեւէ ակնկալիք չունենք, որ այդ անձերի փոփոխությունների արդյունքում իրավիճակի փոփոխություն կլինի: Նույն դատախազի նման. մի երեւույթին նմանատիպ մեկ այլ երեւույթով են փոխում…
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 630 համար